Արցախի հարցը միտումնաւոր հանւում է օրակարգից

Արցախի հարցը միտումնաւոր հանւում է օրակարգից

Արցախի հասարակական կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ այսօր  ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի մօտ  մի խումբ արցախցիներ իրենց դժգոհութիւնն ու բողոքն են յայտնել միջազգային կառոյցներին՝ ընդդէմ նրանց լռութեան եւ անտարբերութեան:

Ակցիայի նախաձեռնողները նշեցին, որ այս գործողութիւններով արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացնում ՄԱԿ-ին, միջազգային կառոյցներին՝ ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրայ: Ադրբեջանն Արցախում ժամ առ ժամ նպատակադրուած վերացնում է Արցախի պատմական հետքը,  պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, գերազմանները, ինչպէս նաեւ շարժական եւ անշարժ գոյքը: Միջազգային բոլոր ընդունուած փաստաթղթերը մնում են սեղանին, գործուն քայլեր չէն ձեռնարկւում: ՀՀ իշխանութիւնները եւս արցախցիների իրաւունքների վերականգման ուղղութեամբ քայլեր չէն ձեռնարկում:  Արցախի հարցը միտումնաւոր հանւում է օրակարգից:  Արցախցիները նման գործողութիւններով փորձում են պայքարել իրենց իրաւունքների համար եւ այդ կերպ  հրաւիրել միջազգային կառոյցների ուշադրութիւնը:

«Մենք պահանջում ենք միջազգային հանրութիւնից ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ, որպէսզի չոչնչացուի մեր պատմական ճարտարապետութիւնը, մշակութային ժառանգութիւնը, մեր սեփականութիւնը, որ մնացել է Արցախում: Այսօրուայ ակցիայի մեր հիմնական  պահանջը սա է:

Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է հայի հետքը, որպէսզի ընդհանրապէս չխօսուի արցախցիների վերադարձի մասին: Միջազգային հանրութեան եւ ՀՀ իշխանութեան լռութիւնը նպաստում է դրան: Չգիտես ինչու Հայաստանում ո՛չ հասարակութեան լայն զանգուածը, ո՛չ իշխանութիւնը դրա մասին չէն խօսում: Մենք պէտք է այս խնդիրները անընդհատ թէժ պահէնք, ինքներս պայքարէնք մեր իրաւունքների համար»,- նշեցին ակցիայի նախաձեռնողները:

Անյայտ կորած զինծառայողների հարազատները խիստ մտահոգուած են միջազգային կառոյցների անգործութիւնից: Նրանք պահանջում են այդ կառոյցներից հաշուի առնել արցախցիների իրաւունքներն ու պահանջները:  «Արցախը ենթարկուել է ցեղասպանութեան: Արցախի ժողովուրդը տեսել է չորս պատերազմ, Արցախի երեխաները տեսել են շրջափակում ու սով: Մեր անմեղ բնակչութեան հաշուին գերտէրութիւնները, միջազգային կառոյցները հետապնդել են սեփական՝ ոչ Արցախի ու արցախցու շահերը: Պահանջում ենք, որ միջազգային հանրութիւնը ճնշում գործադրի Ադրբեջանի վրայ եւ զբաղուի անյայտ կորած ու գերեւարուած մեր հայրենակիցների ճակատագրերով: Մինչեւ այսօր ոչ մի քայլ չի կատարուել այդ ուղղութեամբ, մենք ոչ մի տեղեկութիւն չունենք մեր հարազատների մասին»,-ասում է ակցիայի մասնակից անյայտ կորած զինծառայողի հարազատը:

Ակցիայի աւարտին նախաձեռնողները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցչին:

Ապառաժ

Share