Եւրամիութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ընդգծել է Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների լուրջ խախտումներին առնչուող փաստերը։
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետութիւնում անցկացուել են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրութիւնների դիտորդական առաքելութեան՝ ընտրութիւններն Ադրբեջանում ընթացել են կոշտ քաղաքական եւ իրաւական միջավայրում, որը հնարաւորութիւն չի տուել իրական բազմակարծութիւն ապահովելու եւ յանգեցրել է մրցակցութեան բացակայութեան:
Նշւում է, որ թէեւ քուէարկութեան գործընթացը կազմակերպուած էր եւ, ընդհանուր առմամբ, արդիւնաւետ էր, սակայն լուրջ խախտումներ եւ բացթողումներ են արձանագրուել, մասնաւորապէս ձայների հաշվման ժամանակ, ինչը հարցեր էր առաջացնում գործընթացի ամբողջականութեան վերաբերեալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելութիւնը միաժամանակ նշել է, որ ընտրութիւններն անցկացուել են այլախոհութեան շարունակուող ճնշումների պայմաններում։
Եւրամիութիւնը կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին հաշուի առնել եւ իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկութիւնները այս եւ նախորդ ընտրութիւնների վերաբերեալ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին»,- ասուած է ԵՄ արտաքին քաղաքականութեան ծառայութեան հաղորդագրութեան մէջ:
Աւելի վաղ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» եւ «Մուսաւաթ» կուսակցութիւնները շեշտել էին այդ գործընթացի հակասահմանադրականութիւնը եւ հանդէս էին եկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրութիւններն անվաւեր ճանաչելու կոչով։