Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխուելու՝ շատ պետութիւնների, ժողովուրդների եւ հակամարտութիւնների ընթացքներ։ Նոյնիսկ եթէ յաղթի դէմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի յաղթանակի դէպքում փոփոխութիւնները լինելու են աւելի սրընթաց։
Ուկրաինան սա արագ հասկացաւ, եւ Կիեւի հռետորաբանութիւնն օրերի ընթացքում անճանաչելիօրէն փոխուեց։ Կիեւը հիմա աւելի է հակուած բանակցութիւնների ու պատերազմի արագ դադարեցմանը։ Սա ճկուն քաղաքականութիւն է, ինչը միանշանակ ճիշտ է։ Այլ հարց է, որ դա պէտք էր հասկանալ շատ աւելի վաղ նախքան անմեղսունակ քաղաքականութեան հետեւանքով երկիրն աւերելը։
Նոյն խնդրի առաջ կանգնած ենք մենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինչ ոմն հեծանուորդ փչացրեց Երեւանի յարաբերութիւնները Մոսկուայի հետ եւ տեղաւորուեց Արեւմուտքի նժարում, Ադրբեջանն ընդունեց արեւմտեան միջնորդութիւնը, բայց այդ ընթացքում էապէս բարելաւեց իր յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, մեղմեց լարուածութիւնն Իրանի հետ։
Մինչ հայ հանրութիւնն աշխարհի ու քաղաքականութեան մասին իր գաւառական պատկերացումներն էր խորացնում՝ իշխանութունների եւ Հ1-երի օգնութեամբ գոռալով «սաղ ռուսներն են մեղաւոր», հակառակորդն իր շահերի բալանսաւորումը հասցրեց կատարել առաւելագոյն արդիւնաւետութեամբ։
ԱՄՆ փոփոխուող վարչակարգի եւ միջնորդների անյատական կազմի փոփոխման պայմաններում, Հայաստանը պէտք է լինի ճկուն, եթէ կուզեք՝ առանց ամօթի զգացման ճկուն։ Հնարաւո՞ր է դա անել այսօր գործող բանակցողի եւ գործող կառավարութեան պայմաններում։ Գուցէ ինչ-որ մասով հնարաւոր է, սակայն դժուար պատկերացնելի, եթէ հաշուի առնենք այսօրուայ իշխանութիւնների անկանխատեսելիութիւնն ու հնարաւոր կուլիսային պայմանաւորուածութիւնները։
Ճիշտ պահին նոր բանակցողի եւ նոր կառավարութեան ի յայտ գալը կարող էր ուղղակիօրէն հնարաւորութիւնների նոր էջ բացել Հայաստանի եւ անգամ Արցախի համար։ Շատ պետութիւններ են իրենց պատմութեան մէջ արել նման քայլեր եւ շահել պատմական կտրուածքում (ներառեալ` մեր բոլոր 4 հարեւանները)։
Կայ կարծիք, որ ճիշտ կը լինէր, որ դա արուեր պալատական պրոցեսների արդիւնքում։ Գուցէ ճիշտ է, բայց պալատական պրոցեսների համար նախ եւ առաջ պալատ է պէտք ունենալ։ Մեզ մօտ այն վերածուել է պատահականութիւնների գաւառական կայարանի։
Նոր եւ ճկուն պաշտօնական Երեւանի պատմական անհրաժեշտութիւնը սուր խնդիր է, որը պէտք է դառնայ առաջիկայ պրոցեսների առանցքը։