«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանը եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան հայաստանեան առաքելութեան տնօրէն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ եւ ԱՄՆ միջեւ զարգացմանն ուղղուած համագործակցութեան դրամաշնորհային համաձայնագրի փոփոխութիւնը: Վերջինիս արդիւնքում աւելի քան կրկնապատկւում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրուող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպէս նաեւ ընդլայնւում են համատեղ ծրագրերի ոլորտները:
Ընդհանրապէս, 2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ, այսինքն՝ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան շրջանում USAID-ի գործունէութիւնը ՀՀ-ում աւելացել է, իսկ ֆինանսաւորումը մեծացել է։ Շատ փորձագէտներ նշում են, որ դա ամերիկեան քաղաքականութեան մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնիւկտուրային պայմաններում, եւ ակնեայտօրէն արւում է ՔՊ-ի ու քպամերձ արեւմտամէտ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու եւ հանրութեան մէջ հակառուսականութեան դոզան էապէս աւելացնելու նպատակով։
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում USAID-ը: Այս թեմային օրերս անդրադարձել է «Հանրապետութեան հրապարակ» տելեգրամեան ալիքը՝ մասնաւորաբար նշելով, որ USAID-ը ԱՄՆ-ի յատուկ ծառայութիւնների «soft power»-ն է, եւ աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպութիւնը զբաղւում է հետախուզական ցանցեր ստեղծելով եւ ազդեցութեան գործակալներ «աճեցնելով»։Հեղինակները կարծիք են յայտնում, որ USAID-ը ՀՀ-ում շարունակելու է ձեւաւորել ՀԿ-ների ցանց, որոնք կեանքի են կոչելու ՀՀ-ն ՌԴ-ից «կտրելու» քաղաքականութիւն եւ Արեւմուտքի շահերի լոբբինգով են զբաղուելու, ինչպէս նաեւ ՀՀ-ում բարձրացնելու են հակառուսական տրամադրութիւններ։
«ԱՄՆ-ն իր գեոպոլիտիկ շահերի լոբբինգով զբաղուող ցանց է ձեւաւորել ՀՀ-ում՝ հազարաւոր ՀԿ-ների տեսքով, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ բնապահպանական, ՏՏ, բիզնես, մեդիայի եւ բազմաթիւ այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տնտեսական եւ քաղաքացիական հասարակութեան բազմաթիւ շերտեր եւ ոլորտներ»,-նշում է ալիքը եւ յիշեցնում մի շարք ծրագրեր, որոնք իրականացուել են Հայաստանում 2023 թուականին եւ ամփոփում, այսպիսով, USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստուերային կառավարութիւն», որը ՀՀ-ում ստեղծում է «deep state», որը զբաղուելու է ամերիկեան աշխարհաքաղաքական շահերը սպասարկելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ընդհանուր համակարգմամբ։