Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է աշխարհին՝ նշելով, որ իր վարչակազմի օրօք առաջնահերթ ուշադրութիւն կը յատկացուի հարեւան երկրների հետ յարաբերութիւններին։
Իրանի նախագահի ուղերձը հրապարակուել է Tehran Times-ի էջերում։
«Մենք կողմ կը լինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թէ այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հէգեմոնիայի եւ գերիշխանութեան միւսների հանդէպ։ Ես համոզուած եմ, որ հարեւան եւ եղբայրական երկրները չպէտք է իրեց արժէքաւոր ռեսուրսները վատնէն կործանարար մրցակցութեան, սպառազինութիւնների մրցավազքի եւ միմեանց անհիմն զսպելու վրայ։ Դրա փոխարէն մենք կձգտենք ստեղծել պայմաններ, որոնցում մեր ռեսուրսները կուղղուէն տարածաշրջանի զարգացմանը եւ առաջընթացին՝ ի բարօրութիւն բոլորի»,- նշել է նա իր ուղերձում։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանն ակնկալում է համագործակցել Թուրքիայի, Սաուդեան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քւուեյթի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների եւ տարածաշրջանային կազմակերպութիւնների հետ՝ տնտեսական կապերի խորացման, առեւտրային յարաբերութիւնների ամրապնդման, համատեղ ներդրումների խթանման, ընդհանուր խնդիրների լուծման եւ երկխօսութեան համար տարածաշրջանային հիմք ստեղծելու, վստահութեան եւ զարգացման ամրապնդման նպատակով։
«Մեր տարածաշրջանը շատ երկար է տառապել պատերազմներից, միջդաւանաբանական հակամարտութիւններից, ահաբեկչութիւնից եւ ծայրայեղականութիւնից, թմրավաճառքից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակայ միջացովայրի դեգրադացիայից եւ օտարերկրեայ միջամտութիւնից։ Եկել է այդ ընդհանուր խնդիրները ի բարօրութիւն ապագայ սերունդների լուծելու ժամանակը; Համագործակցութիւնը լինելու է մեր արտաքին քաղաքականութեան առաջնորդող սկզբունքը»,- նշել է Իրանի նախագահն իր ուղերձում։