Իրանի նախկին արտգործնախարար, ռազմավարական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխնախագահ նշանակուած, 2013-2021թթ․ ԱԳ նախարարի պաշտօնը զբաղեցրած եւ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների կողմնակից Մոհամմեդ Ջաւադ Զարիֆը հրաժարական է տուել: Նա յայտարարել է՝ հեռանում է նախագահ Մասուդ Փեզեշքիեանի կողմից նախարարների ընտրութեան հետ կապուած դժգոհութեան պատճառով: Նշէնք՝ Իրանի նախագահ Փեզեշքիեանն օգոստոսի 1-ին Ջաւադ Զարիֆին նշանակել է ռազմավարական հարցերով փոխնախագահ: Նա այդ պաշտօնում աշխատել է ընդամէնը 10 օր։ Այս կապակցութեամբ արեւմտեան ԶԼՄ – ները լի են նիւթերով, որոնցում հաղորդւում է իրանական կառավարող վերնախաւերում, իսկ աւելի կոնկրէտ՝ ԻՀՊԿ-ի այսպէս կոչուած «բազէների» եւ գործարար շրջանակների «աղաւնիների» միջեւ արտաքին քաղաքականութեան կուրսի մշակման շուրջ կատաղի բանաւէճի մասին: Ստացւում է՝ ծուխ առանց կրակի չի լինում։ Այս մասին Ստանիսլաւ Տարասովի դիտարկումը։
«Հրաժարականի պատճառը Զարիֆը ընդհանուր արտայայտութիւններով է բանաձեւել։ «Ես գոհ չեմ իմ աշխատանքի արդիւնքից (նախարարների նոր կաբինետի ձեւաւորման խորհրդատուական խորհրդի ղեկավար), այլ խնդիրների հետ մէկտեղ դա ինձ ստիպեց շարունակել իմ ճանապարհը համալսարանում», — գրել է նա X-ի իր էջում: Խոսքը խորհրդատուական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխաւորել է յուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրութիւններում Մասուդ Փեզեշկիեանի յաղթանակից անմիջապէս յետոյ: Զարիֆը պատասխանատու էր նախարարների նոր կաբինետի թեկնածուների ընտրութեան համար, որը օգոստոսի 11-ին ներկայացուել էր խորհրդարանի հաստատմանը: Ցուցակում 19 անուն է, որոնցից մեծամասնութիւնը պատկանում է այսպէս կոչուած պահպանողական բլոկի հնաբնակներին: Որոշ փորձագէտներ նշում են՝ Զարիֆը դժգոհ է եղել երկրի արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարների թեկնածութիւններից: Ստացւում է՝ Զարիֆը փաստացի յաւակնում էր Իրանի նախարարների կաբինետ ձեւաւորելուն եւ նրան կանգնեցրել են», — նշել է Տարասովը։
Նրա խօսքով՝ սա ձեւաւորուած սուր քաղաքական ինտրիգի միայն մի մասն է։ Էութիւնն այն է, որ Զարիֆի անուան հետ կապւում էին հնարաւոր բարեփոխական ուղղութիւնները, առաջին հերթին Իրանի արտաքին քաղաքականութեան մէջ՝ մերձեցում ԱՄՆ-ի եւ Եւրոպայի երկրների հետ։
«Նա համարւում է ԱՄՆ-ի հետ երկխօսութեան գլխաւոր կողմնակիցներից մէկը, ամենաակտիւ մասնակցութիւնն է ունեցել 2015-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի մշակմանն ու կնքմանը, բազմիցս բանակցութիւններ է վարել ԱՄՆ պէտքարտուղարի եւ այլ ամերիկացի պաշտօնեաների հետ: ԱՄՆ-ի հետ երկխօսութեան կողմնակից է: Ընդ որում՝ կարեւոր նշանակութիւն է ձեռք բերում նաեւ Զարիֆի հեռանալու ժամանակը, որոշում կայացնելու պահը՝ պատասխանե՞լ արդյօք Իսրայելին՝ Թեհրանում ՀԱՄԱՍ — ի առաջնորդներից մէկի սպանութեան համար պատասխան հարուածով, թե՞ ոչ», — պարզաբանել է քաղաքագէտը։
Բայց սա առայժմ Զարիֆի գործողութիւնների միայն տեսանելի հնարաւոր պատճառն է։ Ըստ որոշ նշանների՝ կարելի է դատել, որ նրա բարեփոխիչ ազդակներն ուղղուած էին Իսրայելի նկատմամբ գործողութիւնների աւելի «մեղմ տարբերակի» օգտագործմանը, բացատրում է Տարասովը:
«Իրավիճակը դեռեւս անորոշ վիճակում է։ Այդ պատճառով Զարիֆի հրաժարականն ազդանշան է ինչպէս արտաքին, այնպէս էլ որոշակի ներքին ուժերին, երկրի ղեկավարութեան մէջ խնդիրների առկայութեան դրսեւորում», — ամփոփել է մեկնաբանը։
Պատրաստեց՝ ԳՄ-ն