Ռուբէն Վարդանեանի միջազգային իրաւաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի յատուկ զեկուցողին: Այս մասին յայտնում են Ռուբէն Վարդանեանի գրասենեակից։
ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի յատուկ զեկուցող Էլիս Էդուարդսին ներկայացրած դիմում-բողոքում Ջարեդ Գենսէրը եւ նրա թիմը շեշտել են Ադրբեջանի կառավարութեան կողմից խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին
ԺՆԵՎ, ՇՎԵՅՑԱՐԻԱ, 13 ՀՈՒՆԻՍԻ, 2024 թ․ — Ադրբեջանում կալանաւորուած քաղբանտարկեալ Ռուբէն Վարդանեանի միջազգային փաստաբանական թիմը յունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի յատուկ զեկուցողին՝ յորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարութեան կողմից Ռուբէն Վարդանեանի դէմ իրականացուող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։
Չափազանց մեծ մտահոգութիւն է յարուցում այն, որ Ռուբէն Վարդանեանի ընտանիքը եւ միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թուականի ապրիլին յայտարարուած հացադուլի ժամանակ Վարդանեանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիութիւնից, քնելու եւ արտաքին աշխարհի հետ կապի հնարաւորութիւնից։ Տեղեկութիւն չկայ, թէ որքան ուժեղ են եղել այդ ամէնի արդիւնքում նրան հասցուած հոգեբանական եւ ֆիզիկական վնասները։
«Ռուբէն Վարդանեանը յայտնի մարդասէր եւ բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները: Յատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպէս սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի միջոցով: Եթէ Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերուէն միջազգային հարթակում, եւ որ COP29-ը դառնայ «Խաղաղութեան COP», ապա պէտք է դադարեցնի Վարդանեանի նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ անյապաղ կերպով ազատ արձակի նրան եւ Լեռնային Ղարաբաղի միւս քաղբանտարկեալներին», -ասել է Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւախորհրդատու Ջարեդ Գենսէրը:
2024 թուականի ապրիլի 5-25-ը Ռուբէն Վարդանեանը հացադուլ էր յայտարարել՝ ի նշան բողոքի իր եւ միւս հայ բանտարկեալների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դէմ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութեան նախաքննական մեկուսարանի պաշտօնեաները Վարդանեանին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ նրան պահել են ողջ հացադուլի ժամանակ։ Մենախցում լոյսը վառուած է եղել շուրջօրեայ, ինչն էլ յանգեցրել է անքնութեան եւ հիւծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրայ կանգնած մնալ եւ աւելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Աւելին, նրան թոյլ չէն տուել լողանալ եւ փոխել հագուստը, չէն յատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որեւէ նիւթ վերցնել, նա զրկուած է եղել անկողնու սպիտակեղենից: Յատկապէս մտահոգիչ է այն փասը, որ ո՛չ Վարդանեանի փաստաբանին, ո՛չ որեւէ մէկին, այդ թւում՝ տեղի Մարդու իրաւունքների պաշտպանին, չէն թոյլատրել հացադուլի ժամանակ այցելել Վարդանեանին, իսկ նրա շփումն արտաքին աշխարհի հետ (օրինակ՝ ընտանիքի հետ հեռախօսազանգերը) դադարեցուել է։
Այս վերաբերմունքով, որը նպատակաուղղուած է եղել հացադուլի, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական գործունէութեան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանութեան համար Վարդանեանին պատժելուն, Ադրբեջանը կոպտօրէն խախտում է Խոշտանգումների դէմ կոնուենցիայով իր ստանձնած պարտաւորութիւնները, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի՝ Բանտարկեալների հետ վարուեցողութեան նուազագոյն ստանդարտ վերանայուած կանոնները: Ցաւօք, Ռուբէն Վարդանեանի նկատմամբ դաժան վերաբերմունքն ամենեւին էլ զարմանալի չէ. Ադրբեջանը յայտնի է եւ լաւ փաստագրուած պատմութիւն ունի թէ՛ քաղբանտարկեալներին ընդհանրապէս, թէ՛ մասնաւորապէս էթնիկ հայ կալանաւորներին խոշտանգելու հարցում: Հաշուի առնելով Ռուբէն Վարդանեանի ազգային պատկանելութիւնը, Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտօնեայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացայայտ քննադատութիւնը, ինչպէս նաեւ նրան կալանքի տակ պահելը Պետական անվտանգութեան ծառայութեան ներքոյ (որը տխրահռչակ համբաւ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանեանը գտնւում է յետագայ խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:
«Մենք ցնցուած էինք՝ իմանալով, թէ ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թէ ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան յայտնի բանտարկեալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցութիւն չէն ունեցել, ինչպէս հայրս։ Հանուն Ադրբեջանում պահուող բոլոր քաղբանտարկեալների՝ լինէն հայեր, ադրբեջանցիներ կամ որեւէ այլ ազգութեան ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պէտք է դադարեցուի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարութեանը պատասխանատուութեան ենթարկել եւ օգնել պաշտպանելու հօրս կեանքը»,-նշել է Ռուբէն Վարդանեանի աւագ որդին՝ Դաւիթ Վարդանեանը:
Բազմաթիւ իրաւապաշտպան կազմակերպութիւններ, ազգային կառավարութիւններ եւ միջազգային կառոյցներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ռուբէն Վարդանեանին եւ Լեռնային Ղարաբաղի միւս քաղբանտարկեալներին։ Օրինակ՝ 2024 թուականի յունիսի 11-ին, ամերիկացի Սենատոր Էդ Մարքին՝ Սենատի բարձր ամբիոնից, կոչ էր արել ազատ արձակել բանտարկեալներին, առանձնայատուկ կերպով նշելով եւ դատապարտելով Վարդանեանի նկատմամբ դաժան վերաբերմունքը: