Ադրբեջանը՝ կրօնական ազատութեան խախտման առաջամարտիկ. Արտակ Բեգլարեանի յօդուածը Newsweek-ում

Ադրբեջանը՝ կրօնական ազատութեան խախտման առաջամարտիկ. Արտակ Բեգլարեանի յօդուածը Newsweek-ում

 Ամերիկեան յայտնի Newsweek հանդէսը հրապարակել է «Արցախ Միութեան» նախագահ Արտակ Բեգլարեանի յօդուածը.

«Ադրբեջանի լոբբիստները յաճախ մոլորեցնող կերպով գովաբանում են Ադրբեջանը որպէս «կրօնական հանդուրժողականութեան փարոս»: Այդ խօսոյթը պահանջում է շատ աւելի մանրակրկիտ քննութիւն, քանի որ իրականութիւնը փաստում է մեծապէս տարբերուող եղելութիւն:

Վերջին տարիներին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիեւի գլխաւորութեամբ, ցեղասպանութիւն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի նկատմամբ, ինչպէս գնահատուել է միջազգային առաջատար փորձագէտների, այդ թւում՝ Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոյի եւ ՄԱԿ-ի ցեղասպանութիւնների կանխարգելման առաջին յատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից: Բացի բազմաթիւ հայկական ու քրիստոնեական յուշարձանների աւերածութիւնից, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականութիւնը յանգեցրել է մօտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինաւուրց հայրենիքից:

Ադրբեջան՝ մարդու իրաւունքների դժոխք

Տարիներ շարունակ Freedom House-ը դասակարգել է Ադրբեջանը որպէս «ոչ ազատ» երկիր, որն ունի քաղաքական իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների աշխարհի ամենավատ ցուցանիշներից մէկը՝ ինչպէս ներքին խախտումների, այնպէս էլ հայերի դէմ իրականացուած յանցագործութիւնների պատճառով:

Ցեղասպանութեան առաջին փուլի՝ 2020թ.-ի աւարտից յետոյ ադրբեջանական իշխանութիւնները 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակման ենթարկեցին Արցախի քրիստոնեայ հայերին: Ինչպէս փաստում է Amnesty International-ը, շրջափակումը յանգեցրել է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի եւ վառելիքի խիստ պակասութեան՝ առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ:

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրուարի 22-ին եւ յուլիսի 6-ին ընդունուած հրամաններին, որոնք պահանջում էին Ադրբեջանից վերացնելու շրջափակումը, Ալիեւի ռեժիմը ոչ միայն շարունակեց շրջափակումը, այլեւ սեպտեմբերին սկսեց ագրեսիայ, որը յանգեցրեց ամբողջ բնակչութեան բռնի տեղահանմանը: Յետագայում՝ 2023թ.-ի նոյեմբերի 17-ին ԱՄԴ-ը նոր հրաման ընդունեց, որը ճանաչեց բռնի տեղահանումը եւ պարտաւորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւնը եւ մի շարք այլ քայլեր:

Բացի այդ, Ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովը (ECRI) մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելութեան խօսքի տարածման վերաբերեալ: ECRI-ի վերջին զեկոյցն ընդգծել է ռասիզմի եւ անհանդուրժողականութեան հետ կապուած ընթացիկ խնդիրները: ՄԱԿ-ի խոշտանգումների դէմ կոմիտէն (CAT) նոյնպէս ահազանգել է հայերի նկատմամբ ռազմական գործողութիւնների ընթացքում արտադատական սպանութիւնների, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ այդ գործողութիւնները յաճախ կատարւում են էթնիկ ատելութեան հիման վրայ:

Freedom House-ը բառացիօրէն օրեր առաջ հրապարակել է զեկոյց, որում ասւում է, որ «Ադրբեջանի փաստագրուած գործողութիւնները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպէս դրանք հասկացւում են նախկին Հարաւսլաւիայի հակամարտութեան համատեքստում՝ արտադատական սպանութիւնների, խոշտանգումների, կամայական ձերբակալութիւնների եւ ազատազրկումների, սննդի եւ կենսապահովման դեղորայքի հասանելիութեան սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչութեան բռնի տեղահանման եւ գոյքի նպատակային ոչնչացման միջոցով»:

Քրիստոնեայ հայերի կրօնական ազատութիւնը՝ Ադրբեջանի մարդու իրաւունքների դժոխքի կրակներում

ԱՄՆ միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովի (USCIRF) վերջին զեկոյցը խորհուրդ է տուել պէտքարտուղարութեանը դասել Ադրբեջանը որպէս «յատուկ մտահոգութեան երկիր»՝ Աֆղանստանի, Նիգերիայի, Հիւսիսային Կորեայի եւ այլ երկրների շարքում: USCIRF-ը փաստագրել է կրօնի կամ հաւատքի հիման վրայ ձերբակալուած բանտարկեալների թուի զգալի աճ, իսկ իշխանութիւնները յաճախ մեղադրւում են ազատազրկուած անձանց խոշտանգելու մէջ: Բացի այդ, USCIRF-ն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրօնական վայրերի ոչնչացումը, ներառեալ՝ հայկական մշակութային ժառանգութեան համակարգուած վերացումը:

2020 թուականից ի վեր ագրեսիաների հետեւանքով աւելի քան 6,000 հայկական մշակութային յուշարձաններ, այդ թւում՝ 4-րդ դարից ի վեր կառուցուած աւելի քան 400 եկեղեցիներ, անցել են ադրբեջանական բռնազաւթման տակ: Վանդալիզմի հարիւրաւոր դէպքերի հետ մէկտեղ վերջին եւ ամենացաւալի օրինակներից մէկը բռնազաւթուած Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն էր, որտեղ ես պսակադրուել եմ 2017 թուականին: Վերջերս տեղի ունեցած մէկ այլ յանցագործութիւն էր Բերձորի Սուրբ Յարութեան եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը:

2021 թուականին BBC-ն հետաքննել եւ փաստագրել է Մեխակաւանի Սուրբ Աստուածածին եկեղեցու ամբողջական աւիրումը: 2020 թուականի ագրեսիայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց տաճարը երկու անգամ թիրախաւորուել է ադրբեջանական ուժերի կողմից, որը փաստագրել է նաեւ Human Rights Watch-ը:

2021 թուականի դեկտեմբերի 7-ի հրամանով ԱՄԴ-ը պաշտօնապէս յանձնարարեց, որ Ադրբեջանը «պէտք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգութեանը վնաս հասցնող եւ սրբապղծող գործողութիւնները, այդ թւում՝ եկեղեցիներ եւ այլ պաշտամունքի վայրեր, յուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմաններ եւ արտեֆակտներ»: Այդ վճռից յետոյ Եւրոպական խորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին ամբողջութեամբ իրականացնել ԱՄԴ-ի հրամանը, մասնաւորապէս՝ «զերծ մնալ հայերէն լեզուի ճնշումից, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումից կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայութեան վերացմանը միտուած գործողութիւններից կամ այնտեղ հայերի մուտքն ու օգտուելն արգելափակելուց» եւ ապահովել «հայկական մշակութային եւ կրօնական շէնքերի ու վայրերի, արտեֆակտների կամ օբյեկտների վերականգնումը կամ վերադարձը»:

2023 թուականին մեր տներից բռնի տեղահանուելուց յետոյ մէզնից ոչ մէկին չի թոյլատրւում վերադառնալ կամ այցելել մեր եկեղեցիները եւ գերեզմանները: Աւելին, մեծ ցաւով եւ անհանգստութեամբ մենք յաճախ հետեւում ենք արբանեակային եւ ադրբեջանական լուսանկարներին, որոնք ցոյց են տալիս մեր եկեղեցիների, գերեզմանների, տների եւ այլ ժառանգութեան ոչնչացումը մեր բռնազաւթուած հինաւուրց երկրում:

Չնայած այս փաստագրուած յանցագործութիւններին, ոչ մի միջազգային առաքելութիւն, այդ թւում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մուտք չունի Լեռնային Ղարաբաղ: Այս յանցաւոր սցենարի եւ ողբերգութիւնների հետեւում մենք արձանագրում ենք միջազգային հանրութեան խորը անբարոյականութիւնը, երբ իմ ժողովրդի ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ որոշուեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP 29) անցկացնել նաւթով հարուստ, աւտօրիտար եւ ցեղասպանական Ադրբեջանում 2024 թուականին:

Ամփոփելով՝ թէեւ որոշ կրօնական համայնքներ կարող են Ադրբեջանում զգալ յարաբերական եւ ցուցադրական ազատութիւն, հայ քրիստոնեաների նկատմամբ ցեղասպանութեան, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների զանգուածային խախտումների, ինչպէս նաեւ ներքին իրաւախախտումների եւ բռնաճնշումների լայնածաւալ ապացոյցները ստեղծում են զօրեղ հիմնաւորումներ, թէ ինչու Ադրբեջանը պէտք է դասուի որպէս «յատուկ մտահոգութեան երկիր» եւ պատասխանատուութեան ենթարկուի միջազգային հանրութեան կողմից: Հետեւաբար, Պետքարտուղարութիւնը պէտք է հետեւի ոչ միայն Freedom House-ի խորհրդին Միջազգային քրէական դատարան դիմելու վերաբերեալ, այլեւ USCIRF-ի յորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական եւ ցեղասպանական ռեժիմի դէմ, որը ոչ թէ «փարոս» է, այլ՝ մարդու իրաւունքների դժոխք»:

Share