Անյաջող հեռուստաբանաւէճից յետոյ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնն յայտարարել է, թէ հաստատակամ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դէմ ընտրապայքարում եւ մտադիր չէ զիջել Սպիտակ տունը հանրապետականներին: «Ամերիկայի ձայնը» հետաքրքրուել է ԱՄՆ քաղաքացիներից, թէ ինչ են մտածում իրավիճակի վերաբերեալ։
Բայդենի նախընտրական թիմը շարունակում է ակտիւ քարոզարշաւը՝ ըստ էութեան, անտեսելով կոչերը, թէ Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պէտք է դուրս գայ ընտրապայքարից։
Վիսքոնսինում կայացած հանրահաւաքին Ջոյ Բայդէնը յայտարարել է, որ շարունակում է ընտրապայքարը:
Սաբրինայ Ջորդանի խօսքով, Բայդէնը տակաւին կենսունակ թեկնածու է, եւ եթէ կտրուկ փոփոխութիւններ չլինէն, ինքը կը շարունակի սատարել ԱՄՆ գործող նախագահին։
Վիսքոնսինից Ջոնաթան Լուստագը, սակայն, վստահ չէ Բայդենին աջակցելու հարցում՝ կարծիք յայտնելով, որ նա այլեւս նախկին Ջոյ Բայդէնը չէ եւ «հնարաւոր չէ յաղթել ծերութեանը»:
Նման հեռուստաբանաւէճից յետոյ նախընտրական արշաւը շարունակելու Բայդենի որոշումը դէմոկրատներին հարող Էլիս Ջոնսթօնի մօտ եւս մտահոգութիւններ են առաջացրել: Մինեսոտայի բնակիչը վստահ չէ, որ Բայդէնն կարող է յաղթել գալիք ընտրութիւններում։
Թրամփի կողմնակիցների պարագայում հեռուստաբանաւէճի ընթացքում Ջոյ Բայդենի խօսքը, կարծես, ամրապնդել է այն տեսակէտը, թէ նա անկարող է նախագահել եւս մէկ ժամկէտ:
Հեռուստաբանաւէճի ժամանակ Բայդենի ելոյթը չի արտայայտում ողջ իրականութիւնը՝ ասում է Ջորջիայի բնակիչ Ջեֆրի Տանարելին. «Ջոյ Բայդէնը խելացի է։ Բայց նա լաւ հանդէս չեկաւ եւ չարդարացրեց սպասելիքները»:
Վաշինգտօնի բնակիչ Հաննայ Սոբոլեւիչը նոյնպէս այն կարծիքին է, որ Բայդէնն այլեւս չունի նախկին էներգիան։ Սոբոլեւիչը մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահի այլ դէմոկրատ թեկնածուի, երբ նա հանդէս գայ։
Միչիգանի բնակիչ Լեքսիս Զեյդանի կարծիքով, այլ թեկնածու առաջ քաշելու պարագայում դէմոկրատները պէտք է արագ գործեն․ «Բազմաթիւ են խօսակցութիւնները, թէ ինչ կարող է անել Դեմոկրատական կուսակցութիւնը, որպէսզի վերադարձնի իր հզօրութիւնը մինչեւ նոյեմբեր։ Հակառակ պարագայում մենք կը տեսնենք Թրամփի նախագահութիւնը»։
Կալիֆոռնիայից Ստեֆանի Բոուերսի խօսքով, Բայդենին կարող է փոխարինել ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Քամալայ Հարիսը, սակայն այդ տարբերակը կարող է չաշխատել. «Կցանկանայի Քամալային տեսնել որպէս թեկնածու, բայց նաեւ կարծում եմ, որ Թրամփը, հաւանաբար, աւելի դիւրին կը յաղթի Քամալային, քան Բայդենին»:
Ինչեւէ, շարունակելով քարոզարշաւը՝ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը յաջորդ շաբաթ ծրագրում է ելոյթներ ունենալ Տեխասում ու Նեւադայում:
VOA