Հայաստանում եւ նրա շուրջը ծայրաստիճան տագնապալի մի բան է տեղի ունենում։ Երկիրը գնալով աւելի ու աւելի է մօտենում նրան, որ դառնայ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աւերիչ, վտանգաւոր եւ անհարկի առճակատման յաջորդ ասպարէզը, գրում է Փենսիլուանիայի Լիհայի համալսարանի միջազգային յարաբերութիւնների ամբիոնի դոցենտ Արման Գրիգորեանը The National Interest-ի համար։
«Հայաստանի յեղափոխական իշխանութիւնը, ըստ երեւոյթին, Ռուսաստանից «շրջւում» է դէպի Արեւմուտք՝ գնալով նոյն ճանապարհով, որը նախկինում հարթել էին Վրաստանի եւ Ուկրաինայի գունաւոր յեղափոխութիւնները։ Եթէ դատենք Վրաստանի եւ Ուկրաինայի փորձով, ապա Մոսկուան դժուար թէ ստոյիկ խոնարհումով արձագանքի իրադարձութիւնների նման զարգացումներին։ Իրավիճակը սրւում է Արեւմուտքի կողմից Հայաստանի կուրսի փոփոխութեան գնալով աւելի թափանցիկ խրախուսմամբ, թէեւ ոչ ոք լրջօրէն չի հաւատում, որ Արեւմուտքը կցանկանայ կամ ի վիճակի կը լինի անել աւելին Հայաստանի համար, քան արեց Վրաստանի համար, եթէ Ռուսաստանը հանի իր ձեռնոցնէրը»,- կարծում է յօդուածի հեղինակը:
Փորձագէտի կարծիքով, մինչեւ վերջերս շատ քիչ էին աւելի վստահելի տարբերակները, քան Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ միութիւնը շարունակելը։
Գրիգորեանն ընդգծում է, որ հաշուի առնելով որոշ հարեւանների հետ երկրի խնդիրները, խոցելիութիւնը եւ համարժէք այլընտրանքների բացակայութիւնը, այս միութիւնը թւում էր «պողպատից պատրաստուած»։
«Սակայն մի քանի տարի առաջ դրանում սկսեցին ճաքեր առաջանալ, եւ այժմ այն գտնւում է փլուզման եզրին։ Իրականում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջերս յայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որտեղ դոմինանտ դեր ունի Ռուսաստանը: Չնայած այն հանգամանքին, որ երկրի ԱԳ նախարարը առանց յատուկ էնտուզիազմի փորձում էր հերքել նման մտադրութիւնների առկայութիւնը, այդուհանդերձ, Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խօսակցութիւնները որոշ ժամանակ բաւական լայն տարածում են գտել։ Որոշ իշխանամէտ քաղաքական խմբեր քարոզարշաւ են սկսել՝ կոչ անելով հանրաքուէ անցկացնել Եւրամիութեանը (ԵՄ) Հայաստանի անդամակցութեան հարցով, իսկ երկրի վարչապետը վերջերս նոյնպէս անուէրապահ ոգեւորութիւն է յայտնել նման ճանապարհով գնալու վերաբերեալ: Հաշուի առնելով ԵՄ-ի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների ներկայ վիճակը՝ սա պարզապէս ԵՄ-ին անդամակցելու փորձ չէր։ Դա դէմարշ էր Ռուսաստանի դէմ»,- նշում է վերլուծաբանը։
Յոդուածի հեղինակը հարց է տալիս, թէ կոնկրէտ որո՞նք են այն խնդիրները, որոնք Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնները յանգեցրել են նման անկման։
«Հայերը Ռուսաստանին մեղադրում են անվստահելի դաշնակից լինելու մէջ, իսկ ՀԱՊԿ-ին անօգուտ ինստիտուտ լինելու մէջ։ Նրանք պնդում են, որ Ռուսաստանը Հայաստանին թողել է Ադրբեջանի կամ Թուրքիայի ողորմածութեանը 2020 թուականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ եւ, ըստ էութեան, գործարքի է գնացել այդ երկրների հետ: Հայկական կողմը վրդովուած է, որ ՀԱՊԿ-ը հրաժարուել է միջամտել, երբ 2022 թուականի աշնանը Ադրբեջանը անդրսահմանային ներխուժում կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչը, նրանց կարծիքով, պայմանագրային պարտաւորութիւնների ակնյայտ խախտում է։
Հայերը նաեւ մեղադրում են Ռուսաստանին իրենց խաղաղապահ առաքելութեան ձախողման համար, քանի որ Ադրբեջանը կարողացաւ 2022 թուականի վերջին շրջափակել Ղարաբաղը եւ 2023 թուականի սեպտեմբերին ի վերջոյ դուրս մղել ողջ հայ բնակչութեանը տարածաշրջանից»,- ընդգծել է Գրիգորեանը իր յօդուածում։
Նա ընդգծում է, որ Մոսկուան պատասխանել է այս մեղադրանքներին՝ նշելով, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ֆորմալ պարտաւորութիւններ չէն ունեցել միջամտելու, երբ 2020 թուականին սկսուեց Ղարաբաղում պատերազմը։
«Նրանք նաեւ յիշեցնում են Հայաստանին, որ Ռուսաստանն առաջարկել է, իրենց կարծիքով, խելամիտ փոխզիջումային կարգաւորման պլան, որը սովորաբար կոչւում է «Լաւրովի պլան», որը Հայաստանին կերաշխաւորեր փաստացի վերահսկողութիւն Ղարաբաղի վրայ՝ Ղարաբաղի սահմաններից դուրս գտնուող որոշ տարածքների վերադարձի դիմաց, որոնք 1994-ից Հայաստանի վերահսկողութեան տակ էին:
Ռուսաստանը 2022 թուականի աշնանը անգործութեան մեղադրանքներին պատասխանել էր՝ ասելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատուած չէ, ինչը միջամտութեան վերաբերեալ իրաւական փաստարկը կասկածելի է դարձրել։ Նրանք նաեւ դժգոհում են, որ հայկական կողմը հրաժարուել է ընդունել ՀԱՊԿ դիտորդական առաքելութիւնը եւ հրաւիրել է ԵՄ նմանատիպ առաքելութիւնը՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Ռուսները նաեւ մեղադրում են Հայաստանին 2020 թուականի պատերազմին վերջ տուած հրադադարի համաձայնագրի հիմնական դրոյթը չկատարելու մէջ, որը, ի թիւս այլ բաների, պարտաւորեցնում էր Հայաստանին ապահովել ցամաքային կապ Ադրբեջանի եւ Նախիջեւանի էքսկլաւի միջեւ, եւ որը պէտք է վերահսկուեր ՌԴ Անվտանգութեան դաշնային ծառայութեան զօրքերի կողմից»,- գրում է փորձագէտը։
Վերլուծաբանն ընդգծում է, որ այս մերժումը խարխլեց Ռուսաստանի՝ որպէս հրադադարի երաշխաւորի եւ բանակցութիւններում միջնորդի դիրքերը։
Նա նշում է, որ դա նաեւ խանգարել է Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ նպատակ ունենալով բաց պահել Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանը Ղարաբաղին, այն դէպքում, երբ Հայաստանը հրաժարւում է կատարել վերը նշուած դրոյթը։
«Բացի այդ, ռուսները պնդում են, որ այն բանից յետոյ, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի լիակատար եւ անուիճելի ինքնիշխանութիւնը Ղարաբաղի նկատմամբ, ինչը նրանք պնդում են, որ Հայաստանն արել է առանց իրենց հետ խորհրդակցելու կամ նոյնիսկ իրենց ծանուցելու, Ռուսաստանը չէր կարող խանգարել Ադրբեջանին լիակատար վերահսկողութեան տակ առնել Ղարաբաղը:
Ի վերջոյ, ռուսները զայրացել են այնպիսի գործողութիւններից, ինչպիսիք են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վաւերացումը (որը ենթադրում էր Վլադիմիր Պուտինին ձերբակալելու պարտաւորութիւն, եթէ նա ոտք դնի հայկական հող, հաշուի առնելով մեղադրական ակտը Միջազգային քրէական դատարանի կողմից մի քանի ամիս առաջ), հայկական պատուիրակութեան այցը Բուչայ եւ Շուեյցարիայում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին մասնակցութիւնը»,- նշում է Գրիգորեանը։
Վերլուծաբանի կարծիքով՝ կայ գայթակղութիւն կենտրոնանալ վերը թուարկուած մեղադրանքների ու հակամեղադրանքների վրայ եւ փորձել պարզել, թէ դրանցից որն է արդարացուած եւ ով է մեղաւոր երկու երկրների յարաբերութիւնների վատթարացման համար։ Սակայն դա յիմարութիւն կը լինի, քանի որ ախտանիշների շուրջ վիճելը քօղարկում է հիւանդութեան իրական էութիւնը:
«Ներկայիս հիւանդութիւնն ունի երեք փոխազդող յարուցիչներ՝ Փաշինեանի կառավարութեան արեւմտամէտ հայեացքները, ընկալումը, որ Ռուսաստանի զբաղուածութիւնը Ուկրաինայում հնարաւորութիւնների պատուհան է բացել Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխութեան համար, եւ Արեւմուտքի աւելի ու աւելի ակտիւ աջակցութիւնը»,- գրում է Գրիգորեանը:
Վերլուծաբանն անգամ բացատրում է, թէ ինչու է պաթոլոգիկ համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի արեւմտամէտ հայեացքները.
«Իհարկէ, ոչ մի վատ բան չկայ արեւմտամէտ լինելու մէջ որպէս այդպիսին, կախուած նրանից, թէ ինչպէս եք հասկանում այդ տէրմինը: Իրականում, Հայաստանի անկախացումից ի վեր, նա հաստատակամօրէն հաւատարիմ է մնացել արտաքին քաղաքականութեանը, որը յաճախ անուանում են «կոմպլեմենտարիզմ», որը ենթադրում է լաւ յարաբերութիւններ ինչպէս Մոսկուայի, այնպէս էլ Արեւմուտքի հետ:
Այս յարաբերութիւնների բովանդակութիւնն, իհարկէ, նոյնական չէր։
Հայաստանն ու Ռուսաստանը ունէին ռազմական դաշինք, որը Հայաստանի անվտանգութեան անփոխարինելի յենասիւնն էր, քանի որ նա ունէր չլուծուած հակամարտութիւններ իր որոշ հարեւանների հետ, եւ քանի որ Արեւմուտքը չէր կարող լինել այդ անվտանգութեան այլընտրանքային մատակարար, Հայաստանը, համապատասխանաբար, ձգտում էր հնարաւորինս սերտ ու բարեկամական յարաբերութիւններ հաստատել եւ պահպանել Արեւմուտքի հետ՝ չվտանգելով Ռուսաստանի հետ իր դաշինքը։
Փոքր փոփոխութիւններով այս ստատուս քուոն պահպանուեց մինչեւ 2018-ի յեղափոխութիւնը Հայաստանում, որը իշխանութեան բերեց Նիկոլ Փաշինեանին եւ նրա թիմին։ Նրանք «կոմպլեմենտարիզմի» կողմնակիցներ չէին։ Նրանք աւելի հակուած էին այդ յարաբերութիւնները դիտել որպէս անհամատեղելի եւ միմեանց բացառող, եւ դրա մէջ է թաքնուած պաթոլոգիան:
Նրանք իշխանութեան եկան արդէն արեւմտամէտ եւ հակառուսական գործիչների համբաւով, որոնք քննադատում էին նախորդ վարչակազմին՝ Ռուսաստանի հետ Մաքսային միութեանը միանալու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարուելու համար։ Նրանք չէին թաքցնում, որ Ռուսաստանը համարում են Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման խոչընդոտ եւ յեղափոխութեամբ տապալուած կոռումպացուած ռեժիմի հովանաւոր»,- ընդգծում է յօդուածի հեղինակը։
Գրիգորեանի խօսքով, յեղափոխութիւնից յետոյ երկու երկրների յարաբերութիւններում փոխադարձ կասկածամտութեան մթնոլորտ է կախուել. Ռուսները Հայաստանի նոր իշխանութիւնն ընկալեցին որպէս Արեւմուտքի աջակցութեամբ իրականացուող «գունաւոր յեղափոխութեան» եւս մէկ օրինակ, որի նպատակն էր ոտնձգութիւն կատարել Ռուսաստանի աւանդական ազդեցութեան գոտու նկատմամբ։ Միաժամանակ Փաշինեանն ու իր թիմը կասկածում էին ռուսներին իրենց շահերը խարխլելու եւ Հայաստանում իրենց հակառակորդներին աջակցելու մէջ, որոնք կապուած են հին գուարդիայի հետ:
«Այնուամենանիւ, լարուածութիւնը որոշ ժամանակ հարթուեց, քանի որ Փաշինեանը հասկացաւ իրավիճակը, եւ Ռուսաստանը պատրաստ էր հաշուի նստել նրա հետ։ Յեղափոխական իշխանութիւնը նաեւ չէր ցանկանում շատ իր դէմ տրամադրել ռուսներին, քանի որ Ադրբեջանի հետ լարուածութիւնը գագաթնակէտին էր։
Իրադարձութիւնները դրամատիկ ընթացք ունեցան 2020 թուականի հայ-ադրբեջանական պատերազմից յետոյ, այնուհետեւ ուկրաինական հակամարտութեան սրումից յետոյ։
Փաշինեանի կառավարութիւնը որոշեց ձգձգել հրադադարի համաձայնագրի որոշ կէտէրի կատարումը, որոնք Ռուսաստանը երաշխաւորել էր ռուսական միջնորդութեամբ, իսկ յետոյ մեղադրեց Ռուսաստանին որպէս անօգուտ դաշնակցի, երբ Ադրբեջանը փորձեց ստիպել Հայաստանին կատարել դրանք:
Կառաւարութեան ակնյայտ հաւանութեամբ մի քանի իշխանամէտ լրատուամիջոցներ, փորձագէտների հսկայական բանակ եւ մի քանի արբանեակ քաղաքական ուժեր սկսեցին անողոք հանրային արշաւ, որի նպատակն էր տարածել առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն Հայաստանի դէմ ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի արդիւնք էր: Այս երգչախմբին միացան անգամ կառավարութեան բարձրաստիճան անդամները»,- ընդգծում է փորձագէտը։
Ըստ վերլուծաբանի՝ այս PR արշաւը երկու նպատակ ունէր. նախ՝ այն պաշտպանեց Փաշինեանին իր զարմանալի անխոհեմ դիւանագիտութեան համար պատասխանատուութիւնից, որն անխուսափելի դարձրեց այս պատերազմը։
«Երկրորդը, նա համոզեց հայ հասարակութեանը, որ Ռուսաստանը անյուսալի անվտանգութեան մատակարար է Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ, ինչպէս նաեւ նրանց դաշնակիցն է: Այս յայտարարութիւնն արուել է հակազդելու այն փաստարկին, որ եթէ Հայաստանը հրաժարուի Ռուսաստանի հետ դաշինքից, խոցելի կը դառնայ թուրքական եւ ադրբեջանական պարտադրանքների նկատմամբ։ Եթէ հնարաւոր լինի մարդկանց համոզուել, որ Ռուսաստանն արդէն իսկ Հայաստանի հակառակորդների բարեկամն է, ապա դաշինքից դուրս գալու եւ «Արեւմուտք շրջուելու» վտանգի մասին վէճերը կը դառնան վիճելի։
Հետեւաբար, Արեւմուտքի հետ ցանկացած մերձեցում կարող է միայն ամրապնդել Հայաստանի անվտանգութիւնը, որքան էլ սահմանափակ լինէն Հայաստանի հանդէպ Արեւմուտքի պարտաւորութիւնները։ Ուկրաինական պատերազմը հզօր խթան հաղորդեց այս փաստարկներին։ Այն բանից յետոյ, երբ Ռուսաստանը ներքաշուեց արիւնալի եւ երկարատեւ պատերազմի մէջ, «շրջադարձը դէպի Արեւմուտք» սկսեց թուալ աւելի լաւ գաղափար: Մի կողմից, Ռուսաստանը մինչեւ ականջները թաղուած էր Ուկրաինայում, ուստի մտադրութիւն չուներ հակամարտութեան մէջ մտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ Հայաստանին պաշտպանելու համար: Միեւնոյն ժամանակ, ՌԴ-ն նաեւ չէր պատրաստւում նոր ճգնաժամի ռիսկի գնալ՝ հետապնդելով Հայաստանին, որպէսզի նա դադարեցնի իր դրեյֆը»,- գրում է Գրիգորեանը։
Նրա խօսքով, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Հայաստանին աւանդաբար վերաբերուել են որպէս բարեկամ երկրի՝ իր անկախութեան ողջ ընթացքում, նոյնիսկ եթէ հետխորհրդային երկրներից Հայաստանն այլ դասակարգում էր, քան Բալթեան երկրները, Ուկրաինան եւ Վրաստանը։
«Վաշինգտօնում եւ եւրոպական մայրաքաղաքներում ընդհանուր ըմբռնում կար, որ Հայաստանն ունի սահմանափակումներ, թէ որքան սերտ կարող են լինել իր յարաբերութիւնները Արեւմուտքի հետ՝ անկախ իր նախասիրութիւններից: Բոլոր կողմերը գնահատում էին նաեւ Արեւմուտքի սահմանափակումները՝ որպէս Հայաստանի համար այլընտրանքային անվտանգութիւն ապահովող՝ հաշուի առնելով երկրի կարիքներն ու խնդիրները, ինչպէս նաեւ երկրի կասկածելի ռազմավարական արժէքը։
Ըստ այդմ՝ Հայաստանին Ռուսաստանի ռազմավարական ուղեծրից դուրս մղելու ակտիւ ու վճռական ջանքեր չէն գործադրուել։ Իսկապէս, Արեւմուտքն ու Ռուսաստանը կարողացել են համագործակցել եւ հանդէս գալ ընդհանուր օրակարգով եւ միասնական ճակատով որպէս միջնորդներ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում»,- պարզաբանում է վերլուծաբանը։
Նա յիշեցրել է, որ Արեւմուտքը ողջունեց 2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը եւ գովասանքի խօսքեր հնչեցրեց Փաշինեանի հասցէին՝ այն խաղաղ ճանապարհով իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական զարգացման ուղու վրայ դնելու համար։
«Սակայն նոյնիսկ այն ժամանակ Ռուսաստանի հետ խզման ակտիւ եւ բացայայտ կոչեր չկային։ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութեան կամ նախկինում հաստատուած կարգաւորման պայմանների վերաբերեալ դիրքորոշումներում նոյնպէս փոփոխութիւններ չէն եղել։ Արեւմուտքը հետպատերազմեան իր զգուշաւոր դիրքորոշումը պահպանեց 2020 թուականի պատերազմից յետոյ, երբ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնները սկսեցին հասնել աննախադէպ մակարդակի։
Մի անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանին քննադատող հարցազրուցաւարին յիշեցրեց, որ 2020 թուականի աշնանը ռուսներն են փրկել Ղարաբաղն ու Հայաստանը։ Կարճ ժամանակ անց ամերիկացի դիւանագէտը, ով ԱՄՆ ներկայացուցիչն էր ղարաբաղեան բանակցութիւններում, ստիպուած էր նոյնկերպ սառեցնել մէկ այլ հարցազրուցաւարի հակառուսական եռանդը: Ընդհանուր առմամբ, ոչինչ չէր վկայում հաստատուած պրակտիկայի մէջ լուրջ փոփոխութեան մասին եւ, իհարկէ, Ռուսաստանի հետ Հայաստանի աւելի ու աւելի բարձրաձայն վէճի բացայայտ հաւանութեան մասին»,- ընդգծում է Գրիգորեանը։
Սակայն, գրում է վերլուծաբանը, վերաբերմունքը սկսեց փոխուել ուկրաինական հակամարտութեան սրումից յետոյ եւ այն բանից յետոյ, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցութիւնը վերածուեց թանկարժէք առճակատման՝ զրոյական արդիւնքով:
«Այն, ինչ ժամանակին համարւում էր շատ հեռու, սկսեցին թուալ ողջամիտ տարբերակներ: Դրանց թւում էր զգուշաւորութեան կոչերից եւ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անխոհեմ պահուածքը խրախուսելու դժկամութիւնից անցում դէպի այդ վարքագծի բացայայտ խրախուսումը:
Այս տեղաշարժի առաջին նախանշանը Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ) տնօրենի աննախադէպ այցն էր Հայաստան 2022 թուականի ամռանը։ Սա սովորական այց չէր Պետքարտուղարութեան որեւէ պաշտօնեայի կամ որեւէ կոնգրէսականի կողմից, որը փորձում էր իր հայ ընտրողներին գրաւել: Եթէ անգամ նրա այցի նպատակի մասին մամուլի հաղորդագրութիւնները եւ հայ պաշտօնեաների հետ նրա զրոյցների թեմաներն այնքան էլ տեղեկատուական չէին, կարելի էր վստահօրէն եզրակացնել, որ այս այցը նշանակում էր Հայաստանի դիրքի բարձրացում ամերիկեան ռազմավարական առաջնահերթութիւններում»,- նշում է յօդուածի հեղինակը։
Իր յօդուածում փորձագէտը յիշեցնում է, որ դրան յաջորդել է Կոնգրեսի պատուիրակութեան այցը Նենսի Փելոսիի գլխաւորութեամբ՝ աջակցութիւն յայտնելու Հայաստանին 2022 թուականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժումից եւ ՀԱՊԿ-ի՝ իր պայմանագրային պարտաւորութիւնների կատարումից ու Հայաստանին օգնութեան հասնելու հրաժարումից յետոյ:
«Այդ նոյն տարում աւելի ուշ բրիտանական գաղտնի հետախուզական ծառայութեան ղեկավար Ռիչարդ Մուրը այցելեց Հայաստան, որը նոյնպէս աննախադէպ էր եւ նոյնպէս այլ բացատրութիւն չէր կարող ունենալ, քան Հայաստանի հետ յարաբերութիւնների էական վերագնահատումը։ Փաշինեանը եւս մէկ հանդիպում է ունեցել Մուրի հետ 2024 թուականի փետրուարին Միւնխենում միջազգային համաժողովի շրջանակում։
Այս փոփոխութիւններին համահունչ արտասովոր յայտարարութիւն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը, ով բացայայտօրէն մեղադրեց Ռուսաստանին, որ նա 2022 թուականի սեպտեմբերեան յարձակումից յետոյ դրդել է Ադրբեջանին յարձակուել Հայաստանի վրայ:
Այս յայտարարութիւնը սուր քննադատութեան է արժանացել Ռուսաստանի, ինչպէս նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Վերջերս ֆրանսիացիները որոշեցին Հայաստանին տրամադրել ժամանակակից սպառազինութիւն, այդ թւում՝ բաղձալի «Caesar» հաուբիցները, որոնք տագնապ առաջացրին Ադրբեջանում եւ զարմանք Մոսկուայում»,- գրում է Գրիգորեանը։
Ըստ վերլուծաբանի, անորոշութիւնը, թէ ինչով է զբաղւում Արեւմուտքը, աւելի է մեծացրել ԱՄՆ պէտքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով վերջերս այցելել է Հայաստան։
«Իր այցի ընթացքում նա հարցազրոյց է տուել «Ազատութիւն» ռադիօկայանի հայկական ծառայութեանը, որտեղ, ի թիւս այլ հարցերի, պնդել է, որ Ռուսաստանին պէտք է բացառել Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող հաղորդակցութիւնների բացման նախագծից, որը նաեւ կապում է Կենտրոնական Ասիան տարածաշեւրջանի այլ երկրներին:
Նա նաեւ պնդել է, որ Ռուսաստանը պէտք է բացառուի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացից, ինչը, ըստ էութեան, նշանակում է Ռուսաստանին բացառել տարածաշրջանից։ Օ’Բրայենը ողջունել է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը եւ Ռուսաստանին դիմակայելու երկրի վճռականութիւնը եւ ասել, որ հայ-ամերիկեան յարաբերութիւնները բարձրանում են ռազմավարական գործընկերութեան մակարդակի»,- գրում է յօդուածի հեղինակը։
Վերլուծաբանին հարցադրում է անում, թէ ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս տեղաշարժը:
«Հայաստանի կառավարութիւնը եւ արեւմտամէտ տարբեր ուժերը, որոնք երկրի կտրուկ ռազմավարական վերակողմնորոշումը դարձրել են իրենց քաղաքական օրակարգի առանցքը, սա դիտարկում են որպէս իրենց ջանքերի հաստատում եւ իրենց դիրքորոշման ճշմարտացիութեան ապացոյց: Սա ամրապնդել է նրանց վճռականութիւնը շարունակելու իրենց անխոհեմ ընթացքը»,- գրում է վերլուծաբանը:
Ըստ Գրիգորեանի՝ ակնյայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բախման ճանապարհին է, հետեւաբար նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ լիովին անպաշտպան դառնալու ճանապարհին, քանի որ Հայաստանին ամէն մի զիջման նրանք պատասխանում են նոր պահանջներով։
«Սա նաեւ լուրջ տնտեսական հետեւանքներ կ’ունենայ Հայաստանի համար՝ հաշուի առնելով Հայաստանի կախուածութիւնը ռուսական շուկայից եւ ՌԴ-ից էժան էներգակիրների արտահանումից։ Հարցն այն է, թէ ինչ կ’անի Արեւմուտքը, երբ այս բախումը տեղի ունենայ։ Այս հարցին պատասխանելու եղանակներից մէկը Վրաստանի եւ Ուկրաինայի տխուր փորձառութիւնները յիշելն է։ Եւ լաւագոյն դէպքում պատասխանը «բաւարար չէ»: Այնուամենանիւ, մենք նոյնիսկ կարիք չունենք այս փորձի էքստրապոլացիայի վրայ հիմնուել»,- ընդգծում է յօդուածի հեղինակը։
Վերլուծաբանն իր յօդուածում յիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ «Ազատութիւն» ռադիօկայանը հարցազրոյց է վերցրել Հայաստանում ԱՄՆ դեսպանից, որին տրուել է այդ հարցը, թէեւ մի փոքր աւելի ընդհանուր եւ մեղմ ձեւակերպմամբ։
«Նա խօսել է հայկական բանակին շտապօգնութեան զրահապատ մեքենաներով ապահովելու եւ Ղարաբաղից փախստականներին անգլերեն սովորեցնելու դասընթացնէր կազմակերպելու ծրագրերի մասին։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիների կողմից Հայաստանին ժամանակակից զէնք վաճառելուն, ապա սա ամենավատն է բոլոր խաղաղութիւններից։ Դա անհանգստութեան աղբիւր կը հանդիսանայ Ադրբեջանի համար՝ ստեղծելով կանխարգելիչ խթաններ՝ առանց Հայաստանին անվտանգութեան երաշխիքներ տրամադրելու պատրաստակամութեան կամ ունակութեան, եթէ այդ խթանները կիրառուէն՝ միաժամանակ դա Ռուսաստանին տալիս է Ադրբեջանին դրդելու խթաններ:
Նոյն տրամաբանութիւնը վերաբերում է Հայաստանի՝ ռազմավարական գործընկերութեան անցնելուն։ Դա վկայում է երկարաժամկէտ հեռանկարում Հայաստանի հնարաւոր ինտեգրման մասին արեւմտեան կառոյցներին, ինչը ռուսներն անընդունելի են համարում։ Միեւնոյն ժամանակ, Արեւմուտքը չի կարողանում կարճաժամկէտ հեռանկարում պաշտպանել Հայաստանը Մոսկուայի զայրոյթից։
Եթէ վերաձեւակերպենք Ջոն Միրսհայմերի յայտնի արտայայտութիւնը, կարելի է ասել, որ Արեւմուտքն ուղղորդում է Հայաստանին դէպի յետագայ հակամարտութիւն»,- գրում է փորձագէտը։