Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Ամերիկայի Միացեալ Նահանգների մուտքը միջազգային յարաբերութիւնների որոշումների ընդունման գործընթաց, ազդարարուեց 20-րդ դարի առաջին քառորդում, մասնաւորապէս 1917թ․ից։ Լաւ պատրաստուած այդ մուտքին, որ կոչուած էր միջազգային քաղաքական գործընթացների հիմքում դնել ամերիկեան արժէքները, մեծացնել Նահանգների քաղաքական կշիռը, ամերիկեան քաղաքական միտքը պատրաստուել էր տասնամեակներ շարունակ։ Միջազգային յարաբերութիւններում ամերիկեան ներգրաւման ձեւի եւ բովանդակութեան բանաւէճը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Ամերիկայում ծնունդ էր տուել երկու քաղաքական դպրոցների։ Առաջին դպրոցի ներկայացուցիչները, որ մտածում էին թէ Ամերիկան, որ իր արժէքներով կատարելութեան է հասել ժողովրդաւարութեան պաշտպանութեան գործում, հետեւաբար ամբողջ աշխարհի համար պէտք է ծառայի որպէս փարոս։ Երկրորդ ուղղութեան ներկայացուցիչները «մարդկութեան ժողովրդաւարացումը» համարում էին ամերիկեան պարտականութիւն, այն համեմատում էին Խաչակրած արշաւանքների հետ եւ պնդում, որ Ամերիկան պէտք է պարտադրի իր ժողովրդավարական կարգերը մայրցամաքից դուրս։ Այսինքն, այս երկու դպրոցներն էլ միարժէքօրէն համակարծիք էին «ամերիկեան արժէքների» արտահանման հայեցակարգային պնդման մէջ, տարբերութիւնը միայն մեթոդաբանական էր՝ պարտադրում կամ առաջարկում (գրաւիչ լինելու միջոցով)։
Ամերիկան միջազգային յարաբերութիւնների որոշումների կայացման բարձրագոյն մակարդակին բարձրացնող նախագահը Վուդրոյ Վիլսոնն էր, որ ամերիկեան ներգրաւումը Առաջին համաշխարհային պատերազմում արդարացրեց ոչ միայն Գերմանիայի կողմից Մեքսիկային հրահրմամբ կամ սուզանաւային յարձակումներով, այլ նաեւ պնդելով, որ եթէ Ամերիկան չմիջամտի պատերազմին, ապա «ձայն չի ունենայ միջազգային հարթակներում»։
Եւրոպական եւ ամերիկեան դիւանագիտութիւնների առաջին հանդիպումն ու գաղափարական բախումը Փարիզի 1919թ․ խաղաղութեան խորհրդաժողովն էր, որտեղ ամերիկեան քաղաքական միտքը հանդէս եկաւ ժամանակի միջազգային յարաբերութիւնների վերաձեւակերպման բաւական յաւակնոտ յայտով, ինչը հրապարակուեց նախագահ Վիլսոնի 14 կէտէրի տեսքով։ Ինչպէս Յենրի Քիսինջերն է, իր յայտնի «Դիւանագիտութիւն» աշխատութեան սկբնամասում նկատում․ «Իր յայտնի տասնչորս կէտէրով Վուդրոյ Վիլսոնը եւրոպացիներին ասում էր, որ այսուհետ միջազգային կարգը պէտք է հիմնուած լինի ոչ թէ ուժի հաւասարակշռութեան վրայ, այլ ազգերի ինքնորոշման իրաւունքի վրայ, որոնք (ազգերը-ԳՂ) իրենց անվտանգութեամբ կախուած կը լինէն ոչ թէ ռազմական դաշինքներից, այլ հաւաքական անվտանգութիւնից, եւ որ իրենց դիւանագիտութիւնը այլեւս չպէտք է իրականացուի գաղտնի ձեւով»։
Վիլսոնի 14 կէտէրից երեքը ուղղակիօրէն, իսկ երեքն էլ անուղղակիօրէն վերաբերում էին ազգային ինքնորոշմանը։ Այդ կէտէրից 12-րդը վերաբերում էր Օսմանեան կայսրութեանը, հետեւաբար նաեւ հայութեանը․ «Օսմանեան կայսրութեան ներկայիս թուրքական մասի համար պէտք է հաւաստել անվտանգ ինքնիշխանութիւն, սակայն միւս ազգերի համար, որոնք ներկայումս գտնւում են թուրքական իշխանութեան տակ, պէտք է ապահովել կեանքի աներկբայ անվտանգութիւն եւ ինքնաւար զարգացման կատարելապէս անխափան հնարաւորութիւն։ Դարդանելը պէտք է մշտապէս բաց լինի նաւերի ազատ անցումի եւ բոլոր ազգերի առեւտրի համար’ միջազգային երաշխիքներով»։
Միջազգային յարաբերութիւնների էական վերաձեւակերպման ամերիկեան յայտի կուլմինացիան Վիլսոնի 14-րդ կէտն էր՝ Ազգերի Լիգայի ստեղծման մտայղացումը։
Այս ծաւալուն նախաբանի նպատակն էր, շատ թռուցիկ կերպով անդրադառնալ ժամանակի միջազգային յարաբերութիւններին, ամերիկեան ներգրաւմանը դրանում եւ դրա ազդեցութեանը հայութեան վրայ։
Սեւրի 1920թ․ օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրի, դրա՝ 88-93-րդ յօդուածների, ինչպէս նաեւ 89-րդ յօդուածի իրացումն ապահովող Վուդրոյ Վիլսոնի 1920թ․ նոյեմբերի 22-ի Իրաւարար վճռի մասին շատ-շատ է խօսուել, ուստի սոյն յօդուածում կանդրադառնանք ոչ թէ պատմական այդ կարեւոր փաստէրին, այլ դրանց շարունակական ազդեցութեանը Հայաստանի եւ Թուրքիայի նկատմամբ ամերիկեան քաղաքականութեան վրայ, որը մի կողմից հայութեան համար յաճախ ստեղծում է պատրանքներ, իսկ միւս կողմից պոտենցիալ մղձաւանջի է վերածւում Թուրքիայի համար։ Իրականում, չթերագնահատելով եւ չբացառելով նախագահ Վիլսոնի ազնիւ մղումները հայութեան հանդէպ, այնուամենայնիւ Հայկական հարցի վերաբերեալ ամերիկեան քաղաքականութիւնը, Թուրքիային առնչակից մասով, կրել եւ կրում է քաղաքական մահակի բնոյթ։
Իհարկէ, Ամերիկայի Միացեալ Նահանգները, անկախ միջազգային յարաբերութիւնների ձեւի վերափոխումների իր փորձից, շատ լաւ է հասկանում միջազգային յարաբերութիւնների իրական էութիւնն ու տրամաբանութիւնը, որը թոյլ տուէք պնդել, որ շատ բանով չի տարբերւում նրանից, ինչ 17-րդ դարի կէսերին սահմանուեց Վեստֆալեան հաշտութեամբ, որը թերեւս եւրոպական քաղաքական մտքի խոշորագոյն ձեռքբերումներից մէկն էր։ Յատկանշական է, որ հէնց Վստֆալեան համակարգով դրուեց ազգ-պետութեան, որպէս քաղաքական միաւորի ձեւաւորման հիմքը, ինչի նոր ջատագովը դարձաւ Վիլսոնը։ Այդուհանդերձ, գալով Վեսֆալեան հաշտութեամբ պայմանաւորուած միջազգային յարաբերութիւնների էութեանը՝ Միջազգային յարաբերութիւնների էութիւնը հիմնուած է այնպիսի հիմնարար սկզբունքների վրայ ինչպիսիք են ուժի հաւասարակշռութիւնն ու փոխզսպման գործուն մեխանիզմների առկայութիւնը։
Կարեւոր է նկատել, որ աշխարհակարգի պահպանման տեսանկիւնից հիմնարար այս գաղափարները, ունեն ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տարածաշրջանային եւ նոյնիսկ տեղական արտայայտութիւններ։ Առհասարակ, քաղաքական գիտութեան մէջ ընդունուած է քաղաքական գործընթացը դիտարկել երեք մակարդակներում՝ գլոբալ, գլոկալ եւ լոկալ։ Գլոկալը գլոբալ եւ լոկալ քաղաքական գործընթացների կոնուէրգենցիան է։
Օրինակ, տեղական մակարդակում՝ որեւէ պետութեան Սահմանադրութեան կարգաւորման առանցքային դրոյթներից է իշխանութեան թեւերի միջեւ ուժի հաւասարակշռման եւ փոխզսպման մեխանիզմերի երաշխաւորումը, ինչը պետական մեքենայի լաւագոյնս գործառնման համար նախապայմանային նշանակութիւն ունի։ Նոյնն է նաեւ, եթէ հարցին նայենք տարածաշրջանային կամ գլոկալ քաղաքական զարգացումների տեսանկիւնից։ Այստեղ տեղին է նորից յիշատակել Քիսինջերի յիշեալ աշխատութիւնը, որտեղ հեղինակը նկատում է, որ միջազգային համայնքի աւելի ագրեսիւ անդամների յաւակնութիւնները սանձւում են այլ ուժերի կոմբինացիայի կողմից, այլ խօսքով՝ ուժի հաւասարակշռութեան գործառնման արդիւնքում։
Այս ամբողջ անդրադարձը նրա համար էր, որ փորձենք տեսամեթոդաբանական հէնք ստեղծել Թուրքիայի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործունէութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների կողմից վերջինիս անուէրահսկելիութեան կանխմանն ուղղուած գործողութիւնների գնահատման փորձի համար, բայց մինչ այդ, սկսենք խնդրի նախապատմութիւնից։
Նախ կարիք չկայ կենտրոնանալու այն հարցի վրայ, որ Քեմալական Թուրքիան չճանաճեց Սեւրի դաշնագիրը, ապա Լոզանում 1923թ․ յուլիսի 24-ին կնքուած դաշնագրով փորձ արեց մոռացութեան մատնելու Սեւրի պայմանագիրը։ Սակայն, պատմաքաղաքական այս բոլոր փաստէրին ամերիկեան կողմը խիստ խորհրդաւոր առնչութիւն/դիրքորոշում է ունեցել, որոնցից մի քանիսը ընդամէնը ներկայացնենք ստորեւ․
- Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահը ստանձնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի սահմանազատման խնդրի լուծումը՝ Իրաւարար վճռով։
- Մինչ այդ, 1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը։
- ԱՄՆ-ն, որ Լոզանի կոնֆերանսին մասնակցում էր իբրեւ դիտորդ․ Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները յունաւերելու համար երկու երկրների միջեւ 1923թ․ օգոստոսի 6-ին ստորագրեց երկկողմ պայմանագիր, որը, համաձայն ամերիկեան օրէնսդրութեան, ենթակայ էր վաւերացման ամերիկեան Սենատի կողմից։ Վերջինս 1927թ․ յունուարի 18-ին մերժեց պայմանագրի վաւերացումը: Խնդրոյ առարկայ նիստի ընթացքում շատ կոնգրէսականների ելոյթներ վերաբերում էին հայութեան կոտորածին, հայրենազրկմանն ու աքսորին, Լոզանի պայմանագրի անհամապատասխանութեանը ԱՄՆ օրէնսդրութեանը՝ վկայակոչելով Վիլսոնի իրաւարար վճիռը եւ այլն։ Նյու Եօրք Թայմսում պահպանուել է դրա մասին պատմող խիստ ուշագրաւ մի յօդուած, որտեղ հասանելի են հետաքրքիր մանրամասներ կայացած քննարկումներից։ Ստեղծուած իրավիճակից իրաւաքաղաքական ելք ապահովելու համար, ամերիկաթուրքական դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնուեցին առանձին այդ նպատակով ստորագրուած երկկողմ արձանագրութեամբ՝ մերժումից մէկ ամիս անց, փետրուարի կէսերին։
- Այնուամենանիւ, Հայկական հարցի դիտանկիւնից թուրք-ամերիկեան յարաբերութիւնների մեծագոյն խնդիրը թերեւս ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի արեւելեան փաստացի սահմանների ճանաչելիութեան խնդիրն է, որը պէտք է կայանար հէնց օգոստոսի 6-ի համաձայնագրով, եւ որը, ամերիկեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով ուժի մէջ չի մտել։ Կոնգրեսական քննարկումների ժամանակ յատկապէս ակտիւ է եղել յատկապէս Յուտան ներկայացնող սենատոր Ուիլեամ Յենրի Քինգը։ Վերջինս իր քննադատական ելոյթների առանցքում դնում էր քննարկուող պայմանագրի հակասութիւնը Վիլսոնի իրաւարար վճռի հետ, Հայաստանի եւ հայութեան նկատմամբ ամերիկեան յանձնառութեան խնդիրը եւ այլն։
- 1927թ․ յետոյ ամերիկեան Կոնգրեսը որեւէ կերպ չանդրադարձաւ Թուրքիայի փաստացի իրաւազօրութեան տակ գտնուող տարածքի նոյնականացման խնդրին։
Այստեղ միջանկեալ նշէնք, որ 1927թ․ յունուարին ամերիկաթուրքական պայմանագրի վաւերացումը ձախողելու գործընթացում առանցքային նշանակութիւն է ունեցել Հայաստանի անկախութեան համար ամերիկեան կոմիտէն` Վահան Քարդաշեանի գլխաւորութեամբ։ 1919թ․ կազմաւորուած «Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէ»-ին (ACIA, American Committee for the Independence of Armenia) մասնակցում էին 75 ականաւոր ամերիկացի գործիչներ, այդ թւում 3 նախկին նախագահական թեկնածուներ, 8 դեսպաններ, 25 նահանգապետէր, համալսարանների եւ քոլեջների տնօրէններ եւ այլք։ Ըստ էութեան, այս կազմակերպութիւնը, ինչպէս նաեւ դրանից առաջ ձեւաւորուած ”The Press Bureau”-ն դարձան Ամերիկայում հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան ժամանակի դերակատարները։
Վերադառնալով ամերիկաթուրքական յարաբերութիւննէին եւ դրանում Հայկական հարցի նշանակութեանը։ Ժամանակակից Թուրքիան աչքի է ընկնում արտաքին քաղաքականութեան խիստ ագրեսիւութեամբ հնարաւոր բոլոր ուղղութիւններով։ Ռազմաքաղաքական կոմպոնենտը յաճախ որոշիչ դեր է ստանձնում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան պլանաւորման եւ իրականացման գործընթացում։ Օգտուելով միջազգային յարաբերութիւնների ներկայ հերթական խոշոր տուրբուլենտ վիճակից՝ Թուրքիան շարունակապէս մեծացնում է միջազգային ազդեցութեան իր շրջանակը։ 2020թ․ 44-օրեայ պատերազմում որոշիչ ներգրաւմամբ, ապա Հարաւային Կովկասում քաղաքական եւ ռազմական ներկայութեան վերահաստատմամբ, Միջին Ասիայից մինչեւ Աֆրիկայ եւ Մերձաւոր Արեւելք յստակ յաւակնութիւններով թուրքական պետութիւնը յաւակնում է աւելիին քան տարածաշրջանային նշանակութեան խոշոր պետութիւնը կարող է յաւակնել։
Լինելով ՆԱՏՕ-ի առանցաքյին անդամներից մէկը Թուրքիան, անշուշտ ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցներից մէկն է։ Թուրքիան առանցքային դեր ունի նաեւ Ռուսաստանի համար, ինչն աւելի է կարեւորուել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից յետոյ։ Աշխարհաքաղաքական հակադիր դիրքաւորուած դերակատարների հետ քաղաքական ծաւալուն օրակարգերի առկայութիւնը Թուրքիայի յաճախ թոյլ է տալիս սեփական քաղաքական անկախ ու ագրեսիւ խաղը վարել, ինչն էլ մեծացնում է վերջինիս ազդեցութեան շրջանակը։
Սակայն, ինչպէս վերը նշեցինք, ԱՄՆ-ն ամենալաւերից մէկն է պատկերացնում միջազգային յարաբերութիւնների էութիւնը՝ ուժի հաւասարակշռման եւ փոխզսպան մեխանիզմների գործուն առկայութեան համատեքստում։ Եւ ինչպէս Քիսինջերն է նշում՝ միջազգային յարաբերութիւնների աւելի ագրեսիւ անդամների յաւակնութիւնները սանձւում են այլ ուժերի կոմբինացիայի կողմից։
Թուրքիան արդէն իսկ վերածուել է ագրեսիւ յաւակնութիւններ ունեցող եւ տարածաշրջանային պետութեան կարգավիճակից դուրս գալ պատրաստուող պետութեան։ Հետեւաբար, վաղ թէ ուշ անհրաժեշտ է լինելու սանձել թուրքական էքսպանսիան։
Միջազգային հանրութիւնը եւ դրա կարեւորագոյն դերակատարներից ԱՄՆ-ն ունեն մի շարք գործիքակազմեր, որոնցից մէկը իհարկէ կարող է լինել հայկական հարցը եւ նաեւ դրա համար է, որ ամերիկեան կողմը թոյլ է տուել վերը թուարկուած զարգացումները՝ Հայաստանի հետ յարաբերութիւններում եւ Հայկական հարցի առնչութեամբ։
Թուրքական ծաւալապաշտութիւնը նախ եւ առաջ պէտք է փորձ արուի զսպել գլոկալ՝ տարածաշրջանային մակարդակում։ Այստեղ հնարաւորութիւնները շատ չէն, բայց գործուն են։ Ադրբեջանի ինքնուրոյն խաղը առանց Թուրքիայի կամ ընդդէմ Թուրքիայի ներկայումս գրեթէ անհնար է անգամ պատկերացնել, Վրաստանում թուրքական տնտեսական ներկայութիւնը նոյնպէս յոյսէր չի ներշնչում։ Ադրբեջանաթուրքական տանդէմին յաջողուել է գոնէ առժամանակ խաղից դուրս թողնել Հայաստանին։ Ռուսաստանը, որը խրուած է ուկրաինական ճակատում աւելի քան երբեւէ կարիք ունի թուրքական տարաբնոյթ օժանդակութեան։
Աշխարհակարգի համար տեղում ուժի փոխզսպման գործիքակազմի լաւագոյն գործառնողը թերեւս կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, եւ նաեւ դրանով կարելի է բացատրել ամերիկա-իրանական բացայայտ կամ ոչ բացայայտ, յաճախ նաեւ միջնորդաւորուած բանակցութիւնները պատժամիջոցների վերացման եւ Իրանի միջուկային գործարքի ուղղութեամբ։ Դրանով կարելի է բացատրել այդ գործընթացի ամէն կերպ վիժեցմանը միտուած տարաբնոյթ քայլերը, որոնց սադրանքներին իսլամական պետութիւնը նախանձելի սառնասրտութեամբ չի տրւում։ Այսինքն, ասել կ’ուզենք, որ թուրքական աճող ծաւալապաշտութիւնը չի կարող միջազգային եւ տարածաշրջանային օբյեկտիւ հակազդեցութեան չարժանանալ։
Ամերիկայի Միացեալ Նահանգների համար, ցաւօք սրտի, Հայկական հարցը եղել է եւ կայ թուրքական ծաւալապաշտութիւնը զսպող չակտիւացուած զէնք, որի ակտիւացումը կարող է մղձաւանջի վերածուել թուրքական պետութեան համար։ Հայութիւնն իր հերթին, փոխանակ դժգոհելու իր հարցը որպէս գործիք ծառայեցնելու փաստից, պէտք է պատրաստուի միջազգային յարաբերութիւնների յարմար պահին, ստեղծուելիք իրավիճակից առաւելագոյն օգուտներով դուրս գալուն։ Պետք է յստակ գիտակցել, որ միջազգային յարաբերութիւններում փոքր պետութիւնների համար երբեմն-երբեմն բացւում են պատուհաններ, որոնց ժամանակը խիստ սահմանափակ է եւ յաճախ պէտք է տասնամեակներ աշխատել, շատ կարճ կեանք ունեցող այդ պատուհաններից լաւագոյնս օգտուելու համար, ինչն արեցինք 90-ականների սկզբին եւ ինչը կատարելապէս ձախողում ենք հիմա։
horizonweekly.ca