Յունիսի 12-ը չի կարող հէնց այնպէս անցնել, մենք բոլոր ուղղութիւններով աշխատանքներ ենք տանում, յատկապէս մեր իրաւաբաների հետ: Այս մասին այսօր` յունիսի 27-ին, Սուրբ Աննայ եկեղեցու բակում յայտարարել է Բագրատ Սրբազանը:
«Ես ուղղակիօրէն յորդորում եմ, նաեւ որոշակի յանձնարարութիւն եմ տուել մեր քաղաքական ուժերին, որ որոշակի ուղղութիւններով իրենք զբաղուեն եւ ուրախ եմ, որ յանձն են առել: Յորդորում եմ նաեւ քաղաքական միաւորուած կազմակերպութիւններին ոստիկանական բռնութիւնների ուղղութեամբ աշխատանք ծաւալեք, դրանք կը լինէն զեկոյցների կամ այլ ձեւերով»,-ասել է նա: Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ շարժման տրամաբանութիւնը լինելու է այն, ինչով մենք սկսել են։
«Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էութիւնը, բովանդակութիւնը բարձր իմաստով հոգեւոր է։ Եթէ նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրուանի լուծումները քաղաքական են: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դէմ է, չարիքի մարմնաւորման դէմ է, այն չարիքի, որը վիշապի պէս նստած է զուլալ աղբիւրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլեւ միեւնոյն ժամանակ ծարուի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրութիւնը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, Սրբազանի խօսքով, իրենք յայտարարել են. «Լուծումները տարաբնոյթ են, բայց մէկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եւ դա քաղաքական է, մեր պայքարն այդպէս է լինելու»:
Նշէնք, որ Բագրատ Սրբազանն ու Շարժման ներկայացուցիչները վաղը այցելելու են Սիւնիք։ Եռօրեայ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսուած բնակիչների հետ։