Փոխվարչապետի պատասխանը՝ ո՞ր յօդուածներով են գիւղ ու ճանապարհ յանձնում թշնամուն

Փոխվարչապետի պատասխանը՝ ո՞ր յօդուածներով են գիւղ ու ճանապարհ յանձնում թշնամուն

Վահէ Սարգսեան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​յանձնաժողովների ութերորդ հանդիպման արդիւնքների վերաբերեալ մամուլի հաղորդագրութեան կէտէրից մէկում նշուած է հետեւեալը. «Զուգահեռաբար պայմանաւորուածութիւն են ձեռք բերել աւարտին հասցնել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024 թ. յուլիսի 1-ը եւ մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետութիւնների օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ պահանջների համաձայն»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակ գրաւոր հարցում ուղղելով՝ խնդրել էինք տրամադրել տեղեկատուութիւն առ այն, թէ ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024 թ. յուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը:

Փոխվարչապետի գրասենեակից յղում են կատարել յուլիսի 1-ին Մհեր Գրիգորեանի գրասենեակի հրապարակած մամուլի հաղորդագրութեանը, ըստ որի՝ «….համապատասխան պայմանաւորուածութիւնների համաձայն՝ Յանձնաժողովներն իրականացնում են ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ ՀՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թ. յուլիսի 1-ի դրութեամբ Յանձնաժողովներն աշխատանքային կարգով միմեանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցութիւնները շարունակւում են կառուցողական հունով: Նախատեսւում է առաջիկայում աւարտել համաձայնեցման գործընթացը»:

Ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024 թ. յուլիսի 1-ը չէն աւարտուել, ինչպէս այդ մասին պայմանաւորուել էին 8-րդ հանդիպմանը, փոխվարչապետի գրասենեակը չի մեկնաբանում: Ստացւում է, որ կողմերը կարող են հանգիստ չկատարել պայմանաւորուածութիւնները, խախտել յայտարարուած ժամկէտները եւ դրա մէջ արտառոց ոչինչ չտեսնել, աւելին, բանակցութիւններն անուանել կառուցողական:

Արդեօ՞ք յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի եւ դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայութեան պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդիւնքում թշնամուն յանձնուեց 4 գիւղատեղի, չի համարւում ապօրինի եւ յանցաւոր արարք՝ հարցին ի պատասխան, փոխվարչապետի գրասենեակը պատասխանել է. «Ոչ, չի համարւում: Աւելին՝ հարցի մէջ «թշնամուն յանձնուեց 4 գիւղատեղի» արտայայտութիւնը կոռեկտ չենք համարում»:

Իսկ թէ ինու՞ չի համարւում ապօրինի եւ յանցաւոր արարք, այսինքն՝ ինչպե՞ս կարող է մի մարմին, այն էլ այդչափ կարեւոր եւ ճակատագրական նշանակութեան յանձնաժողով, գործել՝ չունենալով հաստատուած կանոնակարգ, փոխվարչապետի գրասենեակը յամառօրէն չի մեկնաբանել: Իսկ թէ ինչու է «թշնամուն յանձնուեց 4 գիւղատեղի» արտայայտութիւն համարուել ոչ կոռեկտ՝ թէ՛ զարմանալի է, թէ՛ լիովին հասկանալի՝ Փաշինեանի իշխանութեան օրօք: Ադրբեջա՞նը թշնամի չէ, թե՞ գիւղատեղիները չէն յանձնուել՝ ո՞րն է սխալ կամ, ըստ Մհեր Գրիգորեանի, ոչ կոռեկտ: Թե՞ պէտք է ասեինք «բարեկամ Ադրբեջանին է վերադարձուել 30 տարի առաջ նրանից խլուածը», որ փոխվարչապետի համար լինէր կոռեկտ եւ բաւարարեր Փաշինեանի իշխանութեան ադրբեջանասիրական քարոզչամեքենայի պահանջները:

Արդեօ՞ք յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի եւ դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայութեան պայմաններում թոյլատրելի է եւ հնարաւոր է շարունակել այսպէս կոչուած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ինչի մասին յայտարարում է Նիկոլ Փաշինեանը: Այս շատ պարզ հարցը, պարզւում է, անհասկանալի է փոխվարչապետի գրասենեակի համար:

Ուզում էինք հարցնել՝ առանց սղոց ինչպե՞ս եք անտառ կտրելու կամ առանց կանոնակարգի ո՞նց եք սահման գծելու առաջիկայում. այնպէս, ինչպէս «գծել» եք նախորդի՞վ: Դա էինք հարցնում, ի՞նչն էր անհասկանալի կամ ոչ կոնկրէտ: Աւելի արդար չէ՞ր լինի՝ խոստովանելը, որ աեօ՛, հնարաւոր չէ, բայց քանի որ շեֆը մոլեգին կերպով հրամայել է «գծել», այն է՝ ինչ Ալիեւը կուզի՝ շուտափոյթ յանձնել, ստիպուած գլուխներս կախ ենթարկւում ենք այդ յանցաւոր եւ հայրենադաւ հրամաններին:

Եւ ամենավերջում՝ նշուած գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրէնքի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրէնքի ո՞ր յօդուածներով են կարգաւորւում՝ հարցին, պարզւում է, փոխվարչապետի գրասենեակը կամ չի տիրապետում, կամ չի ուզում պատասխանել եւ առաջարկում է այն ուղղել արդարադատութեան նախարարութեանը:

Պարզօրոշ է՝ այս խայտառակ գործընթացն ուրիշի գրպանը գցելու ձգտում կայ: Ինչպե՞ս կարող է փոխվարչապետի գրասենեակը, այդ պետական բարձրագոյն ինստիտուտներից մէկը, որին լիազօրուած է իրականացնել սահմանազատման ու սահմանագծման կարեւորագոյն գործառոյթներ, չիմանայ, թէ ինքը ներպետական օրէնքների ո՞ր դրոյթներով է առաջնորդւում: Իսկ եթէ իսկապէս չէն տիրապետում, ապա առնուազն պէտք է այս փաստը դիտարկել իբրեւ յայտարարութիւն յանցագործութեան մասին, քանզի մարդիկ բարձրաձայն յայտարարում են, որ չգիտէն, թէ օրէնքների ո՞ր յօդուածներով են իրենք գիւղ ու միջպետական նշանակութեան ճանապարհ յանձնում թշնամուն, ներողութիւն, «վերադարձնում բարեկամին» (կոռե՞կտ է, պարոն Գրիգորեան):

Share