Հայեր, առաջնորդէ՛ք աշխարհը դէպի իրապէս խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենօ Օկամպօ

Հայեր, առաջնորդէ՛ք աշխարհը դէպի իրապէս խաղաղ COP 29-ը. Լուիս Մորենօ Օկամպօ

Դուք՝ 1915 թուականի ցեղասպանութեան մոխիրներից վերածնուածներդ, մարդկային աննահանջ եւ յամառ ոգու վկայութիւնն եք: Այսօր դուք ունեք եզակի զօրութիւն պաշտպանելու արդարութիւնն ու ճշմարտութիւնը համաշխարհային հարթակներում: Այս մասին իր յօդուածում գրել է Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն:Նա, մասնաւորապէս, նշել է. «Դուք կարող եք ի ցոյց դնել նախագահ Իլհամ Ալիեւի յանցանքները, ով շարունակում է թիրախաւորել իր քաղաքացիներին Ադրբեջանում եւ իրագործել է վայրագութիւններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծաւոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքաւորելով որպէս առաջնորդ երկիր:

Կողմերի՝ Կլիմայի փոփոխութեան վերաբերեալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ 29 / COP 29), որը նախատեսւում է Ադրբեջանում այս տարուայ նոյեմբերին, աննախադէպ հնարաւորութիւն է լոյս սփռելու այս հրէշաւոր անիրաւութեան վրայ: Ու չնայած Ադրբեջանը բրենդաւորում է այս միջոցառումը որպէս «Կողմերի խաղաղութեան համաժողով», ձեզ վրայ է դրուած բացայայտելու Ալիեւի ռեժիմի եւ նրա գործունէութեան մասին ճշմարտութիւնը:Դուք, ցրուած լինելով աշխարհով մէկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլեւ արդարութեանն ու շրջակայ միջավայրի ամբողջականութեանն առնչուող աւելի լայն շահեր: «Մենք կպարտուենք այն օրը, երբ դադարէնք պայքարել» ասել են ձեր նախնիները՝ պատգամելով ձեզ տոկունութիւն: Դուք կարող եք առաջնորդել համաշխարհային շարժում, մասնակից դարձնելով այլ շահագրգիռ համայնքների, եւ լուծելու երկու օրհասական խնդիր՝ կլիմայի փոփոխութեան եւ ցեղասպանութեան խնդիրները:

Ինձ համար ցեղասպանութեան եւ կլիմայի փոփոխութեան կապն ակնյայտ է եւ անհերքելի: Թէ՛ մէկը, թէ՛ միւսը կարգաւորւում են միջազգային կոնուենցիաներով, որոնք, դժբախտաբար, չէն պահպանւում պատճաշ կերպով: 1992 թուականի Կլիմայի փոփոխութիւնների մասին ՄԱԿ-ի շրջանակային եւ 1948 թուականին Ցեղասպանութեան մասին կոնուենցիաների ընդունումից ի վեր աշխարհն ականատես է լինում ջերմաստիճանի համատարած բարձարցմանը եւ ցեղասպանութեան մշտական սպառնալիքներին: Միայն 2023 թուականին, Ցեղասպանութեան կանխարգելման գծով ՄԱԿ-ի յատուկ խորհրդականը ի յայտ է բերել շարունակական վտանգ վեց դէպքերում, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի կլիմայի մասին կոնուենցիան նպատակ ունի կրճատելու ջերմոցային գազերի արտանետումները՝ առաջնահերթօրէն նրանք, որոնք առաջանում են հանածոյ վառելիքից: Այս արտանետումների 75%-ը կապուած է հանածոյ վառելիքի հետ, իսկ արդիւնաբերութեան ազդեցութիւնը կլիմայի կառավարման քաղաքականութեան վրայ խորապէս մտահոգիչ է: COP 29-ի անցկացմանը նախապատրաստուող Ադրբեջանը, որտեղ հանածոյ վառելիքը կազմում է արտահանումից ստացուող իր եկամուտների 90%-ը, այս շահերի բախման հրաշալի օրինակ է, որն առաւել ընդգծում է ձեր առաքելութեան արդիականութիւնը:

2023 թուականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանութիւնը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարութեան մատնելու, ռմբակոծութեան եւ վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղաւ ցեղասպան քաղաքականութեանը: Նախագահ Ալիեւի ցնցող յայտարարութիւնը, թէ. «Եթէ էթնիկ հայերը չլքէն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդէնք նրանց շների պէս եւ հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականութիւնը: Բաքուի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տեւական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կը փորձեն վերադառնալ:

Կողմերի 29-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի հաշտութեան պայմանագրի առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթէ հայ պատանդներն ու միւս քաղբանտարկեալներն անուէրապահօրէն ազատ չարձակուեն։ ԱՄՆ պետդէպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների վերաբերեալ 2023 թուականի զեկոյցում ասւում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալութիւններ եւ դատական իշխանութեան անկախութեան հետ լուրջ խնդիրներ կան», եւ, հետեւաբար, արդարութեանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անուէրապահ վերադարձը եւ քաղբանտարկեալների ազատումը:

Միջազգային իրաւունքի սկզբունքների քննարկումը միայն բաւարար չէ: Դրանք պէտք է ակտիւօրէն պահպանուէն: Հայ համայնքի ղեկավարներն ու քաղաքացիական ակտիւիստները պէտք է համախմբէն աշխարհի քաղաքացիներին՝ լրագրողներից մինչեւ կլիմայի համար պայքարող ակտիւիստների՝ այդ սկզբունքներն իրականացնելու համար:

Յենուելով ժամանակակից տեխնոլոգիաների վրայ՝ դուք կարող եք բազմապատկել ձեր ձայները՝ ապահովելով Կլիմայի փոփոխութեան մասին եւ Ցեղասպանութեան մասին կոնուենցիաների գործուն կիրառումը:

Ես սատարում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտութիւնը եւ պահանջում է իրապէս խաղաղ COP 29-ը: Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է եւ #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիայ արշաւի մեկնարկը, որոնց կարող եք աւելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրեայ գրառումները կշրջանառուէն՝ ներգրաւելով այլ համայնքներ եւ գրաւելով հիմնական լրատուամիջոցների ուշադրութիւնը: Այս համակարգուած ջանքերը կը ստիպեն լրագրողներին, պատուիրակներին եւ COP 29-ին մասնակցող հասարակական կազմակերպութիւններին պատասխան պահանջել Ադրբեջանից հայ պատանդների եւ քաղբանտարկեալների վերաբերեալ:

Նպատակը պարզ է. Կողմերի 29-րդ համաժողովը, որն իսկապէս խաղաղութեան կողմնակից է, պէտք է նշանաւորուի Բաքուից հայ պատանդների եւ քաղբանտարկեալների ազատմամբ:

Պատրաստուէ՛ք, հայկական համայնքներ, իրապէս խաղաղ COP 29-ին, որը կմեկնարկի յուլիսի 23-ին:

Դուք ունեք յանձնառութիւն, հասանելիութիւն եւ հաստատակամութիւն առաջնորդելու այս փոխակերպող շարժումը:

Միջազգային հանրութեան ջանքերը միաւորելով ՝ դուք կարող եք հասնել նրան, որ COP-29-ում դիտարկուեն ոչ միայն կլիմայի փոփոխութեան, այլեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ արդարութեան հարցերը:

Հայեր, ժամանակն է լինել փոփոխութիւնների առաջամարտիկը: Գրառումներ արեք, մեկնաբանեք եւ բարձրացրեք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թւում՝ ես:

Share