Politico-ն բացայայտել է՝ ինչպէս է Ադրբեջանն արտէրկրում ուղղորդուած հակաքարոզչութիւն իրականացնում Ռուբէն Վարդանեանի դէմ:
Հեղինակաւոր Politico պարբերականը «Շաբաթուայ արտառոց լոբբիստական արշաւ» խորագրով հրապարակման մէջ բացայայտել է, թէ ինչպէս է Ադրբեջանն արտէրկրում ուղղորդուած հակաքարոզչութիւն իրականացնում իրենց բանտում ապօրինի պահուող հայ բարերար Ռուբէն Վարդանեանի դէմ: Ստորեւ ներկայացւում է հրապարակման թարգմանութիւնը.
«Զարմանքից քար էինք կտրել, երբ անցած շաբաթ POLITICO պարբերականը, եւ, անկասկած, այլ լրատուամիջոցներ եւս, մի PR ընկերութիւնից էլեկտրոնային նամակ ստացաւ, որում նկարագրւում էր Եւրոպայում ռուսական ազդեցութեան գործողութիւնների մասին։ Թեպետ սա շատ գայթակղիչ էր հնչում, սակայն այն կենտրոնացած էր բացառապէս մէկ մարդու վրայ․ինչպէս իմ գործընկեր Գաբրիել Գաւինը նկատեց՝ ռուսահայ օլիգարխ Ռուբէն Վարդանեանի:
Շահային հետաքրքրութիւն. Ռուբէն Վարդանեանը ներկայումս գտնւում է Ադրբեջանում՝ ճաղերի հետեւում, այն իրադարձութիւններից ի վեր, երբ այդ երկիրը յարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրայ՝այն գրաւելու նպատակով, ինչի հետեւանքով էլ Ղարաբաղի հայ բնակչութիւնը ենթարկուեց զանգուածային արտագաղթի: Չնայած 56-ամեայ Վարդանեանն իր միջոցները վաստակել է Մոսկուայում եւ յայտնուել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ենթակառուցուածքային բիզնեսներում ներգրաւուածութեան համար, նա հրաժարուել է Ռուսաստանի քաղաքացիութիւնից՝ քաղաքականութիւն մտնելու եւ Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Ենթադրութիւններ կային, որ նա պահում էր կապերը Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայուած ռուս խաղաղապահները, վերջին հաշուով, թողեցին, որ ադրբեջանցիները կալանաւօրէն Վարդանեանին ու տարածաշրջանի միւս ղեկավարներին:
Արեւմուտքում բարձր դիրքեր զբաղեցնող ընկերներ. Unilever ընկերութեան նախկին ղեկավար Փոլ Փոլմանը եւ Moderna դեղագործական ընկերութեան համահիմնադիր Նուբար Աֆեյեանն այն մարդկանց թւում են, որոնք ակտիւ քարոզչութիւն են իրականացնում Վարդանեանի ու միւս հայերի ազատ արձակման համար: Նրա գրասենեակը նաեւ յայտարարել է, որ Վարդանեանին առաջադրել են Խաղաղութեան Նոբելեան մրցանակի, թէպէտ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսէրը գրեթէ զրոյական են՝ հաշուի առնելով նրա ոչ միանշանակ անցեալը:
Ռուսական գործակա՞լ. Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատուամիջոցների տեղեկութիւնների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եւ հէնց այստեղից էլ սկիզբ է առել PR արշաւը, որի շրջանակում Եւրախորհրդարանի որոշ պատգամաւորներ աջակցութիւն են յայտնել այն միջնորդութեանը, որը կոչ է անում Նոբելեան մրցանակի կոմիտեին՝ Վարդանեանին ճանաչել որպէս Ռուսաստանի գործակալ եւ բացառել նրա թեկնածութիւնը որպէս պոտենցիալ մրցանակակիր:
Եւի՞նչ.Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծութիւնների եւ ռազմավարութիւնների կենտրոնի անունից գործող PR ընկերութեան տարածած մամուլի հաղորդագրութեան համաձայն՝ Եւրախորհրդարանի պատգամաւորներ Վիոլայ ֆոն Կրամոն-Տաուբադելը եւ Կարէն Մելքիոն աջակցութիւն են յայտնել այդ հեղինակաւոր մրցանակից Վարդանեանի թեկնածութիւնը բացառելու կոչերին։ Սակայն կայ միայն մէկ խնդիր. այդ քաղաքական գործիչները POLITICO-ին յայտնել են, որ իրենք նման բան չէն արել՝ ենթադրելով, որ իրենց խօսքերը միտումնաւոր կերպով հանուել են կոնտեքստից եւ ներկայացուել են որպէս աջակցութիւն Ադրբեջանի թեզերին:
Կտրուկ հերքում. «Ես մասնակցել եմ այդ միջոցառմանը այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատուութեանը», — ասել է Եւրախորհրդարանի գերմանացի պատգամաւոր ֆոն Կրամոն-Տաուբադելը: «Ամոթալի է, որ այդ միջոցառումը, թերեւս, օգտագործւում է ադրբեջանական ապատեղեկատուութեան համար։ Ես չեմ աջակցել որեւէ համատեղ յայտարարութեան եւ չէի մասնակցի դրան, եթէ այն որեւէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ»,-ասել է գերմանացի օրէնսդիրը։ Դանիացի օրէնսդիր ՄելքիոնեւսPOLITICO-ին ասել է, որ ինքը ոչ ստորագրել է որեւէ յայտարարութիւն, ոչ էլ մտադիր է եղել:
Բրիւսելի մամուլի ակումբի խօսնակը հերքել է, որ ակումբը որեւէ մասնակցութիւն է ունեցել նմանօրինակ լոբբիստական միջոցառմանը վստահելու առումով: «Յուրաքանչիւր ոք կարող է ամրագրել մեր ակումբը, ինչպէս Բրիւսելի ցանկացած հիւրանոց, եւ մենք տարեկան հարիւրաւոր միջոցառումներ ենք ունենում», — ասել է ակումբի աշխատակիցը, որը պատասխանել է POLITICO-ի հեռախօսային հարցմանը: «Բայց մենք այս միջոցառումների կազմակերպիչները չենք, մենք պարզապէս հիւրընկալում ենք դրանք»,-ընդգծել է նա:
Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծութիւնների եւ ռազմավարութիւնների կենտրոնը։ Դէ սա ամենեւին էլ պարզ չէ: Կազմակերպութիւնը, կարծես թէ, չունի անգլերենով կամ ուկրաիներէնով գործող կայք, Ֆեյսբուքի էջն ունի ընդամէնը 88 հաւանում եւ Google-ում առկայ ընդամէնը հինգ յղումներից չորսը ադրբեջանամէտ յօդուածներ են, որոնք գրուել են կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոյի կողմից:
Մտահոգութիւն առաջացնող երկիր. Ադրբեջանն արդէն քննադատութեան է ենթարկւում հանածոյ վառելիքի պաշտպանութեան եւ Արեւմուտքում ունեցած ազդեցութեան ցանցի համար, բայց Եւրախորհրդարանի պատգամաւորների դիրքորոշումներն ակնյայտօրէն խեղաթիւրելը՝ նշանաւորուելու է այդ երկրի եւ Եւրախորհրդարանիմիջեւ մի նոր ճեղքուածքով»։
news.am