ՀՕՄ-ի բոլոր միաւորները  միասնական կամքով  նիւթապէս եւ բարոյապէս սատար  կանգնեցին արցախցիներին

ՀՕՄ-ի բոլոր միաւորները միասնական կամքով նիւթապէս եւ բարոյապէս սատար կանգնեցին արցախցիներին

Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Մելանեայ Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է միաւորի խնդիրների, տեղահանութիւնից յետոյ իրականացուած ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան որոշմամբ՝ Արցախի միաւորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ներքոյ՝ որպէս «Արցախ» մասնաճիւղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Մ․Բալայանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից յետոյ առաջնային խնդիրը կապուած էր  ՀՀ տարբեր բնակավայրերով սփռուած հոմուհիների մասին տեղեկութիւններ հաւաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:

Նրա խօսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միաւորները  միասնական կամքով  նիւթապէս եւ բարոյապէս սատար  կանգնեցին արցախցիներին։ Տեղահանութիւնից յետոյ Հայաստանի  Շրջանային վարչութեան  ծրագրերն ուղղուած էին արցախահայութեան օժանդակութեանը, որին անմիջական մասնակցութիւն է ցուցաբերել  ՀՕՄ–ի Արցախի միաւորը՝  իր գործունէութիւնը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան գրասենեակում:

«Մեր հօմուհիներն ակտիւօրէն   մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտութեան  սննդի, հիգիենայի  տուփերի պատրաստման  եւ  տրամադրման   աշխատանքներին: Կարճաժամկէտ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների յատկացուել է տարբեր տեսակի օժանդակութիւն՝ դրամական, նուէր–քարտէրի, սննդիարկղերի, անկողնային պարագաների,  ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի,  հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխուել են ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճիւղերի եւ ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- յայտնել է Մելանեայ Բալայանը:

2024թ․ փետրուարին դրամական օժանդակութիւն է տրամադրուել Գորիսում եւ շրջակայ գիւղերում բնակութիւն հաստատած Արցախից տեղահանուած 53 կարքաւոր ընտանիքի։ Օգնութիւնը տրամադրուել էր ՀՕՄ–ի Արեւմտեան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապէս ճշտուած ցուցակներով։

ԱՄՆ Արեւելեան շրջանի կողմից դրամական օգնութիւն է տրամադուել Խնձրիստանից տեղահանուած 50 ընտանիքի՝ առաջնահերթութիւն տալով Խնձրիստանի «Սոսէ» մանկապարտէզների սանիկների, զոհուած եւ պայթիւնից վիրաւորուած, ինչպէս նաեւ բազմազաւակ ընտանիքներին։ 

Կենտրոնական վարչութեան որոշումով  40 000 դրամ(100 ԱՄՆ $) արժողութեամբ «Երեւան սիթիի» սննդային քարտէր  են տրամադրուել 847 ընտանիքի։  Ծրագրում ընդգրկուել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին եւ  25-ին մարտական գործողութիւնների եւ պայթիւնի հետեւանքով  զոհուած, անյայտ կորած եւ գերի ունեցող ընտանիքները, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի եւ ուղեկից կառոյցների անդամները։

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով՝ երկարաժամկէտ ծրագրերի շրջանակում նախատեսւում է  իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղաւորման, հոգեբանական, առողջապահական, իրաւայ–խորհրդատուական  ծրագրեր։

Նա նշել է, որ արցախահայութեան  օժանդակութեան  ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միաւորը  հետեւողականօրէն  շարունակել  է նաեւ իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհուած հերոսների զաւակներ» ծրագրում ընդգրկուել են նաեւ 2023թ․  սեպտեմբերի 19-ի մարտական գործողութիւնների  եւ սեպտեմբերի 25–ի վառելիքի պահեստի պայթիւնի հետեւանքով զոհուածների  ու անյայտ կորածների անչափահաս  երեխաները։ Առ այսօր ծրագրում  ընդգրկուել են 360 նոր երեխաներ։ 

ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ դոլար է տրամադրուել  2023-2024 ուս․տարուայ ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երեւանի բուհերում սովորող արցախցի  երկու  ուսանողների։

Մելանեայ Բալայանը յաւելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գիւղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պէտք է սրբել արցունքները եւ հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելութիւնը»,- աւելացրել է նա։

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Share