31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ յունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանութեան բանակը վերջնականապէս ազատագրեց Մարտակերտ քաղաքը

31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ յունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանութեան բանակը վերջնականապէս ազատագրեց Մարտակերտ քաղաքը

31 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ յունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանութեան բանակը վերջնականապէս ազատագրեց Մարտակերտ քաղաքը, որը գրեթէ 1 տարի գտնւում էր թշնամու օկուպացիայի տակ։

Քարովաճառի ռազմական գործողութիւնից յետոյ, երբ ջախջախուել էր ադրբեջանական զինուժի Լաչին-Քելբաջարեան խմբաւորումը, ՊԲ հրամանատարութիւնը ձեռնամուխ եղաւ Մարտակերտի ազատագրման ռազմական գործողութեան մշակմանն ու նախապատրաստմանը։


Ծանր մարտական գործողութիւններից յետոյ` մարտնչելով հակառակորդի գերակայ ուժերի դէմ յունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ եւ յունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանութեանը եւ հարակից բնակավայրերի ազատագրմանը:

Արցախեան հերոսամարտում իրենց առանձնայատուկ տեղն ունեն Մարտակերտի ուղղութեամբ տեղի ունեցած ամենաթէժ մարտէրը, որոնց ընթացքում զոհուել են բազմաթիւ հաեորդիներ, որոնց թւում են նաեւ հանրայայտ Բեկոր Աշոտը` Աշոտ Ղուլեանը կամ Ասկոլկան:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմեան շրջանում, երբ 5 հոգով Շահումեանից Ստեփանակերտ զէնք էին տեղափոխում: 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպէսզի խօսելիս միմեանց տարբերէն, որոշում են բոլորին մականուն տալ:

Աշոտին, որն արդէն հասցրել էր ինքնաշէն զէնքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անուանեցին Բեկոր (Ասկոլկայ):

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղուած մարտէրից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումեան, Կրկժան, Վերին Շէն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղաւուզ, Սրխաւենդ, Բաշ-Գիւնեփայայ, Օրթայ-Գիւնեփայայ, Դրմբոն։ Նրա հրամանատարութեամբ բազմաթիւ բնակավայրեր են ազատագրուել:

1992-ին Շուշիի ռազմական գործողութեան ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխաւորութեամբ առաջինն է մտնում քաղաք:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի ազատագրման համար մղուած մարտը վերջինը եղաւ Բեկորի համար:

1993 թ. Աշոտ Ղուլեանը յետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: 1999 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագոյն կոչմանը, պարգեւատրուել է «Ոսկէ արծիւ» շքանշանով:

Մարտակերտի ուղղութեամբ թէժ մարտէրում իր մահկանացուն կնքեց պատերազմի մէկ այլ հերոս, հանրայայտ Լեոնիդ Ազգալդեանը:


Ազգալդեանը Ղարաբաղեան շարժման սկզբնաւորման օրից որպէս ռազմական առաջատար գործիչ մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատուութիւնը ամէն տեսակի ոտնձգութիւններից զէնքը ձեռքին պաշտպանելու գործում։ 1990 թ. փետրուարից վարել է «Անկախութեան բանակ»ի հրամանատարութիւնը, կազմակերպել մի շարք շրջանների եւ յատկապէս Վարդենիսի ինքնապաշտպանութիւնը:

Ազգալդեանը յետագայում իր ճակատագիրն ամբողջութեամբ եւ վերջնականապէս կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումեանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. յունիսին, Յովսեփ Յովսեփեանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպութիւնը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուօք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրուած շարժումների շղթայում եւ որի գլխաւոր հրամանատարը մնաց մինչեւ իր կեանքի վերջը։

Ազգալդեանը 1992 թ. յունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշէն գիւղի մօտ զոհ գնաց թշնամու դաւադիր կրակոցներին։
Հետմահու պարգեւատրուել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Մարտակերտում իր փառահեղ մարտական ուղին աւարտեց նաեւ Կարոյ Քահքեջեանը`Սպիտակ արջը:

Կարոն Արցախ էր եկել Միացեալ Նահանգներից ու Պարգեւ սրբազանի հովանաւորութեամբ հիմնել էր Խաչակիրների ջոկատը:

Շատ էին Կարոյի սխրանքները, բայց վերջին մարտն առանձնայատուկ ուշադրութեան է արժանի:

Մարտակերտի մերձակայ Պուշկէնեալ բարձունքը Խաչակիրներից առաջ շատերն էին փորձել գրաւել, բայց` ապարդիւն: Կարոյի մարտական ընկեր Շահէ Աճեմեանը յիշում է բարձունքի գրաւմանը նախորդած գիշերը.

«Յիշում եմ, ասաց` գնանք քնենք մի փոքր, որ գիշերն անցնենք գործի: Այնպէս ստացուեց, որ իրար կողք պառկեցինք: Ասեցի` Կարոյ, ախր մէզանից առաջ շատ աւելի զինուորներ զինուած փորձեցին վերցնել բարձունքը, բայց` չստացուեց: Հիմա մենք զէնք ու մարդ քիչ ունենք` բա այդպէս ոնց…Յիշում եմ` պտտուեց, նայեց ինձ ու ասաց` թէ կուախնաս դուն մի եկ, ով կուախենայ` թող չգայ. ես կգնամ»:

Մարտակերտ տանող Պուշկէնեալ բարձունքն ազատագրուեց: Իսկ մէկ օր անց ազատագրուեց նաեւ Մարտակերտը, բայց Կարոն դա չտեսաւ:

Նշէնք, որ 1992-ի սեպտեմբերի սկզբին՝ համաձայն ԼՂՀ ինքնապաշտպանաթեան կոմիտէի նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի «Պաշտպանական շրջանների եւ շրջանային ուժերի ու միջոցների լրակազմի հաստիքակազմակերպչական կառուցուածքի կազմակերպման մասին» թիւ 002 հրամանի կազմաւերուել էր Մարտակերտի պաշտպանական շրջան, ՄՊՇ` (4-րդ ՊՇ):

4-րդ ՊՇ-ի ստեղծման ակունքներում կանգնած էին նաեւ Վ. Բալայանը, Լեոնիդ Ազգալդեանը եւ այլոք։ ՄՊՇ-ի ստեղծման փուլում հակառակորդի վերահսկողութեան տակ էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքի գերակշիռ մասը, այդ թւում՝ շրջկենտրոնը։

Ռազմական գործողութիւններ են ընթացել Վաղուհաս-Վանք-Կիչան-Առաջաձոր բնագծում։ Մարտակերտի ուղղութեամբ մարտական գործողութիւնների ժամանակ զոհուել են ՊՇ-ի շուրջ 600 ազատամարտիկներ, շատերն արժանացել են մարտական շքանշանների եւ մեդալների։

ԱՊԱՌԱԺ

Share