Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչեւ վերջերս բիզնես ունէր այդ երկրում

Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչեւ վերջերս բիզնես ունէր այդ երկրում

Վահէ Սարուխանեան

Օգօստոսի 14-ին նախագահ Վահագն Խաչատուրեանը վարչապետի առաջարկով Գուրգէն Արսենեանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան: Մինչեւ անցեալ տարի Արսենեանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատէր էր:

Մասնագիտութեամբ տնտեսագէտ Արսենեանը, ըստ պաշտօնական կենսագրութեան, 1987-2000 եւ 2007-2012 թթ. զբաղուել է ձեռնարկատիրութեամբ, իսկ 2000-2007, 2012-2017 եւ 2021-2024 թթ. եղել է ԱԺ պատգամաւոր:

Արսենեանը խորհրդային տարիներին եղել է կոմունիստ, 1990-1994 թթ. ՀՀԿ-ական էր, իսկ 2002-ից Միաւորուած աշխատանքային կուսակցութեան (ՄԱԿ) հիմնադիր ղեկավարն է: Այդուհանդերձ, նա տարբեր քաղաքական ուժերի է ներկայացրել ԱԺ-ում: 2000-2003 թթ. անկախ էր ու խմբակցութիւններում եւ պատգամաւորական խմբերում չի ընդգրկուել, 2003-2007 թթ. ՄԱԿ խմբակցութեան ղեկավարն էր, 2012-2017 թթ. պատգամաւոր էր ԲՀԿ-ի կազմում, իսկ 2021-2024 թթ. ընդգրկուած էր ՔՊ խմբակցութեան մէջ:

Գուրգէն Արսենեանի յայտարարագրերի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ նա ԱԺ ամենահարուստ պատգամաւորներից էր:

  • Գուրգէն Արսենեան. հարուստների ներկայացուցիչը խորհրդարանում
  • 533 մլն դրամի նկարներ, 133 մլն-ի՝ ժամացոյցներ. Գուրգէն Արսենեանի գոյքն ու եկամուտները

Ըստ իր վերջին՝ 2023 թ. տարեկան յայտարարագրի՝ Արսենեանը բաժնեմաս ունէր 8 ընկերութիւններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերութիւններից մէկը՝ «Էլդորադոյ-Արմէն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենեանը 51 % փայ ունէր, 2020-ին սնանկ է ճանաչուել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկութեան գործն աւարտուել է ընկերութեան լուծարումով: 2023-ի յունիսից չկայ նաեւ միակ ռուսական ընկերութիւնը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամաւորի 2023 թ. տարեկան յայտարարագրում չի երեւում, որ ընկերութիւնն այլեւս գոյութիւն չունի:

Այս ընկերութեանը դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ յիշեցնենք, որ Գուրգէն Արսենեանը 1990-ականների վերջին ընկերութիւններ ունէր նաեւ ԱՄՆ-ում, որոնք, սակայն, փակուել են հարկային պարտաւորութիւնների կատարման մէջ թերանալու պատճառով: Այս մասին գրել էինք 2021-ին՝ անդրադառնալով նաեւ պատգամաւորի աւագ որդու՝ Բաբկենի գործունէութեանը:

  • Իշխանական պատգամաւոր Գուրգէն Արսենեանի որդին իր ապագան առայժմ ԱՄՆ-ի հետ է կապում

Բաբկէնը ընկերութիւններ է հիմնել ԱՄՆ-ում ու Չեխիայում: Մասնաւորապէս՝ ԱՄՆ-ում առաջին ընկերութիւնները կրտսէր Արսենեանը հիմնել է 2018-ին: Հայրը 2021 թ. «Հետքին» փոխանցել էր, որ որդին ԱՄՆ է տեղափոխուել զինծառայութիւնից եւ ամուսնանալուց (2016 թ.) յետոյ. կինը ԱՄՆ քաղաքացի է, Միացեալ Նահանգներում են ծնուել նաեւ նախկին պատգամաւորի թոռները:

«Դա Բաբկենի անձնական որոշումն է: Որոշեց իր կենսագործունէութիւնը շարունակել Միացեալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ յաջողութեամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացուելու գործը: Իր կեանքի մօտակայ հատուածը, գործունէութիւնն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացուող պրոցեսների հետ»,- 2021-ին «Հետքի» յայտնել էր Գուրգէն Արսենեանը:

Իսկ երբ հարցրել էինք ամերիկեան բիզնեսի վերաբերեալ իր հետաքրքութիւնների մասին, Արսենեանն ասել էր. «Իմ հետաքրքութիւնը ամերիկեան համակարգերի նկատմամբ այս պահին սահմանափակւում է ֆինանսական ռեսուրսների որոշակի ներդրմամբ ամերիկեան ֆոնդային բորսաներում գնանշուող ընկերութիւնների արժեթղթերի մէջ»:

Այլեւս նախկին պատգամաւորի 2023 թ. տարեկան յայտարարագրից տեղեկանում ենք, որ 2021-ի յունուարին Նյու Եօրքի «Nasdaq» բորսայում ձեռք է բերել արժեթուղթ, որի արժէքը 2023-ի տարեվերջին կազմել է 1,9 մլն դոլար, իսկ 2021-ի տարեվերջին 6,1 մլն դոլար էր:

ԱՄՆ-ը, սակայն, Արսենեանի բիզնես հետաքրքրութիւնների տիրոյթում գտնուող միակ օտարերկրեայ պետութիւնը չի եղել: Ինչպէս նշեցինք վերեւում, նա բիզնես է ունեցել նաեւ Ռուսաստանում: 

Այսպէս՝ 1993-ի յունուարին Մոսկուայում հիմնադրուել է «Արս-Թրեյդ» ՍՊԸ-ն (Арс-Трейд), որի տէրերը եղել են Գուրգէն Արսենեանը եւ նրա նախկին կինը՝ Էդիտայ Ղարագեօզեանը: Այլեւս չգործող ընկերութիւնը ՌԴ ռեեստրից ջնջուել է 2006-ի օգոստոսին: Ռուսական տեղեկատուներում այս ընկերութեան մասին բաւականին քիչ տուեալներ կան, յայտնի չէ, թէ կոնկրէտ ինչով է զբաղուել, սակայն անունից կարելի է ենթադրել, որ ներգրաւուած է եղել առեւտրում: 

1994-ի փետրուարին էլ կրկին Մոսկուայում հիմնադրուել է «Նեֆկոյ» ՓԲԸ-ն (Нефко), որի ղեկավարը եղել է Գ. Արսենեանը: Այս ընկերութեան մասին ինֆորմացիան եւս սուղ է: Յայտնի է, որ ՌԴ ռեեստրից ջնջուել է 2007-ի մարտին որպէս չգործող իրաւաբանական անձ: 

Վերը յիշատակուած «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն (Вкредит24) հիմնադրուել է 2014-ի մայիսին Մոսկուայում: Արսենեանն իր յայտարարագրում նշել է, որ ռուսական ընկերութիւնում 13 % փայ է գնել ընկերութեան ստեղծման օրը, ինչը տարօրինակ է, քանի որ այդ պարագայում նա սկզբնական հիմնադիր կը լինէր: Այդուհանդերձ, ռուսական տեղեկատուների համաձայն՝ ընկերութեան առաջին հիմնադիրը եղել է Կորիւն Յուրիկի Գրիգորեանը, իսկ 2015-ին սեփականատէրեր են դարձել Գ. Արսենեանը (13 %), Միքայել Սերգեյի Բադալեանը (34 %) եւ օֆշորային Բրիտանական Վիրջինեան Կղզիներում գրանցուած Sync Technologies Ltd.-ն (53 %):

«Վկրեդիտ24» ընկերութեան գործունէութեան հիմնական տեսակը եղել է տուեալների բազաների ու ինֆորմացիոն ռեսուրսների ստեղծումը, այլ տեսակների մէջ նշւում են կահոյքի, կենցաղային ապրանքների, երկաթեղենի եւ այլ մետաղական արտադրատեսակների առեւտուրը, ինտերնետով մանրածախ առեւտուրը, մանրածախ առեւտուրը հեռուստատեսութեան, ռադիօյի, հեռախօսի միջոցով, ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատուական գործունէութիւնը համակարգչային տեխնոլոգիաների բնագաւառում, տուեալների մշակումն ու ինֆորմացիայի տեղաբաշխումը: 

Ինչպէս տեղեկանում ենք ընկերութեան կայքից (այլեւս չի գործում), «Վկրեդիտ24»-ը հնարաւորութիւն էր տալիս առցանց եւ սովորական խանութներից առեւտուր կատարելու ժամանակ արագ վարկ ձեւակերպել: Ըստ էութեան, ընկերութիւնը կապող օղակ էր գնորդի, խանութի եւ վարկաւորող բանկերի միջեւ: 

2023-ի յունիսին «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն ջնջուել է ՌԴ ռեեստրից, սակայն Գ. Արսենեանը 2023-ի իր տարեկան յայտարարագրում նշել է, որ տարեվերջի դրութեամբ եղել է ընկերութեան 13 %-ի սեփականատէր: Աւելին՝ 2021-ին պատգամաւոր դառնալուց առաջ Գ. Արսենեանը 400 հազ. դոլար անտոկոս փոխառութիւն էր տուել այս ընկերութեանը. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ փոխառութեան չափն անփոփոխ էր:  

Յաւելենք, որ այս եւ հայկական ընկերութիւններում ունեցած բաժնեմասէրը նախկին պատգամաւորը 2021-ին 5 տարով հաւատարմագրային կառավարման է յանձնել երեւանցի Հռիփսիմէ Աւէտիսեանին:

hetq.am

Share