Ռուսաստանի՝ սուեզին այլընտրանք նախագիծը. ՀՀ-ն ինքնամեկուսացող երկիր

Ռուսաստանի՝ սուեզին այլընտրանք նախագիծը. ՀՀ-ն ինքնամեկուսացող երկիր

Վահէ Դ. Սարգսեան(1)(2)

«Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Սուեզին այլընտրանք նոր զարկերակ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից, ՌԴ-ի դէմ միջազգային պատժամիջոցների կիրառումից յետոյ, ինչպէս նաեւ սեւծովեան տրանսպորտային ուղիներով բեռների տեղափոխման բարդացման պայմաններում «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏՄ) ձեռք է բերել չափազանց կարեւոր նշանակութիւն: Եւ շատերը, խորքային տեղեկութիւններ չունենալով այս մէգանախագծի մասին, երեւի թէ չնկատեցին, որ Վ. Պուտինի՝ 2024 թ. օգոստոսի 18-19-ը Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում կայացած Պուտին–Ալիեւ բանակցութիւնների առանցքային թեմաներից մէկը հէնց «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ն էր:

Ի՞նչ է «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ն: Ըստ ՌԴ արտգործնախարարութեան պաշտօնական տեղեկանքի՝ «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը դա մուլտիմոդալ երթուղի է ուղեւորների եւ բեռների փոխադրման համար, Սանկտ Պետէրբուրգից մինչեւ Հնդկաստանի Մումբայ (Բոմբեյ) նաւահանգիստ՝ 7.200 կմ ընդհանուր երկարութեամբ։ Այն ստեղծուել է Հնդկաստանից, Իրանից եւ Պարսից ծոցի այլ երկրներից դէպի Ռուսաստանի տարածք (Կասպից ծովով) եւ, յետագայում՝ Հիւսիսային եւ Արեւմտեան Եւրոպայ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար: ՌԴ տրանսպորտային քաղաքականութեան առաջնահերթ ուղղութիւններից մէկը համարուող «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնութեան՝ մինչեւ 2030 թ. տրանսպորտային եւ երկաթուղային տրանսպորտի զարգացման ռազմավարութիւններին եւ համապատասխան այլ դաշնային նպատակային ծրագրերին: Այս նախագծի իրաւական հիմքը «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին միջկառավարական համաձայնագիրն է, որը ստորագրուել է Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իրանի կողմից Սանկտ-Պետէրբուրգում 2000 թ. սեպտեմբերի 12-ին 2-րդ Միջազգային եւրասիական տրանսպորտային համաժողովի ժամանակ: 2002 թ. մայիսին Համաձայնագիրը վաւերացուել է դրա բոլոր մասնակիցների կողմից եւ ուժի մէջ մտել(3)։ «Հիւսիս–Հարաւ» նախագիծը, որի նպատակն է կրճատել Ռուսաստանից Հնդկաստան ապրանքների փոխադրման երթուղին եւ այլընտրանք ստեղծել Սուեզի ջրանցքին, մեծ հետաքրքրութիւն է առաջացրել շահագրգիռ երկրների շրջանում, արդիւնքում՝ յետագայում Համաձայնագրին միացել են Բելառուսը, Ղազախստանը, Թուրքմենստանը(4), Օմանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան, Բուլղարիան, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուկրաինան։ Այժմ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ն ներառում է, ընդհանուր առմամբ, 14 երկիր:

Մեգանախագծի երթուղիները եւ Ադրբեջանի՝ հիմնական առանցք դառնալու ջանքերը

Չնայած, որ Կասպից ծովի աւազանում «Հիւսիս–Հարաւ» միջանցքն անցնում է երեք երթուղիներով. 1. «Տրանսկասպեան»՝ օգտագործելով Ռուսաստանի եւ Իրանի նաւահանգիստները, 2. «Արեւմտեան»՝ Ադրբեջանով, 3. «Արեւելեան»՝ Ղազախստանով(5) եւ Թուրքմենստանով(6), այդուհանդերձ, սկզբնական շրջանում այս խոշոր նախագծի հիմնական, առանցքային դերակատարներն են հանդիսացել ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը: Ամենեւին պատահական չէ, որ ադրբեջանական եւ ադրբեջանամէտ յայտնի տեղեկատուական-վերլուծական հարթակները յայտարարում են, որ «….միջանցքի զարգացումը մեծապէս կախուած է Իրանի հետ Ադրբեջանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններից»(7)։ Յաւելենք, որ Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտութեան, ՌԴ-ի դէմ պատժամիջոցների սահմանման մեկնարկի եւ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի ստեղծման հրատապութեան պայմաններում 2022 թ. սեպտեմբերի 9-ին Բաքւում Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համատեղ եռակողմ հռչակագիր են ստորագրել «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի զարգացման վերաբերեալ(8)։

Քարտեզ 1. «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը՝
Սուեզին այլընտրանք նոր զարկերակ, աղբիւր՝ Особая экономическая зона “ЛОТОС”։

2023 թ. «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի ստեղծման շուրջ քննարկումներն ու բանակցութիւններն ակտիւօրէն շարունակուել են ինչպէս եռակողմ (ՌԴ–Ադրբեջան–Իրան), այնպէս էլ երկկողմ (ՌԴ–Ադրբեջան) մի շարք բարձրաստիճան հանդիպումներում(9):

Ի. Ալիեւը, բնականաբար, իրեն համարում է այս մէգանախագծի ճարտարապետներից մէկը եւ Վ. Պուտինի հետ 2024 թ. բոլոր հանդիպումներում իր խօսքում լայնօրէն անդրադարձել է նշուած նախագծին: Այսպէս, ապրիլի 22-ին Մոսկուայում, Վ. Պուտինի հետ միասին ԲԱՄ-ի ւէտէրանների եւ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ի. Ալիեւը յայտարարել է, որ իրենք ակտիւօրէն մասնակցում են «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի ստեղծմանը. «Ինչ վերաբերում է «Հիւսիս–Հարաւ» տրանսպորտային միջանցքին, այսօր մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մանրամասն եւս մէկ անգամ քննարկել ենք այդ հարցը, համապատասխան հրահանգները տրուել են կառավարութեան անդամներին։ Վստահ եմ՝ մօտ ժամանակներս բոլոր հարցերը կը համաձայնեցուէն, եւ մենք ձեռնամուխ կը լինենք եւս մէկ վիթխարի նախագծի իրականացմանը», – նշել է նա(10):

Իսկ յուլիսի 3–ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ի. Ալիեւը յայտարարել է. «Մենք վճռական ենք ընդլայնելու («ՀիւսիսՀարաւ») միջանցքի ենթակառուցուածքը ադրբեջանական տարածքում: Թեեւ այն ֆիզիկապէս գոյութիւն ունի, բայց այն չի համապատասխանում այն​​մտադրութիւններին, որոնք ունեն մեր գործընկերներն ու հարեւանները՝ կապուած այս նախագծի առաւելագոյն օգտագործման հետ»(11) 

Մինչ Պուտին–Ալիեւ բարձր մակարդակի բանակցութիւնները՝ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի խնդիրը օգոստոսի 6-ին Բաքւում քննարկուել է նաեւ ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպէս նաեւ Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգութեան խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպումների ժամանակ: Յաւելենք, որ, ըստ պաշտօնական յայտարարութիւնների, Ս. Շոյգուի՝ Բաքու աշխատանքային այցի ընթացքում հանդիպումների ժամանակ քննարկուել են Հարաւային Կովկասում անվտանգութեան ստեղծման գործընթացին միջամտելու Արեւմուտքի փորձերը(12)։

Օգօստոսի 19-ին Բաքւում հրապարակուած Պուտին–Ալիեւ համատեղ յայտարարութեան 13-րդ կէտում կողմերը շեշտել են «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի երթուղու ենթակառուցուածքների զարգացման անհրաժեշտութիւնը(13): Ի դէպ, Ի. Ալիեւի՝ երկկողմ բանակցութիւնների արդիւնքների մասին յայտարարութեան բուն բովանդակութեան առիւծի բաժինը նուիրուած էր «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ին: Նա յայտնել է, որ Վ. Պուտինի հետ քննարկել են «Հիւսիս–Հարաւ» ծրագրի իրականացման ընթացքը, որն, ըստ Ալիեւի, բացառիկ նշանակութիւն ունի ՌԴ–ԱդրՀ միջպետական ​յարաբերութիւնների, ինչպէս նաեւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների եւ տրանսպորտային ուղիների հետ կապուած հարցերի համար։ «Պետք է ասեմ, որ Ադրբեջանի տարածքում «ՀիւսիսՀարաւ» միջանցքի եւ՛ երկաթուղային, եւ՛ ճանապարհային հատուածներն ամբողջութեամբ իրականացուել եւ յաջողութեամբ են գործում։ Ներկայումս մենք ակտիւօրէն արդիականացնում ենք այս միջանցքի երկաթուղային հատուածը՝ դրա թողունակութիւնը մեծացնելու համար։ Խոսքը տարեկան 15 միլիոն տօննայից եւ բարձր՝ մինչեւ 30 [մլն] տօննայ բեռի փոխադրման հնարաւորութեան մասին է, եւ դա միանգամայն իրատեսական է։ Այս պարագայում եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Ադրբեջանը, յուսով եմ, եւ այս միջանցքի միւս մասնակիցները համատեղ ջանքերով կը շարունակէն իրենց գործունէութիւնը։ Կրկին պէտք է ասեմ, որ այս տարի մենք արդէն տրամադրել ենք շուրջ 120 միլիոն դոլար, որպէսզի արդիականացնենք երկաթուղային այս հատուածը՝ անհրաժեշտ հզօրութիւններին հասնելու համար», – յայտնել է Ի. Ալիեւը(14)։

Յաւելենք նաեւ, որ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի մասին դրոյթը տեղ է գտել նաեւ 2022 թ. ապրիլի 22-ին ստորագրուած «Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ դաշնակցային փոխգործակցութեան մասին» Հռչակագրում, որի 29-րդ կէտում նշուած է. «….Կողմերը նպատակաուղղուած են խելացի տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաների կիրառմամբ տարանցիկ եւ տրանսպորտային փոխգործակցութեան ներուժի առաջանցիկ զարգացմանը, «ՀիւսիսՀարաւ» ՄՏՄ-ի կայուն լիարժէք գործունէութեան համար տեխնիկական եւ տնտեսական պայմանների ապահովմանը»(15):

2025 թուականը՝ բեկումնային տարի «ՀիւսիսՀարաւ» ՄՏՄ-ի
եւ ողջ առանցքի համար

Փաստենք, որ յաջորդ՝ 2025 թուականը վճռորոշ է լինելու «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի եւ մասնակից երկրների համար:

Առաջին. 2025 թ. կլրացուի միջանցքի բացակաեօղ վերջին օղակը՝ Իրանի Ռեշտ եւ Աստարայ քաղաքների միջեւ 162 կմ երկարութեամբ երկաթգծի կառուցումը (պայմանագիրը ստորագրուել է 2023 թ.)(16)։ Ռեշտ–Աստարայ գիծը Ռեշտ–Ղազուին երկաթուղով (170 կմ) ելք կապահովի դէպի Պարսից ծոցի իրանական նաւահանգիստներ։ Յաւելենք, որ Ռեշտ–Ղազուին երկաթուղին կառուցուել է 2009–2018 թթ., շահագործման յանձնուել՝ 2019 թ.։ Յատկանշական է, որ այս երկաթգծի բացման արարողութեանը, ի թիւս այլոց, ներկայ էին նաեւ Իրաքի եւ Պակիստանի պետական ​​պաշտօնեաներ։ Իսկ թէ ինչո՞ւ, կբացատրենք ստորեւ:

Քարտեզ 2. «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի գլխաւոր երթուղիները,
աղբիւր՝ Газета «Коммерсантъ»

Երկրորդ. 2025 թ. կաւարտուի նաեւ Շալամչէ (Իրան)–Բասրայ (Իրաք) 32 կմ երկարութեամբ նոր երկաթուղու կառուցումը: Այսինքն, Իրանում Աստարայ–Ռեշտ–Ղազուին երկաթուղու  ստեղծումը տեղի է ունենում Իրաքի եւ Իրանի կողմից լայնածաւալ միջսահմանային երկաթուղային ցանցի ձեւաւորման հետ միաժամանակ: Մինչ այժմ գործում են Իրան–Իրաք երկաթուղային երկու սահմանային անցումներ, սակայն կողմերը պայմանաւորուել են երկաթգիծ կառուցել նաեւ Բասրայ նաւահանգստի (Պարսից ծոցի ամենամեծ իրաքեան նաւահանգիստը) եւ Իրանի Շալամչէ սահմանային կէտի միջեւ: Շալամչէն երկաթուղով (20 կմ) կապուած է իրանական Խորամշահր նաւահանգստի հետ, իսկ այս նաւահանգիստը, յիշեցնենք, մասնակցում է «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքին։

2023 թ. սեպտեմբերի 2-ին Իրանի հարաւարեւմտեան Խուզեստան նահանգում տեղի ունեցած Շալամչէ–Բասրայ երկաթուղու շինարարութեան բացման արարողութեան ժամանակ,  որին մասնակցում էր նաեւ Իրաքի վարչապետը, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը երկաթգիծն անուանել է Իրանի եւ Իրաքի համար ռազմավարական նախագիծ, որը կարող է մեծ փոփոխութիւնների յանգեցնել Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում: «Բացի երկու երկրների երկաթուղիները միացնելուց, ՇալամչէԲասրայ երկաթգիծը միջազգային տրանսպորտային ուղիների յաւելումն է։ Տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային բոլոր երկրներին անհրաժեշտ են երկու ՀիւսիսՀարաւ եւ ԱրեւելքԱրեւմուտք տրանսպորտային միջանցքներ։ 32 կմ երկարութեամբ ՇալամչէԲասրայ երկաթուղին Իրանը կը կապի Միջերկրական ծովի (Յորդանան եւ Սիրիայ) հետ», – նշել է Իրանի փոխնախագահը(17)։ Ըստ Իրաքի տրանսպորտի նախարարութեան գնահատականի, Իրան–Իրաք նոր գիծը «….կլրացնի արեւելքարեւմուտք երկաթուղային միջանցքների բացը` Իրաքին Իրանի միջոցով նոր ելք ապահովելով դէպի Աֆղանստան, Պակիստան եւ Հնդկաստան»: Բացի այդ, նոյն գիծը Իրաքով «նոր կապ կստեղծի Իրանի երկաթուղիների եւ սիրիական նաւահանգիստների միջեւ»(18):

Մեգանախագիծը եւ Պակիստանի հնարաւոր դերակատարութիւնը

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի դերն ու հմայքն այնքան մեծ է, որ հնդկայ–պակիստանեան լարուած յարաբերութիւնների պայմաններում Պակիստանը եւս շահագրգռուած է մասնակցել այս միջանցքին։ Աւելին, Իրանի եւ Պակիստանի երկաթուղային ցանցերը վաղուց միացուած են միմեանց. դա Զահեդան (Իրան)–Նոկ Կունդի (Պակիստան) 200 կմ երկարութեամբ գիծն է: Իր հերթին, Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ կան չորս երկաթուղային սահմանային անցումներ։

Փորձագէտների գնահատականների համաձայն՝ «Հիւսիս–Հարաւ» միջանցքի հարաւային հատուածում Պակիստանի մասնակցութեամբ երկաթուղու տարբերակը մօտ մէկ հինգերորդով կնուազեցնի ընդհանուր տրանսպորտային ծախսէրը։ Նախ՝ կուերանայ Իրան–Հնդկական թերակղզի հատուածում ծովային տրանսպորտից երկաթուղային (եւ հակառակը) գերբեռնուածութիւնը, երկրորդ՝ Պակիստանում տարանցման ցածր սակագներ են։

Պակիստանի ներգրաւումը «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ին, տնտեսական մրցունակութեան հետ մէկտեղ, կարող է օգնել նուազեցնել լարուածութեան մակարդակը Պակիստան–Հնդկաստան յարաբերութիւններում։

«ՀիւսիսՀարաւ» ՄՏՄ-ի նախագծերը եւ երկրների մասնակցութիւնը դրանցում

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի բոլոր երեք երթուղիներում ենթակառուցուածքային խոչընդոտները վերացնելու նպատակով իրականացւում կամ նախատեսւում են իրականացնել աւելի քան 100 ներդրումային ծրագրեր $38,2 մլրդ ընդհանուր արժէքով, որի ամենամեծ ծաւալը (համապատասխանաբար՝ 35% եւ 34%) անհրաժեշտ է Ռուսաստանում եւ Իրանում «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացման համար։ Ղազախստանին բաժին է ընկնում միջանցքի զարգացման նախագծերի ընդհանուր արժէքի 16,5%-ը, Թուրքմենստանին՝ 1,6%, Ադրբեջանին՝ 7,3%, Հայաստանին՝ 4,8%, Վրաստանին՝ 1,5%:

Շուրջ 102 ներդրումային նախագծերը բաշխուած են ըստ հետեւեալ ոլորտների. 20 ծրագիր երկաթուղային տրանսպորտի ոլորտում, 59-ը՝ ճանապարհային, 7-ը՝ սահմանային անցման կէտէրի եւ հարակից ենթակառուցուածքների, 8-ը՝ ծովային նաւահանգիստների, 4-ը՝ ներքին ջրային ուղիների, 4-ը՝ նաւաշինութեան ոլորտում։ Նախագծերն ըստ երկրների ներկայացուած են հետեւեալ կերպ. 8-ը՝ Ադրբեջանի տարածքում, 5-ը՝ Հայաստանի, 1-ը՝ Վրաստանի, 11-ը՝ Իրանի, 22-ը՝ Ղազախստանի, 52-ը՝ Ռուսաստանի, 3-ը՝ Թուրքմենստանի: 102 ծրագրից 67-ը  ֆինանսաւորում են ազգային պետական ​​բիւջեները, 35-ի դէպքում հնարաւորութիւն է տրւում ներգրաւել երրորդ կողմի ներդրողներին(19)։

ՀՀ նախագծերը՝ «ՀիւսիսՀարաւ» ՄՏՄ-ի Արեւմտեան երթուղու
համակարգի մաս

Ինչպէս տեսանք, Հայաստանին բաժին է ընկնում միջանցքի զարգացման նախագծերի ընդհանուր արժէքի 4,8%-ը կամ $1,83 մլրդ։ ՀՀ-ի համար առանձնացուած նախագծերը մտնում են ըստ առաջնահերթութեան երեք խմբի բաժանուող նախագծերի առաջին խմբի մէջ (միջանցքի առանցքային հատուածներում բեռնափոխադրումներին խոչընդոտ հանդիսացող կրիտիկական խցանումների եւ բացակաեօղ օղակների վերացում)։

Վերլուծական փաստաթղթերում նշուած է, որ առաջին խմբի նախագծերի իրականացումը որոշիչ նշանակութիւն ունի Արեւմտեան երթուղու զարգացման համար, որտեղ հիմնական ենթակառուցուածքային խոչընդոտը Իրանի Ռեշտ–Աստարայ երկաթուղային անաւարտ հատուածն է։ Երկաթուղուց աւտօմոբիլ կրկնակի փոխադրումը ճանապարհի այս հատուածում մեծացնում է բեռների առաքման արժէքը եւ ժամանակը՝ ընդհուպ մինչեւ տնտեսական նպատակայարմարութիւնը կորցնելու աստիճան: Առաջնահերթ ծրագրերով (1-ին խումբ) նախատեսուած ներդրումների մեծ մասը (69,1%) նախատեսուած է «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի Արեւմտեան երթուղու զարգացման համար։ Առաջնահերթ ներդրումների ընդհանուր ծաւալում Տրանսկասպեան երթուղու տեսակարար կշիռը կազմում է 19,1%, եւս 11,8%-ը բաժին է ընկնում միջանցքի Արեւելեան երթուղուն:

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի Արեւմտեան երթուղու զարգացման առաջնահերթ ծրագրերը (1-ին խումբ) ներառում են.

  • Ռեշտ–Աստարայ գծի բացակաեօղ երկաթուղային հատուածի կառուցում Իրանում,
  • Ալեաթ–Աստարայ եւ Սումգայիթ–Յալամայ երկաթուղային գծերի արդիականացում Ադրբեջանում,
  • Վերին Լարս (Հիւսիսային Օսիայ, ՌԴ–Վրաստան սահմանային անցակէտ – Վ.Ս.) եւ Յարագ–Կազմալեար (Դաղստան, ՌԴ–Ադրբեջան սահմանային անցակէտ – Վ.Ս.) աւտօմոբիլային անցակէտէրի արդիականացում,
  • Սամուր եւ Աստարայ երկաթուղային անցակէտէրի արդիականացում Ադրբեջանում, ինչպէս նաեւ Դերբենտ երկաթուղային անցակէտը՝ Ռուսաստանում,
  • Բաքու–ՌԴ սահման արագընթաց մայրուղու հատուածի կառուցում,
  • «Հիւսիս–Հարաւ» աւտօճանապարհային միջանցքի հատուածների կառուցում Հայաստանում,
  • Նեթենզ–Սերջան–Բանդար Աբբաս արագընթաց մայրուղու Սերջան–Բանդար Աբբաս հատուածի կառուցում Իրանում,
  • Վլադիկաւկազ, Գուդերմես, Գրոզնի, Դերբենտ եւ Խասաւիւրտ քաղաքների շրջանցիկ ճանապարհների կառուցում Վլադիկաւկազ–Մախաչկալայ–Ադրբեջանի հետ սահման P-217 «Կովկաս» մայրուղու վրայ,
  • Մախաչկալայ քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցում Պ-215 Աստրախան–Մախաչկալայ աւտօմայրուղու վրայ:

Ինչպէս տեսանք, իրականացւում են մի շարք ներդրումային ծրագրեր Հայաստանի Հանրապետութիւնում եւ Վրաստանում՝ Ռուսաստանին եւ Հայաստանին կապող «Հիւսիս–Հարաւ» աւտօմայրուղու զարգացման համար, որը ներառում է Ռազմաւիրական  ճանապարհի եւ Վերին Լարսի միջազգային աւտօճանապարհային անցակէտի հատուածները, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում կառուցուող նոր արագընթաց մայրուղու հատուածները։ Աւանդաբար այս մայրուղին ասոցացւում է «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի հետ՝ յատկապէս հաշուի առնելով Հայաստանի մասնակցութիւնը «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ համաձայնագրին, թէեւ այն աշխարհագրօրէն անջատուած է միջանցքի Արեւմտեան աւտօճանապարհային երթուղուց: Վերլուծական փաստաթղթերում նշւում է, որ ՀՀ տարածքում «Հիւսիս–Հարաւ» աւտօճանապարհային երթուղու կառուցումը պաշտօնապէս «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ զարգացման նախագծերից է, քանի որ Հայաստանը այդ նախագծի մասին համաձայնագրի լիիրաւ մասնակիցն է:

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի զարգացման ներդրումային նախագծերի ցանկի Հայաստանի Հանրապետութեան ենթաբաժնում ներառուած են թուով 5 ծրագրեր(20), որոնցից 4-ը՝ 1-ին խմբի տակ (առաջնահերթ նախագծեր)։ Դրանք են՝ 1. Քաջարան–Ագարակ հատուածի կառուցում մինչեւ Իրանի հետ սահման, 2. Գիւմրի–Բաւրայ հատուածի կառուցում, 3. Քաջարանի թունելի կառուցում՝ Սիսիան–Քաջարան հատուածում, 4. Բարգուշատի թունելի կառուցում՝ Սիսիան–Քաջարան հատուածում։ ՀՀ-ին վերաբերող 5-րդ ծրագիրը ներկայացուած է 2-րդ խմբի տակ (հիմնական տարածքների որակական բնութագրերի բարելաւում եւ այլընտրանքային վայրերի զարգացում միջանցքի ընդհանուր թողունակութիւնը մեծացնելու նպատակով), դա Երասխ–Մեղրի–Հորադիզ երկաթուղային հատուածի կառուցման ծրագիրն է։

Մեգանախագծին Վրաստանի մասնակցութիւնը. 2025 թուականը՝ վճռորոշ տարի 

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի նախագծերի ցանկի Վրաստանի ենթաբաժնում կայ մէկ ծրագիր՝ նշուած 1-ին խմբի տակ (առաջնահերթ նախագծեր)։ Դա Ռազմաւիրական մայրուղու Քուեշեթի–Կոբի հատուածում ճանապարհների, թունելների եւ կամուրջների կառուցման խոշոր նախագիծն է։

Հաշուի առնելով անցեալի սխալները՝ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում յարաբերութիւնների խորացման եւ այդ շրջանակներում հիւսիս–հարաւ ճանապարհատրանսպորտային համակարգի զարգացման խնդիրը վրացական կողմի համար դարձել է գլխաւոր առաջնահերթութիւններից մէկը: Վրաստանի իշխանութիւնների կողմից այդ ուղղութեամբ իրականացուող խոշոր ծրագրերից է դէպի ՌԴ սահմանային անցակէտ տանող Մցխէթայ–Ստեփանծմինդայ–ՌԴ սահման (Վերին Լարս) աւտօմայրուղու ամենադժուարանցանելի՝ Կոբի–Գուդաուրի հատուածը շրջանցող Քուեշեթի–Կոբի ճանապարհի շինարարութիւնը։ Վրաստանի ճանապարհաշինութեան պատմութեան մէջ խոշորագոյններից մէկը համարուող յաւակնոտ այս ծրագրի՝ նոր ճանապարհի կառուցման նախագիծը հաստատուել է 2019 թ.,  շինարարութիւնն սկսուել է 2020 թ. սեպտեմբերին, այն նախատեսուած է աւարտել փուլառփուլ՝ 2024–2025 թուականներին։ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցուածքների նախարարութեան ճանապարհային դէպարտամենտի հաղորդմամբ՝ Քուեշեթի–Կոբի ծրագրի շրջանակներում կառուցւում է ընդհանուր 23 կմ երկարութեամբ 2 գօտի ասֆալտբետօնէ ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, վերականգնւում է 1 կամուրջ։ Թունելներից առանձնանում է 9 կմ երկարութեամբ եւ 15 մ տրամագծով թունելը, որն ամենամեծն է Վրաստանում եւ եզակիներից մէկը աշխարհում(21): Վերջինս նաեւ համարւում է Եւրոպայի ամենաբարդ ինժեներական կառոյցներից մէկը(22)։ Նոր ճանապարհը Քուեշեթի–Կոբի հեռաւորութիւնը կկրճատի 11 կմ-ով (գործող ճանապարհը 34 կմ է, կառուցուողը՝ 23), երթեւեկութեան տեւողութիւնը՝ մինչեւ մէկ ժամով (Թբիլիսի–Ստեփանծմինդայ երթեւեկութիւնը 2,5 ժամի փոխարէն կտեւի 1 ժամ 45 րոպէ)։ Նոր ճանապարհով հնարաւոր կը լինի զարգացնել մինչեւ 80 կմ/ժամ արագութիւն (գործող մայրուղու տուեալ հատուածում 30-35 կմ/ժամ առաւելագոյն թոյլատրելի արագութեան փոխարէն): Վերջապէս, խոշոր այս նախագիծը երթեւեկողներին կազատի յայտնի Խաչի լեռնանցքի չափազանց վտանգաւոր եւ ձնահոսքերի պատճառով յաճախակի փակուող հատուածից, որտեղ գտնւում է Ռազմաւիրական ճանապարհի ամենաբարձր կէտը՝ 2.395 մ: Եթէ ​​այժմ Քուեշեթի–Կոբի հատուածում ճանապարհորդութիւնը տեւում է մօտ մէկ ժամ (ձմռանը աւելի երկար), եւ երթեւեկութիւնը յաճախ արգելւում է ձնահիւսի վտանգի պատճառով, ապա ծրագրի աւարտից յետոյ ճանապարհը հնարաւոր կը լինի անցնել ընդամէնը 15 րոպէում(23)։

Ռազմաւիրական մայրուղու Քուեշեթի–Կոբի ճանապարհի ծրագիրն իրականացւում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Վրաստանի կառավարութեան միջոցներով, եւ դրա ընդհանուր արժէքը կազմում է 1,2 մլրդ լարի ($558,6 մլն, որից 415 մլն-ը ներդրուել է ԱԶԲ-ի, 60 մլն-ը՝ ՎԶԵԲ-ի, 83,6 մլն-ը՝ Վրաստանի կառավարութեան կողմից)։ Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կմ երկարութեամբ խոշոր թունելը կառուցում է միջազգային մրցոյթում յաղթած չինական խոշորագոյն “China Railway TunnelGroup Co” ընկերութիւնը։ Պայմանագիրը կնքուել է 2019 թ. սեպտեմբերին։ Իր մասնաճիւղի միջոցով Վրաստանում 2002 թ. գործունէութիւն ծաւալող չինական մէկ այլ ընկերութիւն՝ “China Railway 23rd Bureau Group Co”-ն, յաղթել է Քուեշեթի–Կոբի ճանապարհի 13 կմ-ի շինարարութեան մրցոյթում(24)։

Ռուսաստանի նախագծերը Վրաստանի ուղղութեամբ՝
մէգանախագծի շրջանակներում

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի նախագծերի Ռուսաստանի ենթաբաժնում Ռազմաւիրական մայրուղուն առնչուող նախագծերը երկուսն են, երկուսն էլ նշուած են  1-ին խմբի տակ (առաջնահերթ նախագծեր). 1. Վերին Լարսի միջազգային աւտօճանապարհային անցակէտի վերակառուցում. II փուլ, 2. «Վերին Լարս» միջազգային անցակէտին կից ճանապարհային սպասարկման օբյեկտների, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի, ենթակառուցուածքների կառուցում(25)Ըստ նախատեսուող պլանի՝ «Վերին Լարս» միջազգային անցակէտի ռուսական կողմում կտեղակայուէն ճանապարհային սպասարկման օբյեկտները եւ տրանսպորտային լոգիստիկ կենտրոնները։ Նախատեսւում է կառուցել բաց եւ փակ ժամանակաւոր պահեստներ, այդ թւում՝ փչացող ապրանքների համար, շարժական տեսչական եւ տեսչական համալիրի համար տեղամաս (գօտի), վարորդների համար հիւրանոց, տրանսպորտային միջոցների համար բաց աւտօկայանատեղի եւ այլն։ Նախատեսւում է ստեղծել «էլեկտրոնային հերթերի» համակարգ: Նախագծով ակնկալուող արդիւնքը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ «Հիւսիս–Հարաւ» աւտօճանապարհով փոխադրուող ապրանքների փոխադրման, պահպանման եւ մաքսազերծման պայմանների ստեղծումը։

«Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի Արեւմտեան երթուղու՝ Ռազմաւիրական մայրուղուն առնչուող նախագծերից է կրկին 1-ին խմբի տակ (առաջնահերթ) նշուած նախագիծը՝ Վլադիկաւկազի շրջանցիկ աւտօճանապարհի շինարարութիւնը: 10–25 կմ երկարութեամբ նոր հատուածը գտնւում է P-217 «Կովկաս» (Վլադիկաւկազ–Մախաչկալայ–Ադրբեջանի հետ սահման) աւտօմայրուղու վրայ, որը կարեւոր նշանակութիւն ունի «Հիւսիս–Հարաւ» ՄՏԿ-ի Արեւմտեան երթուղով ճանապարհային բեռնափոխադրումների իրականացման համար: Վլադիկաւկազ քաղաք մուտքը խոչընդոտ է ինչպէս «Հիւսիս–Հարաւ» ՄՏԿ-ի ողջ Արեւմտեան երթուղու, այնպէս էլ «Վերին Լարս» միջազգային անցակէտով Ռուսաստան–Վրաստան–Հայաստան ճանապարհային երթուղու համար: Ծրագրով ակնկալւում է թողունակութեան, արագութեան եւ երթեւեկութեան անվտանգութեան բարձրացում, «Հիւսիս–Հարաւ» ՄՏԿ-ով բեռների առաքման ժամանակի կրճատում, «Վերին Լարս» միջազգային անցակէտով Ռուսաստան–Վրաստան–Հայաստան երթուղու թողունակութեան աւելացում:

Հայաստանը եւ մէգանախագիծը. ի՞նչ է տեղի ունենում վարագոյրի հետեւում

Ինչպէս տեսանք՝ թէ՛ Ռազմաւիրական մայրուղին (Վրաստան–Ռուսաստան), թէ՛ Հայաստանի «Հիւսիս–Հարաւ» աւտօմայրուղին, թէ՛ Ադրբեջանի գլխաւոր տարանցիկ ուղիները հանդիսանում են «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի բարդ  համակարգի (Արեւմտեան երթուղու) մի մասը, եւ վերջիններիս արդիականացման խնդիրը ներառուած է «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի Արեւմտեան երթուղու զարգացման առաջնահերթ ծրագրերի ցանկում։

Տեսանք, թէ ինչ է տեղի ունենում Ադրբեջանի եւ Վրաստանի պարագայում. քրտնաջան աշխատանք ու մէգանախագծերի իրականացում՝ տնտեսական եւ աշխարյառազմավարական նշանակութիւն ունեցող այս խոշորագոյն նախագծին հնարաւորինս սեղմ ժամկէտներում միանալու համար: Եւ դա այն դէպքում, երբ, օրինակ, Վրաստանն ընտրել է եւրաինտեգրման ուղին, այդուհանդերձ, լաւ գիտակցելով «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի տնտեսական,   ռազմավարական եւ աշխարհաքաղաքական խոշոր նշանակութիւնը, ձգտում է չկղզիանալ եւ, հնարաւորինս, իր կողմը թեքել տարանցիկ նախագծերը՝ քաջ գիտակցելով, որ դա նեարդայնացնելու է տարանցիկ ուղիների հորիզոնական առանցքի ջատագով Արեւմուտքին:

Ի՞նչ է տեղի ունենում ՀՀ-ում:

2022 թ. փետրուարի 17-ին ՀՀ կառավարութեան նիստում անդրադառնալով Հիւսիս–հարաւ աւտօճանապարհի Սիսիան–Քաջարան հատուածի նախաորակաւորման մրցոյթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նշել է. «….Վերջին շրջանի մեր քննարկումների արդիւնքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հիւսիսհարաւ նախագիծը, ըստ էութեան, մենք վերաձեւակերպել ենք եւ դարձրել ենք Հիւսիսհարաւ, արեւելքարեւմուտք նախագիծ։ Ըստ էութեան, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճիւղերից մէկը, նկատի ունեմ Հիւսիսhարաւ, արեւելքարեւմուտք, կամ եթէ կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճիւղերից մէկը, կը կապի հիւսիսը հարաւին, այսինքն, ըստ էութեան, Հայաստանի Հանրապետութիւնից դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն, միւս ճիւղը, ըստ էութեան, Ադրբեջան, Հայաստան եւ յետագայում՝ դէպի Նախիջեւան, Թուրքիայ: Եւ մենք այս նախագիծը տեղաւորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում»(26): Միայն առաջին հայեացքից ՀՀ-ի համար օգտաշահ այս առաջարկ-բանաձեւով Նիկոլ Փաշինեանը, ըստ էութեան, թէ՛ քաղաքակրթական, թէ՛ ռազմավարական ու աշխարհաքաղաքական տեսանկիւնից երկու իրար հակադիր՝ հիւսիս–հարաւ ու արեւելք–արեւմուտք առանցքներն անմիջականօրէն կապում է իրար՝ անուանակոչելով այն «Հայկական խաչմերուկ»: Փաստենք, որ արհեստածին եւ անիրականանալի այս գաղափար–առաջարկը, որին ոչ մի հարեւան երկիր բարձր մակարդակով արձագանք չի տուել, եւ որեւէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել այդ ուղղութեամբ(27), իրականում, մեր կարծիքով, ունէր (եւ ունի) մի քանի նպատակ. 1. բացասաբար ազդել «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի ստեղծման վրայ (սա կարող էր լինել նաեւ Արեւմուտքի քօղարկուած պահանջների մէջ), 2. հայ հասարակութեան առջեւ քօղարկել հորիզոնական, այն է՝ թուրք–ադրբեջանական նոր առանցքի ընտրութեան տխրահռչակ փաստը, 3. հաւասարութեան նշան դնելով երկու առանցքների միջեւ՝ իբրեւ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ին մաս կազմելու կամ այդ ուղղութեամբ աշխատանքներ տանելու անուղղակի կամ քօղարկուած նախապայման բերել արեւելք–արեւմուտք թուրք–ադրբեջանական առանցքին մաս կազմելու գործընթացը (սա կարող է լինել թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Թուրքիայ–Ադրբեջանի, թէ՛ երկուսի ներկայացրած համատեղ պահանջների մէջ):

Այսպիսով, ընտրելով տարանցիկ ուղիների հորիզոնական՝ թուրք–ադրբեջանական վեկտորը, ՀՀ ներկայիս իշխանութիւնները թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրանի եւ «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի մասնակից եւ շահագրգիռ երկրների հետ աշխատանքներ կամ չէն տանում, կամ դրանք կրում են ձեւական, իներցիոն բնոյթ: Աւելին, գնալով խորացւում է միջանցքի գլխաւոր ճարտարապետ եւ ՀՀ դեռեւս ռազմավարական դաշնակից հանդիսացող ՌԴ-ի հետ անջրպետը(28): Դա է վկայում տարածաշրջանով անցնող տարանցիկ ուղիների շուրջ քննարկումների եռուն օրերին (ՌԴ նախագահի՝ Ադրբեջան այցի աւարտի հէնց յաջորդ օրը՝ 2024 թ. օգոստոսի 20-ին) ՀՀ արտգործնախարարութեան արձագանքը ՌԴ արտգործնախարարի յայտարարութեանը(29), այն էլ մամուլի խօսնակի՝ լրատուամիջոցներին տուած մեկնաբանութեան միջոցով: Դա փաստեց, թէ որքան են խորացել հակասութիւնները ՀՀ անվտանգութեան համար հսկայական դեր ունեցող, տարածաշրջանի հաղորդակցուղիների ճարտարապետի դիրքերից հանդէս եկող գերտէրութեան, ռազմավարական դաշնակցի հետ, եւ ինչպիսի վտանգաւոր իրավիճակ կարող է ստեղծուել թիւրքական հերթական հնարաւոր ներխուժման (այս անգամ՝ արդէն ՀՀ) եւ հնարաւոր պատերազմի դէպքում:

Ն. Փաշինեանի իշխանութեան վարած թուացեալ խաղաղութեան տանող, իսկ իրականում՝ Ադրբեջանի աճող պահանջների պայմաններում նոր ռազմական էսկալացիայի ռիսկերը կտրուկ մեծացնող քաղաքականութեան արդիւնքում չափազանց բարդ է խօսել երկրի տարածքում իրականացուելիք տարանցիկ մէգանախագծերի մասին: Երբեմն հէնց այնպէս՝ «բանաւոր ըմբռնումներով», երբեմն միջազգայնօրէն սահմանուած նորմերի բացակայութեամբ իրականացուող «սահմանազատման եւ սահմանագծման» մասին յայտարարութիւններով միջպետական մայրուղիների՝ Ադրբեջանին պարբերաբար յանձնման պայմաններում Հայաստանը կորցրել է վստահութիւնն ու վանել միջազգային ներդրողներին: Վերջիններիս ու շահագրգիռ այլ կողմերի համար պարզապէս յայտնի չէ, օրինակ, թէ «Հիւսիս–Հարաւ» աւտօմայրուղին վաղը կանցնի Տիգրանաշէնո՞վ, թե՞ դա կարող է շուտով մէկ անձի որոշմամբ եւ ինչ-որ յայտարարութեամբ  յանձնուել Ադրբեջանին, ինչպէս, օրինակ, Գորիս–Կապան, Իջեւան–Նոյեմբերեան միջպետական աւտօմայրուղիները, Կապան–Ճակատէն աւտօճանապարհը եւ այլն: Յաւելենք, որ այն աշխատանքները, որոնք կատարւում են «Հիւսիս–Հարաւ» աւտօմայրուղու վրայ, մեծապէս իրականացւում են հիմնականում իրանական կողմի շահագրգռուածութեան եւ ջանքերի արդիւնքում, որն այս կամ այն կերպ յայտարարում է՝ իր համար Ադրբեջանի երթուղին աւելի քիչ վստահելի է, եւ եթէ լինէր ՀՀ-ի միջոցով այլընտրանք, ինքը կընտրեր վերջինը(30):

Հաշուի առնելով իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու իրականացուող աշխատանքները ՀՀ տարածքով տրանսպորտային կոմունիկացիաների բարելաւման հարցում հայկական կողմը պէտք է հետեւողականութիւն ցուցաբերի եւ փորձի կեանքի կոչել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գաղափարի՝ երկկողմանի եւ միջպետական կոմունիկացիոն ծրագրէի օրակարգ վերադառնալու հարցը:

Ամփոփելով՝ փաստենք, որ Սուեզի ջրանցքին այլընտրանք հանդէս եկող «Հիւսիս–Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը չափազանց կարեւոր դեր է ստանձնել տարածաշրջանում եւ աշխարհում՝ տնտեսականից զատ ձեռք բերելով նաեւ ռազմավարական եւ աշխարհաքաղաքական խոշոր նշանակութիւն: Միջանցքը լայն ազդեցութիւն ունի շահագրգիռ երկրների միջպետական յարաբերութիւնների վրայ՝ այն աստիճան, որ, դրանով պայմանաւորուած, որոշ երկրներ աւելի են խորացնում ու ջերմացնում յարաբերութիւնները, շրջանցում կամ յաղթահարում մինչ այդ առկայ բազմաթիւ խութեր ու վիհեր: Լաւագոյնս գիտակցելով Միջանցքի հեռահար ու որոշիչ ազդեցութիւնը, ինչպէս նաեւ Ռուսաստանի գերզգայուն դիրքաւորումը «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի նկատմամբ, Ադրբեջանը ձգտում է ամէն գնով դառնալ նախագծի առանցքն ու ճարտարապետը: Նաեւ դրանով է պայմանաւորուած Ի. Ալիեւի ձգտումը՝ ամէն գնով խորացնել ՌԴ–Ադրբեջան յարաբերութիւնները: Ստացւում է, որ, մի կողմից, Ադրբեջանը թմբկահարում է տարածաշրջանի հաղորդակցուղիների վերաբացման իր բարի ցանկութեան մասին, միւս կողմից, սպառնալիքներով ու շանտաժներով նորանոր պահանջներ ներկայացնելով ՀՀ-ին, վերջինի հանդէպ վարում է տոտալ մեկուսացման քաղաքականութիւն: Ի դէպ, տառացիօրէն նոյնն է տեղի ունենում նաեւ Թուրքիայի պարագայում. նոյնական յայտարարութիւնների պայմաններում որեւէ գործնական քայլ գոյութիւն չունի, օրինակ, Կարս–Գիւմրի–Ադրբեջան (Նախիջեւան, Ղազախ) երկաթուղու վերաբացման մասին, սակայն մեծ թափով իրականացւում են ՀՀ մեկուսացման նախագծերը (օրինակ, որպէս ՀՀ-ն մեկուսացնող Բաքու–Թբիլիսի–Ախալաքալաք–Կարս երկաթուղու շարունակութիւն կառուցւում է Կարս–Իգդիր–Նախիջեւան երկաթուղին՝ լիակատար դարձնելով ՀՀ շրջափակումը)(31):

Ընտրելով թուրք–ադրբեջանական հորիզոնական ուղին (որը կարելի է անուանել չափազանց վտանգաւոր փակուղի) եւ խորացնելով հակասութիւնները հիւսիս–հարաւ առանցքի ջատագով երկրների հետ, ցաւօք, ՀՀ իշխանութիւնները գնալով երկիրը դուրս են թողնում տարածաշրջանային նախագծերից՝ կամայ-ակամայ ներքաշուելով թուրք–ադրբեջանական մեկուսացման քաղաքականութեան մէջ:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Международный транспортный коридор «Север–Юг» (справка). (01.11.2016), https://www.mid.ru/ru/foreignpolicy/economicdiplomacy/1537456/
  2. Михаил Голицын, МТК «Север-Юг» позволит России создать логистический суперхаб. (11.08.2024), https://www.ritmeurasia.ru/news–2024-08-11–mtk-sever-jug-pozvolit-rossii-sozdat-logisticheskij-superhab-74985
  3. Касым-Жомарт Токаев, Ренессанс Центральной Азии: На пути к устойчивому развитию и процветанию. (08.08.2024),  https://kazpravda.kz/n/renessans-tsentralnoy-azii-na-puti-k-ustoychivomu-razvitiyu-i-protsvetaniyu/
  4. Иран и Туркмения договорились развивать восточный маршрут МТК Север–Юг. (19.07.2024), https://tass.ru/ekonomika/21405565
  5. Роза Байрамлы, Как МТК “Север–Юг” повлиял на развитие отношений России и Азербайджана. (04.12.2023), https://vestikavkaza.ru/analytics/kak-mtk-sever-ug-povlial-na-razvitie-otnosenij-rossii-i-azerbajdzana.html#top
  6. Александр Новак: Проект «Север–Юг» почти в два раза сократит сроки доставки товаров из Азиатско-Тихоокеанского региона в Европу. (09.09.2022). http://government.ru/news/46488/
  7. Владимир Прохватилов, Азербайджан и Международный транспортный коридор «Север – Юг»: Запад усиливает давление. Стратегии развития, N 2 (13), 2023, с. 54-57.
  8. Встреча с ветеранами–строителями и работниками Байкало-Амурской магистрали. (22.04.2024) http://special.kremlin.ru/catalog/keywords/61/events/73922
  9. Алиев поддержал расширение инфраструктуры коридора “Север–Юг”. (03.07.2024), https://ria.ru/20240703/aliev-1957076658.html
  10. Шойгу обсудил в Баку попытки вмешательства Запада в процессы на Южном Кавказе. (06.08.2024), https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/21541535
  11. Совместное заявление Президента Российской Федерации В.В.Путина и Президента Азербайджанской Республики И. Г. Алиева. (19.08.2024), http://kremlin.ru/supplement/6177 (բեռնման օրը՝ 21.08.2024).
  12. Заявления Владимира Путина и Ильхама Алиева для СМИ. (19.08.2024). http://kremlin.ru/events/president/news/74887
  13. Декларация о союзническом взаимодействии между Российской Федерацией и Азербайджанской Республикой. (22.02.2022), http://www.kremlin.ru/supplement/5777 (բեռնման օրը՝ 21.08.2024).
  14. Что такое транспортный коридор «Север–Юг». (01.05.2024), https://www.kommersant.ru/doc/6679748
  15. Железная дорога Шаламче–Басра будет завершена через два года. (04.09.2023), https://iran.ru/news/economics/123725/ZheleznayadorogaShalamcheBasrabudetzavershenacherezdvagoda
  16. Леонид Алексеев, Ж/д проект Решт–Астара работает на формирование евроазиатского коридора «Север–Юг». (28.01.2023), https://www.ritmeurasia.ru/news–2023-01-28–zh-d-proekt-resht-astara-rabotaet-na-formirovanie-evroaziatskogo-koridora-sever-jug-64363
  17. Винокуров Е. (руководитель авторского коллектива), Ахунбаев А., Забоев А., Усманов Н., Международный транспортный коридор «Север–Юг»: инвестиционные решения и мягкая инфраструктура, Доклады и рабочие документы 22/2, Евразийский банк развития, Алматы, Москва, 2022, с. 5, 34, 37, 40.
  18. Строительство самого длинного тоннеля к границе Грузии с Россией – последние данные. (12.2023). https://sputnik-georgia.ru/20231202/stroitelstvo-samogo-dlinnogo-tonnelya-k-granitse-gruzii-s-rossiey—poslednie-dannye-284661079.html
  19. საქართველოს რეგიონული განვითარებისა და ინფრასტრუქტურის სამინისტრო, საქართველოს საავტომობილო გზების დეპარტამენტი, ქვეშეთი-კობის 9 კმ-იანი გვირაბი უკვე 5 კმ-ზეა გაჭრილი. (27.01.2023), http://www.georoad.ge/?lang=geo&act=news&func=menu&uid=1674808507&pid=1340628946
  20. Строительство самого длинного тоннеля к границе Грузии с Россией – последние данные. (12.2023). https://sputnik-georgia.ru/20231202/stroitelstvo-samogo-dlinnogo-tonnelya-k-granitse-gruzii-s-rossiey—poslednie-dannye-284661079.html
  21. Давид Беридзе, Китайский чудо-тоннель возле границы с Россией – дорога к Ларсу станет безопаснее. (10.2021), https://sputnik-georgia.ru/20211019/kitayskiy-chudo-tonnel-vozle-granitsy-s-rossiey–doroga-k-larsu-stanet-bezopasnee-260637621.html
  22. Винокуров Е. (руководитель авторского коллектива), Ахунбаев А., Забоев А., Усманов Н., Международный транспортный коридор «Север–Юг»: инвестиционные решения и мягкая инфраструктура, с. 39, 44, 56, 66.
  23. Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հիւսիս–հարաւ, արեւելք–արեւմուտք նախագծի վերաբերեալ: (17.02.2022), https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/02/17/Cabinet-meeting-Speech/
  24. ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակի պատասխանը լրատուամիջոցից ստացուած հարցմանը: (20.08.2024), https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2024/08/20/commentspox/12765
  25. Փուեայ Հոսեյնի, Եթէ ինչ-որ միջանցք լինի, դա ոչ միայն Իրանին է վնասելու, այլեւ ՀՀ գոյութիւնն է վտանգի տակ դրուելու: (30.07.2024), https://yerkir.am/hy/article/2024/07/30/34618
  26. Վահէ Սարգսեան, Արցախեան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը եւ Հայաստանի շրջափակման գործընթացը, Պատմաբանասիրական հանդէս (ՊԲՀ), Երեւան, 2021, № 1, էջ 47–63:

(1) Պատմական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Սփիւռքի եւ հայ գաղթօջախների պատմութեան բաժնի գիտաշխատող: Գիտական հետաքրքրութիւնները՝ Վրաստանի հայութեան, մասնաւորապէս՝ ջաւախահայութեան հիմնախնդիրներ, Հայաստան–Վրաստան յարաբերութիւններում առկայ բազմաբնոյթ հիմնահարցեր, Վրաստանի տեղաբնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնութիւնների խնդիրներ: Հեղինակ է 1 մենագրութեան եւ մօտ 35 յօդուածի:

(2) Յոդուածը խմբագրութիւն է յանձնուել 25.08.2024 թ.:

(3) Международный транспортный коридор «Север–Юг» (справка). (01.11.2016), https://www.mid.ru/ru/foreignpolicy/economic diplomacy/1537456/  (բեռնման օրը՝ 20.08.2024).

(4) Ըստ ՌԴ արտգործնախարարութեան տեղեկանքի՝ Կասպից ծովի արեւելեան ափի երկայնքով (Գորգան (ԻԻՀ)–Էտրեկ–Բերեքեթ (Թուրքմենստան)–Ուզէն (Ղազախստան) երթուղին հանդիսանում է «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի այլընտրանքային երկաթուղային նախագիծը, որի վերաբերեալ համաձայնագիրը ստորագրուել է 2007 թ. հոկտեմբերին Թեհրանում՝ մերձկասպեան երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նոր երկաթուղային գիծը կրճատում է արեւելեան երթուղին 600 կմ-ով։ Ճանապարհի երկարութիւնը 677 կմ է, որից Ղազախստանում՝ 137 կմ, Թուրքմենստանում՝ 470 կմ, Իրանում՝ 70 կմ։ 2011 թ. նոյեմբերին աւարտուել է ղազախական հատուածի շինարարութիւնը։ Տէ՛ս Международный транспортный коридор «Север–Юг» (справка). (01.11.2016),  https://www.mid.ru/ru/foreignpolicy/economicdiplomacy/1537456/ (բեռնման օրը՝ 20.08.2024)։

(5) 2024 թ. օգոստոսի սկզբին Մոսկուայում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ եւ Ղազախստանի տրանսպորտի նախարարներ Ռոման Ստարովոյտի եւ Մարատ Կարաբաեւի միջեւ, որտեղ քննարկուել է նաեւ «Հիւսիս–Հարաւ» նախագծի, մասնաւորապէս, երթուղու արեւելեան ճիւղի զարգացումը։ Տէ՛ս Михаил Голицын, МТК «Север–Юг» позволит России создать логистический суперхаб. (11.08.2024), https://www.ritmeurasia.ru/news–2024-08-11–mtk-sever-jug-pozvolit-rossii-sozdat-logisticheskij-superhab-74985 (բեռնման օրը՝ 21.08.2024): 2024 թ. օգոստոսի 8-ին կառավարական «Ղազախստանսկայայ պրաւդայ» թերթում հրապարակուել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի «Կենտրոնական Ասիայի վերածնունդը. կայուն զարգացման եւ բարգաւաճման ճանապարհին» վերտառութեամբ յօդուածր, որտեղ նա խօսել է Կենտրոնական Ասիան համաշխարհային տրանսպորտային եւ լոգիստիկ հանգոյցի վերածելու ծրագրերի մասին եւ շեշտել «Հիւսիս–Հարաւ» նախագծի կարեւոր դերը։ «Առաջին հերթին դա խոստումնալից չինական «Մեկ գօտի, մէկ ճանապարհ» նախագիծն է եւ «ՀիւսիսՀարաւ» ՄՏՄ-ն, որում այս կամ այն ​​չափով ներգրաւուած են տարածաշրջանի բոլոր երկրները», – ընդգծել է Կ. Ժ. Տոկաեւը՝ իր ծրագրային յօդուածում քննարկելով տարածաշրջանի տնտեսական վերելքի գործոնները։ Տէ՛ս Касым-Жомарт Токаев, Ренессанс Центральной Азии: На пути к устойчивому развитию и процветанию. (08.08.2024). https://kazpravda.kz/n/renessans-tsentralnoy-azii-na-puti-k-ustoychivomu-razvitiyu-i-protsvetaniyu/ (բեռնման օրը՝ 20.08.2024)։

(6) 2024 թ. յուլիսի 19-ին Ղազախստանում (նաւահանգստային Ակտաու քաղաքում) անցակցուող Հիւսիս-Հարաւ տրանսպորտային առեւտրի եւ արտահանման առաջին համաժողւում Ռուսաստանը, Ղազախստանը, Իրանը եւ Թուրքմենստանը ստորագրել են «Հիւսիս–Հարաւ» ՄՏՄ-ի Արեւելեան երթուղու ներուժի համաժամանակեայ զարգացման ճանապարհային քարտէզը 2024-2025 թուականների համար։ Տէ՛ս РФ, Казахстан, Иран и Туркмения договорились развивать восточный маршрут МТК Север–Юг. (19.07.2024). https://tass.ru/ekonomika/21405565 (բեռնման օրը՝ 20.08.2024):

(7) Роза Байрамлы, Как МТК “Север–Юг” повлиял на развитие отношений России и Азербайджана. (04.12.2023). https://vestikavkaza.ru/analytics/kak-mtk-sever-ug-povlial-na-razvitie-otnosenij-rossii-i-azerbajdzana. html#top (բեռնման օրը՝ 21.08.2024).

(8) Համապատասխան զարգացման հռչակագիրը ստորագրել են Ռուսաստանի փոխուարչապետ Ալեքսանդր Նովակը, ԱՀ փոխուարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ռուստամ Ղասեմին։ Տէ՛ս Александр Новак: Проект «Север–Юг» почти в два раза сократит сроки доставки товаров из Азиатско–Тихоокеанского региона в Европу. (09.09.2022). http://government.ru/news/46488/ (բեռնման օրը՝ 21.08.2024)։

(9) Տէ՛ս այդ մասին՝ Владимир Прохватилов, Азербайджан и Международный транспортный коридор «Север–Юг»: Запад усиливает давление. Стратегии развития, № 2 (13), 2023, сс. 54-57.

(10) Встреча с ветеранами–строителями и работниками Байкало-Амурской магистрали. (22.04.2024), http://special.kremlin.ru/catalog/keywords/61/events/73922 (բեռնման օրը՝ 21.08.2024).

(11) Алиев поддержал расширение инфраструктуры коридора “Север–Юг”. (03.07.2024).  https://ria.ru/20240703/aliev-1957076658.html (բեռնման օրը՝ 21.08.2024).

(12) Шойгу обсудил в Баку попытки вмешательства Запада в процессы на Южном Кавказе. (06.08.2024),  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/21541535 (բեռնման օրը՝ 21.08.2024).

(13) Совместное заявление Президента Российской Федерации В.В.Путина и Президента Азербайджанской Республики И. Г. Алиева. (19.08.2024), http://kremlin.ru/supplement/6177 (բեռնման օրը՝ 21.08.2024).

(14) Заявления Владимира Путина и Ильхама Алиева для СМИ. (19.08.2024), http://kremlin.ru/events/president/news/74887 (բեռնման օրը՝ 21.08.2024).

(15) Декларация о союзническом взаимодействии между Российской Федерацией и Азербайджанской Республикой. (22.02.2022),  http://www.kremlin.ru/supplement/5777 (բեռնման օրը՝ 21.08.2024).

(16) Что такое транспортный коридор «Север—Юг». (01.05.2024), https://www.kommersant.ru/doc/6679748 (բեռնման օրը՝ 22.08.2024).

(17) Железная дорога Шаламче–Басра будет завершена через два года. (04.09.2023). https://iran.ru/news/economics/123725/ZheleznayadorogaShalamcheBasrabudetzavershenacherezdvagoda (բեռնման օրը՝ 22.08.2024).

(18) Леонид Алексеев, Ж/д проект Решт–Астара работает на формирование евроазиатского коридора «Север–Юг». (28.01.2023). https://www.ritmeurasia.ru/news–2023-01-28–zh-d-proekt-resht-astara-rabotaet-na-formirovanie-evroaziatskogo-koridora-sever-jug-64363 (բեռնման օրը՝ 22.08.2024).

(19) Винокуров Е. (руководитель авторского коллектива), Ахунбаев А., Забоев А., Усманов Н., Международный транспортный коридор «Север — Юг»: инвестиционные решения и мягкая инфраструктура, Доклады и рабочие документы 22/2, Евразийский банк развития, Алматы, Москва, 2022, с. 5, 34, 37, 40.

(20) Հայաստանում, Ղազախստանում եւ Ռուսաստանում նախատեսւում է իրականացնել 79 ծրագիր (5-ը՝ Հայաստանում, 22-ը՝ Ղազախստանում, 52-ը՝ Ռուսաստանում) 21,8 մլրդ դոլար ընդհանուր գումարով, որը կազմում է միջանցքի զարգացման բոլոր ներդրումների 53%-ը։ «Հիւսիս-Հարաւ» ՄՏՄ-ի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ներդրումների 34%-ը նախատեսուած է իրանական ենթակառուցուածքների համար։

(21) Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցուածքների նախարար Իրակլի Կարսելաձէն 2023 թ. դեկտեմբերի 2-ին յայտարարել է, որ վրաց-ռուսական սահման տանող մայրուղու Քուեշեթի-Կոբի հատուածի վրայ ինը կիլօմետրանոց թունելի շինարարութիւնը կաւարտուի 2024 թ. փետրուարին, իսկ թունելում կը սկսուէն բարելաւման աշխատանքները (տէ՛ս Строительство самого длинного тоннеля к границе Грузии с Россией – последние данные. (02.12.2023). https://sputnik-georgia.ru/20231202/stroitelstvo-samogo-dlinnogo-tonnelya-k-granitse-gruzii-s-rossiey—poslednie-dannye-284661079.html (բեռնման օրը՝ 22.08.2024).

(22) საქართველოს რეგიონული განვითარებისა და ინფრასტრუქტურის სამინისტრო, საქართველოს საავტომობილო გზების დეპარტამენტი, ქვეშეთი-კობის 9 კმ-იანი გვირაბი უკვე 5 კმ-ზეა გაჭრილი. (27.01.2023). http://www.georoad.ge/?lang=geo&act=news&func=menu&uid=1674808507&pid=1340628946 (բեռնման օրը՝ 22.08.2024).

(23) Строительство самого длинного тоннеля к границе Грузии с Россией – последние данные. (02.12.2023). https://sputnik-georgia.ru/20231202/stroitelstvo-samogo-dlinnogo-tonnelya-k-granitse-gruzii-s-rossiey—poslednie-dannye-284661079.html (բեռնման օրը՝ 22.08.2024).

(24) Давид Беридзе, Китайский чудо-тоннель возле границы с Россией – дорога к Ларсу станет безопаснее. (19.10.2021). https://sputnik-georgia.ru/20211019/kitayskiy-chudo-tonnel-vozle-granitsy-s-rossiey–doroga-k-larsu-stanet-bezopasnee-260637621.html (բեռնման օրը՝ 23.08.2024).

(25) Винокуров Е. (руководитель авторского коллектива), Ахунбаев А., Забоев А., Усманов Н., Международный транспортный коридор «Север–Юг»: инвестиционные решения и мягкая инфраструктура, с. 39, 44, 56, 66.

(26) Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հիւսիս-հարաւ, արեւելք-արեւմուտք նախագծի վերաբերեալ: (17.02.2022), https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/02/17/Cabinet-meeting-Speech/ (բեռնման օրը՝ 24.08.2024):

(27) Թեեւ Ն. Փաշինեանը «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագիրն ու դրա սկզբունքները ներկայացրել է, օրինակ, 26.10.2023-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումի ընթացքում եւ, ապա, առանձին քննարկել 2024 թ. մարտի 25-ին Երեւանում` Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձէի հետ, գործնական տեղաշարժեր ծրագրի իրականացման առումով չէն նկատւում:

(28) 15.12.2023-ին Հայ-ռուսական տնտեսական համագործակցութեան միջկառավարական հանդիպման ժամանակ ՌԴ փոխուարչապետ Ա. Օվերչուկը յայտարարել էր, որ ՌԴ-ն աջակցում է վարչապետ Ն. Փաշինեանի «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ (Տես https://armenpress.am/ru/article/1126329 (բեռնման օրը՝ 25.08.2024)): Սակայն այս դէպքում եւս գործնական տեղաշարժերի մասին խօսելը վաղ է:

(29) ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակի պատասխանը լրատուամիջոցից ստացուած հարցմանը: (20.08.2024), https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2024/08/20/commentspox/12765 (բեռնման օրը՝ 24.08.2024):

(30) Փուեայ Հոսեյնի, Եթէ ինչ-որ միջանցք լինի, դա ոչ միայն Իրանին է վնասելու, այլեւ ՀՀ գոյութիւնն է վտանգի տակ դրուելու: (30.07.2024), https://yerkir.am/hy/article/2024/07/30/34618 (բեռնման օրը՝ 24.08.2024):

(31) Այդ մասին տէ՛ս Վահէ Սարգսեան, Արցախեան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը եւ Հայաստանի շրջափակման գործընթացը, Պատմաբանասիրական հանդէս (ՊԲՀ), Երեւան, 2021, № 1, էջ 47-63:  

arvak.am

Share