Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկեան մասնաճիւղերը «տնաւորուել են» նախարար Սիմիդեանի քրոջ տանը

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկեան մասնաճիւղերը «տնաւորուել են» նախարար Սիմիդեանի քրոջ տանը

Վահէ Սարուխանեան — hetq.am

Լուսանկարում երեւացողը շրջակայ միջավայրի նախարար Յակոբ Սիմիդեանի քրոջ՝ Արաքսի Սիմիդեանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիւուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցուած Նիկոլ Փաշինեանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկեան մասնաճիւղը: Ա. Սիմիդեանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նոյն հասցէում գրանցուել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան ամերիկեան դուստր ընկերութիւնն է: Ա. Սիմիդեանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդեանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարէնը, ըստ «Հետքի» աղբիւրի, ջերմ յարաբերութիւններ ունի Փաշինեանի կնոջ՝ Աննայ Յակոբեանի հետ: Բացի դրանից՝ Փաշինեաններն ու Սիմիդեանները հին ծանօթներ են:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցուած էր Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսաւորուող Հանրային հեռուստաընկերութեան ամերիկեան մասնաճիւղի ղեկավարը ՀՀ ներկայ իշխանութիւններին փոխկապակցուած անձ է, իսկ մասնաճիւղն էլ գրանցուել է նրա տանը:

Ինչի՞ց սկսուեց այս պատմութիւնը. Օղլախչեանի բացայայտումն ու Շիրինեանի արձագանքը

Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերութեան սեփականատէր Ռոբերտ Օղլախչեանը 2019-ի սեպտեմբերին յայտարարեց, որ իր ձեռքի տակ առկայ փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն առանց մրցոյթ յայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրաւունք է տուել ամերիկեան Panarm, Inc ընկերութեանը: Վերջինս հիմնադրուել էր հէնց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխուել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսեանն է, ըստ Օղլախչեանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի փեսայի՝ Միքայել Մինասեանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարուայ կտրուածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչեանն այս բացայայտումն արել էր այն բանից յետոյ, երբ պարզուել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարուայ համար՝ 240.000 դոլար:

Նկատենք, որ թէ՛ 2014-ին, թէ՛ 2019-ին Panarm-ը իրաւունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերութեան «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանեակային):

Հանրային հեռուստառադիօընկերութեան խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արայ Շիրինեանը, որն այդ պաշտօնին նշանակուել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչեանի յայտարարութեանը, յայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերութիւնն առաջարկ չի ստացել որեւէ ընկերութիւնից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս յայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկութեան մասին (Շիրինեանի գլխաւորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» եւ «Հայաստանի հանրային ռադիօընկերութիւն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողութիւն իրականացնող մարմինն է):

Արայ Շիրինեան

«Վերահեռարձակման իրաւունք ստացած ընկերութիւնը (Panarm-ը — հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայութեան մատուցման բոլոր ծախսէրը, այն է՝ ամերիկեան կաբելային ընկերութիւնների եւ վերգէտնեայ հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրութիւնը եւ այլն։ Այդ ծախսէրը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրաւունքի (լիցենզիայի) համար վճարուող գումարը, Panarm, Inc ընկերութիւնը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունուած պրակտիկայ է,- յայտարարել էր Արայ Շիրինեանը,- եւ չնայած վերոնշեալ հանգամանքներին՝ հաշուի առնելով հայ հանրութեան արդէն բորբոքուած սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիօընկերութեան խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչեանի ժամկէտանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերութեան հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նոյն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերութեան հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսուած վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարուայ համար կազմում է 5 մլն դոլար, ինչպէս եւ խոստացել է պարոն Օղլախչեանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերութիւնը բանակցելու է Panarm, Inc ընկերութեան հետ պայմանագրի հնարաւոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչեանի գրաւոր արձագանքին»:

Ա. Շիրինեանը վերջերս «Հետքին» յայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արուած այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչեանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերութիւնը հիմա էլ պատրաստ է նրա յայտարարած պայմաններով վերահեռարձակման իրաւունքը տրամադրել ARTN-ին:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մէզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերութիւնը պայմանագրեր եւ պայմանաւորուածութիւններ ունի 40-ից աւելի ընկերութիւնների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինեանի՝ ամերիկեան Verizon Communications ընկերութիւնն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւաւորւում է ըստ բաժանորդների թուի, հետեւաբար գումարը տատանւում է: 

2021-ի յունիսից Հանրային հեռուստաընկերութիւնը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատուական ալիք» ծրագիրը: Նոյն տարուայ յուլիսի 1-ին ընկերութիւնը տեղեկացրեց, որ յայտարարում է բաց մրցոյթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատուական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցոյթի նպատակն է ձեռք բերել յուսալի գործընկեր եւ գրաւիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակուող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատուական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասւում էր Հանրայինի յայտարարութեան մէջ։ 

«Հետքն» Արայ Շիրինեանից տեղեկացել է, որ այս մրցոյթով հետաքրքրուողներ չէն եղել: 

Ի վերջոյ, Հանրային հեռուստաընկերութիւնը որոշեց մասնաճիւղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրոյն հեռարձակում իրականացնելու համար:

Հիմա արդէն Հանրայինն է վճարում Panarm-ին

Հանրայինի ամերիկեան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկայ»), պետական գրանցում է ստացել այս տարուայ մարտի 27-ին:

Այդ փաստով պայմանաւորուած՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքուած պայմանագիրը, որի ժամկէտը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասեանի անուան հետ կապուող Panarm-ի յարաբերութիւնները չէն խզուել: 

Հանրային հեռուստաընկերութիւնը յայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակուելու է մեծ սփռում ունեցող ամերիկեան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերեալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արայ Շիրինեանին ուղղուած մեր հարցերն ու պատասխանները:

-Յայտնի է, որ First Channel America-ն հեռաձակուելու է ամերիկեան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ յատկապէս հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռւում են տեղական հայկական հիմնական ալիքները:

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը: 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղուած էին, Հանրային հեռուստաընկերութիւնը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նոյն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրւում էր «Արմենիայ» հեռուստաընկերութեան ծրագիրը: Պայմանագիրը կնքուել է նոյն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերութիւնը:

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցուած անձի տանը

Արայ Շիրինեանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն է: 

Պաշտօնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկեան ընկերութիւնը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդեանը, որը ՀՀ շրջակայ միջավայրի նախարար, ՔՊ-ական Յակոբ Սիմիդեանի քոյրն է: Աւելին՝ Սիմիդեանն ընկերութիւնը գրանցել է իր առանձնատան հասցէում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատէրերն են նա եւ Արտեմ Առաքելեանը (տես ստորեւ):

Նոյն հասցէում է «տնաւորուել» նաեւ Նիկոլ Փաշինեանի կնոջ՝ Աննայ Յակոբեանի հիմնադրած ու ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ամերիկեան մասնաճիւղը՝ My Step Foundation Inc.-ը: Վերջինս ստեղծուել է 2019-ի փետրուարին ու նախապէս գրանցուած էր Բեւերլի Հիլզում (Beverly Hills), սակայն աւելի ուշ տեղափոխուել է Ա. Սիմիդեանի տուն: 

Արաքսի Սիմիդեանի տունը

Եթէ Սիմիդեանը First Channel America-ի գործադիր (CEO, chief executive officer) ու ֆինանսական (CFO, chief financial officer) ղեկավարն է, ինչպէս նաեւ քարտուղարը (secretary), ապա My Step Foundation-ում զբաղեցնում է ֆինանսական ղեկավարի պաշտօնը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ա. Շիրինեանն ասում է, որ First Channel America-ի հիմնադիր «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն այստեղ որեւէ ռիսկային բան չի տեսնում: 

-First Channel America-ն գրանցուած է Արաքսի Սիմիդեանի առանձնատանը: Սիմիդեանը ՇՄ նախարար Յակոբ Սիմիդեանի քոյրն է, ինչպէս նաեւ ԱՄՆ-ում գրանցուած «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական ղեկավարը: Այս հիմնադրամը եւս գրանցուած է Ա. Սիմիդեանի ամերիկեան տանը: Ձեր կարծիքով՝ արդյօք էթիկապէս ճիշտ է, որ հանրային եւ համայնքային շահը սպասարկելու կոչուած լրատուամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցութեանը փոխկապակցուած անձ, իսկ ընկերութիւնը գրանցուած լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցուած է նաեւ ՀՀ իշխող կուսակցութեանն առնչուող հիմնադրամը:

-Մինչեւ ընկերութեան գործունէութեան ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրէնսդրութեամբ հարկաւոր է, որ ընկերութիւնը գրանցուի որեւէ հասցէում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակաւորապէս գրանցուած է տուեալ հասցէում: 

Շիրինեանը չի յստակեցրել, թէ որքան է այդ «ժամանակաւորապէս»-ը, եւ երբ է նախատեսւում Հանրայինի ամերիկեան տարբերակի ամբողջական մեկնարկը, եթէ դրա հիմնադրումից անցել է արդէն 5 ամիս: 

-Վերոնշեալ պայմաններում արդյօք ռիսկեր չեք տեսնում First Channel America-ի անաչառութեան եւ ապակուսակցական չլինելու վերաբերեալ: Արդյօք առկայ չէ շահերի բախում Ա. Սիմիդեանի՝ լրատուամիջոցի ղեկավար եւ ՀՀ իշխող կուսակցութեանը փոխկապակցուած անձ լինելու մասով:

-Ռիսկեր եւ շահերի բախում չենք տեսնում, քանի որ «Առաջին ալիք Ամերիկայ» տեսալսողական ծրագրի հաղորդացանցը Հանրային հեռուստաընկերութեան գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատւում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից:

-Ինչու՞ First Channel America-ի հիմնադիրը չի խուսափել շահերի հաւանական բախում ստեղծելու իրավիճակից:

-Հիմնադիրը մշտապէս ուշադրութիւն է դարձնում նմանատիպ հարցերին, եւ այս դէպքում շահերի ենթադրեալ բախման ռիսկեր չի տեսնում: 

Արաքսի Սիմիդեան

Շիրինեանի տրամաբանութեամբ ստացւում է, որ նորմալ եւ էթիկապէս ճիշտ կը լինէր, եթէ, օրինակ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն» ՓԲԸ-ն գրանցուեր, ասենք, Նիկոլ Փաշինեանի տանը կամ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրութեան կամ Երեւանում գրանցուած «Իմ քայլը» հիմնադրամի հասցէում, իսկ հեռուստաընկերութեան տնօրէնն էլ լինէր ՔՊ-ականներից մէկի հարազատը: 

Եթէ Հանրայինը լինէր ՔՊ-ի կուսակցական մեդիան, կարելի էր եւ ընկալել այն, ինչ արուել է First Channel America-ի պարագայում, բայց գոնէ առայժմ գործը չի հասել Հանրային հեռուստաընկերութիւնը պաշտօնապէս կուսակցական մեդիայ դարձնելուն, չնայած գաղտնիք չէ, որ հարկատուների գրպանից սնուող եւ հանրային կոչուող այս լրատուամիջոցը միշտ էլ եղել է օրուայ իշխանութիւնների խիստ վերահսկողութեան, երբեմն նոյնիսկ մամլիչի տակ: 

Ա. Շիրինեանը յայտնել է նաեւ, որ ամերիկեան դուստր ընկերութեան ֆինանսաւորման աղբիւրներն են Հանրային հեռուստաընկերութիւնից տրամադրուող փոխառութիւնը եւ սեփական գովազդային եկամուտները: Նկատենք, որ Հանրայինի գովազդի վաճառքով զբաղւում է 2019-ին ստեղծուած «Մեդիայ Հաուս Արմենիայ» ՍՊԸ-ն, որում Հանրային հեռուստաընկերութիւնը 50 տոկոս փայ ունի (սրանից մի քանի ամիս անց՝ 2020-ի ամռանը, հիմնադրուել է «Նորք գովազդային գործակալութիւն» ՍՊԸ-ն, որն ամբողջութեամբ պատկանում է Հանրային հեռուստաընկերութեանը): «Մեդիայ Հաուս Արմենիան» գրանցուած է Հանրային ռադիօյի շէնքում՝ Ալեք Մանուկեան 5 հասցէում: Դրա ֆինանսական տնօրէնն էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանի եղբայրն է՝ Արման Յարութիւնեանը (First Channel America-ի եթերում առաջարկուող գովազդի գները կարելի է տեսնել այստեղ):

Ովքե՞ր են First Channel America-ի տնօրէնները

Եթէ Արաքսի Սիմիդեանը նշանակուել է Հանրայինի ամերիկեան դուստր ընկերութեան գործադիր ու ֆինանսական ղեկավար, ապա տնօրէններ (director) են նշանակուել Հանրային հեռուստաընկերութեան ղեկավար կազմի աշխատակիցները: 

Ամերիկեան կորպորացիաներում (First Channel America-ն իրաւակազմակերպական տեսակով կորպորացիայ է) տնօրէնների տարբերութիւնը գործադիր ղեկավարից (CEO) այն է, որ տնօրէնների խորհուրդը կոլեկտիւ կառավարման եւ վերահսկող մարմին է, իսկ գործադիր ղեկավարն ընկերութեան ամենօրեայ գործառնութիւններն իրականացնող եւ տնօրէնների խորհրդի տեսլականը կեանքի կոչող անձ է:

First Channel America-ի տնօրէնների խորհրդում են Լենայ Մինասեանը (Հանրային հեռուստաընկերութեան աշխատակազմի ղեկավար), Տիգրան Վիրաբեանը (Հանրայինի գործադիր տնօրենի տեղակալ-գլխաւոր պրոդիւսեր) եւ Արարատ Յակոբեանը (Հանրայինի գլխաւոր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրէն):

Լենայ Մինասեան, Տիգրան Վիրաբեան, Արարատ Յակոբեան

Տնօրէնների մասով Ա. Շիրինեանը «Հետքին» փոխանցել է. «Ժամանակաւորապէս՝ մինչեւ First Channel America ընկերութեան գործունէութեան ամբողջական մեկնարկը, տնօրէնների խորհրդի անդամներ են նշանակուել Հանրային հեռուստաընկերութեան նշուած աշխատակիցները, որոնք չէն վարձատրւում»:

Մեկ աշխատողով եւ «սեփական հեռուստակոնտենտի» սպասումով

Ինչպէս կարելի է նկատել, Շիրինեանն իր խօսքում, առանց ժամանակային յստակեցումների, մի քանի անգամ նշում է First Channel America-ի գործունէութեան սպասուող ամբողջական մեկնարկի մասին:

Չնայած պետական գրանցումից անցել է արդէն 5 ամիս, Հանրայինի ամերիկեան մասնաճիւղը մինչ օրս ունի միայն մէկ աշխատող (Ա. Սիմիդեանը), չունի սեփական գրասենեակային հասցէ, եթերում էլ առիւծի բաժինը զբաղեցնում է Հանրային հեռուստաընկերութեան բովանդակութիւնը: «Ընկերութիւնն ԱՄՆ օրէնսդրութեան շրջանակներում դեռ ամբողջական գործունէութեան մեկնարկի նախապատրաստման փուլում է, հեռարձակումը, սակայն, ապրիլից անընդմէջ իրականացւում է Հանրային հեռուստաընկերութեան կողմից»,- «Հետքին» փոխանցել է Արայ Շիրինեանը:  

Այս տարուայ մարտին՝ First Channel America-ի մեկնարկի պաշտօնական արարողութեան առիթով, Հանրային հեռուստաընկերութիւնը յայտարարում էր, որ «պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներում բնակուող հայերի համար արտադրելու է սեփական հեռուստակոնտենտը՝ ճանաչողական, կրթական, մշակութային հաղորդումներ»: 

Սակայն մինչեւ հիմա միայն երկու այդպիսի հաղորդում է հեռարձակուել: «Ի սկզբանէ յայտարարուել էր, որ First Channel America-ի հեռուստաբովանդակութեան ձեւաւորումը տեղի է ունենալու փուլային եղանակով. սկզբնական շրջանում Հայաստանում հեռարձակուող հաղորդումներն են ադապտացուել տեղի ժամային գոտուն: Գարնանային եթերաշրջանում նկարահանուել են «Օվկիանոսից այն կողմ» հաղորդումների շարքը եւ Պետրոս Ղազարեանի հարցազրոյցները ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Աշնանային եթերաշրջանին ընդառաջ այժմ ընթանում են նոր նախագծերի նախապատրաստման աշխատանքները, որոնց մասին կը յայտարարէնք առաջիկայում»,- մէզ յայտնել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը:

Հովհաննես Մովսիսեա

ն

Իր հերթին Հանրայինի գործադիր տնօրէն Հովհաննես Մովսիսեանը մարտին կայացած պաշտօնական մեկնարկի արարողութեան ժամանակ նշել էր. «Ծրագիրը շատ ամբիցիոզ է, եւ բաւականին շատ ժամանակ է մէզ պէտք լինելու: Անկեղծ ասած, դժուար է կանխատեսում անել, քանի որ դա կախուած է նաեւ իրավիճակից, թէ ինչպէս կը լինի արձագանքը հեռուստաալիքին: Այս պահին մենք կանխատեսում ենք, որ մի քանի ամիս կը փորձենք աշխատենք աւելի փորձնական ռեժիմով, յետոյ արդէն աշնանային եթերաշրջանում փորձենք աւելի մեծ շեշտ դնել այստեղ տեղական արտադրանք ստեղծելու վրայ, բայց ամէն ինչ կախուած է նաեւ տեղական շուկայի արձագանքից, թէ ինչպիսին կը լինի այստեղի թէ՛ բիզնես միջավայրի, թէ՛ հեռուստադիտողների արձագանքն այս նախաձեռնութեանը»: 

First Channel America-ին մօտ կանգնած անձանցից միայն մէկը կապ ունի լրագրութեան հետ  

Հանրայինի ամերիկեան մասնաճիւղի գործադիր ղեկավար Արաքսի Սիմիդեանը ոչ մի կապ չունի մեդիալորոտի հետ: Ըստ LinkedIn-ի իր էջի՝ մասնագիտութեամբ կը լինիկական հոգեբան է, 2014-ից աշխատում է սոցիալական եւ առողջապահական ոլորտում: 2019-ից աշխատում է Լոս Անջելեսի QueensCare կազմակերպութիւնում, որն առողջապահական ծառայութիւններ է մատուցում, մասնաւորապէս, ցածր եկամուտ ունեցող լոսանջելեսցիներին, ինչպէս նաեւ իրականացնում բարեգործական ծրագրեր: Սիմիդեանը 2023-ից այս կազմակերպութեան աշխատակազմի ղեկավարն է: 

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին հարցրել էինք, թէ ով եւ ինչպէս է որոշել մեդիայի ներկայացուցիչ չհանդիսացող անձին նշանակել հանրային միջոցներից սնուող լրատուամիջոցի ղեկավար: Շիրինեանը փորձել է հիմնաւորել այսպէս. «Արաքսի Սիմիդեանը առողջապահական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար է: Հաշուի առնելով Ա. Սիմիդեանի կառավարման փորձը եւ հմտութիւնները՝ Հանրային հեռուստաընկերութիւնն է որոշել նրան նշանակել First Channel America-ի տնօրէն (նկատի ունի գործադիր ղեկավարի՝ CEO-ի պաշտօնը — հեղ.)»:

«Հետքի» աղբիւրը յայտնել է, որ Արաքսի Սիմիդեանը սերտ յարաբերութիւններ ունի վարչապետի տիկին Աննայ Յակոբեանի հետ, եւ վերջինիս լոսանջելեսեան այցերի ժամանակ եղել է նրա հիւրընկալը: 

Բայց Փաշինեանների ու Սիմիդեանների կապը նոր չէ: Յակոբ Սիմիդեանը 2009-2012 թթ. եղել է Փաշինեանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալը, իսկ տնօրէնն Աննայ Յակոբեանն էր: Յայտնի է նաեւ, որ 2008-ի մարտի 1-ից յետոյ ընդյատակում գտնուելիս ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանը 11 ամիս անցկացրել էր Սիմիդեանի տանը: 2012-2017 թթ. Հ. Սիմիդեանը եղել է պատգամաւոր Ն. Փաշինեանի օգնականը, իսկ 2018-ի քաղաքական փոփոխութիւններից յետոյ տարբեր պաշտօններ է զբաղեցրել Կառավարութիւնում եւ Ազգային ժողւում: 

Արայ Շիրինեանն էլ անծանօթ չէ այս մարդկանց: Հանրային հեռարձակողի խորհրդի ներկայ նախագահը 2014-ին ընդգրկուել էր «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի խորհրդում որպէս անդամ: Հիմնադրամի տնօրէնն էլ Յակոբ Սիմիդեանն էր: 2018 թ. քաղաքական փոփոպութիւններից առաջ ու յետոյ Շիրինեանը չի թաքցրել իր համակրանքը ներկայ իշխանութեան հանդէպ: 

First Channel America-ի շուրջ ձեւաւորուել է նաեւ խորհուրդ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներից: Նրանցից միայն մէկը կապ ունի մեդիայի հետ: «Խորհուրդը ձեւաւորուել է համայնքի ներսում՝ հեռուստաընկերութեան աշխատանքի տարբեր ոլորտների խորհրդատուութիւնն ապահովելու համար»,- «Հետքին» փոխանցել է Արայ Շիրինեանը՝ յաւելելով, որ խորհրդի անդամներն իրենց ոլորտներում հարուստ կենսափորձ ունեն եւ առաջին ձեռքից գիտէն ամերիկահայ համայնքի խնդիրները, կարիքները եւ սպասելիքները:

Կ. Մեյմարեան, Ա. Բայբուրդեան, Ա. Սիմիդեան, Լ. Հարոյեան, Խ. Խուդիկեան, Թ. Ալեքսանեան, Հ. Մովսիսեան

Խորհրդի անդամները՝

  • Արմէն Բայբուրդեան — քաղաքագիտութեան պրոֆէսոր, արտակարգ եւ լիազօր դեսպան, 1994-1997 եւ 2018-2022 թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս (խորհրդի նախագահ)
  • Կարէն Իսրայելեան — 2023 թ.-ից Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս 
  • Կարպիս Թիթիզեան — «Հորիզոն» հեռուստաընկերութեան հիմնադիր, Կալիֆոռնիայի հայկական կեանքի ակտիւ անդամ
  • Կարէն Մեյմարեան — համայնքում յայտնի գործարար
  • Լիանայ Հարոյեան — ԱՄՆ պետներդրումների եւ աջակցութեան ծրագրերի ղեկավար, 2013-2017 թթ. Հանրային հեռուստաընկերութեան աշխատակազմի ղեկավար
  • Թոմիկ Ալեքսանեան — Իրանահայ միութեան խնամակալ մարմնի անդամ, գլխաւոր տնօրէն
  • Խաչատուր Խուդիկեան — համայնքում յայտնի գործարար
  • Մելինէ Մաիլեան — «Ճշմարտութեան եւ արդարադատութեան կենտրոն» ՀԿ համահիմնադիր, փաստաբան:

Որպէս վերջաբան

Հեռուստաընկերութեան մեկնարկի միջոցառմանը այսպիսի կարծիք է յայտնել խորհրդի անդամներից գործարար Կարէն Մեյմարեանը. «Շուկայում կարիքը կար միշտ, հիմա՝ առաւել եւս, առաւել քան երբեւէ: Ամերիկահայութիւնը կարիք ունի Հայաստանից ստանալու իրական ինֆորմացիայ, ծանօթանալ դէպքերի ընթացքին պաշտօնապէս եւ դրա արդիւնքում ապրել Հայաստանի իրականութեամբ, այլ ոչ թէ էն ամէն ինչով, ինչի մասին մենք ամէն օր ականատես ենք լինում ու, ցաւօք սրտի, բախւում նաեւ էդ բացասական արդիւնքներին վատ ինֆորմացիայի»: 

Եթէ գործարարի համար պաշտօնական ինֆորմացիան է ներկայացնում Հայաստանի իրական կեանքը, անհասկանալի է, թէ մինչ այս ԱՄՆ-ում հասանելի Հանրայինի արբանեակային ծրագիրը ինչով չէր բաւարարում նման կարիքը: Այս յայտարարութիւնն, ըստ էութեան, պատահական չէ, եթէ այն համադրում ենք փաստի հետ, որ հայաստանցի հարկատուի ձեւաւորած պետբիւջեից ֆինանսաւորուող Հանրային հեռուստաընկերութեան մասնաճիւղի ղեկավարումը յանձնուել է մեդիայի հետ կապ չունեցող, բայց ՀՀ ներկայ իշխանութիւններին փոխկապակցուած անձի: 

Թէ սեփական հեռուստաբովանդակութիւնը ստեղծելու եւ ամերիկահայ համայնքի շահերը սպասարկելու, Հայաստան-սփիւռք կապերը զարգացնելու հարցում ինչ յաջողութիւններ կ’ունենայ First Channel America-ն, ցոյց կը տայ ժամանակը: Փաստն այն է, որ այդ շահերը շատ աւելի լայն պիտի լինէն, քան օրուայ իշխանութիւնների նեղ կուսակցական, իշխանական շահերը: 

Առաջին նկարի ձեւաւորումը՝ Տիրայր Մուրադեանի

Share