«Մեղադրեալի» աթոռին՝ Արցախի պետականութիւնը

«Մեղադրեալի» աթոռին՝ Արցախի պետականութիւնը

Վահրամ Բագրատեան

mediahub.am

Ադրբեջանական լրատուամիջոցները յայտնում են ԼՂ նախկին ղեկավարութեան քրէական գործերով քննչական գործողութիւնների աւարտի մասին։ Գործերն առաջիկայում ուղարկուելու են դատարան։

Կասկածից վեր է, որ սա լինելու է դատավարութիւն՝ Արցախի պետականութեան, Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ:

Հենց այդ նպատակով են Արցախի նախկին ղեկավարները տարուել Բաքուի բանտեր:

Բայց արդեօ՞ք Հայաստանի հասարակութիւնը գիտակցում է տեղի ունեցողի ողբերգականութիւնը, հետեւանքները:

Մի փոքր կասկածում եմ:

Եթէ համարժէք գիտակցութիւն լինէր, ապա մեր հասարակութիւնը թոյլ չէր տա, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը, Ալիեւից էլ «ջանասիրաբար», պայքարեր այն ամէնի դէմ, ինչը կապուած է Արցախի հետ:

Վերջին ամենաթարմ օրինակը, երբ իրաւապահները շինծու հիմքերով առգրաւեցին Արցախի վերջին նախագահ Սամուել Շահրամանեանի աւտօմեքենան:

Քանի՞ մարդ ընդվզեց դրա դէմ, քանի՞ դատապարտող յայտարարութիւն հնչեց այդ թեմայով:

Ադրբեջանում Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը հալածում են բացայայտ, Երեւանում արցախցիների դէմ պայքարում են ծածուկ մեթոդներով՝ ամէն օր խորացնելով «հայաստանցի- արցախցի» անջրպետը:

Սա պետականութեան քաղաքակրթական ճգնաժամի յատկանիշ է, համապարփակ ճգնաժամի, որի չյաղթայարման գինը կարող է դառնալ պետութեան կորուստը:

Share