Նոր հանդիպում տեղի կունենայ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ. Ռուբինեան

Նոր հանդիպում տեղի կունենայ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ. Ռուբինեան

Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգուել է արդէն եւ պատրաստ է: Այդ մասին յունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը:

«Խոսքը 2022 թուականի յուլիսին ձեռք բերուած պայմանաւորուածութեան մասին է, ըստ որի՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը պէտք է բացուի 3-րդ երկրների քաղաքացիների եւ դիւանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցուածքային աշխատանքները կատարել ենք եւ աւարտել ենք, եւ անցակէտը պատրաստ է գործունէութեան համար:

Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանաւորուածութեան իրագործման ուղղութեամբ, բայց մենք յոյս ունենք, որ այդ քայլերը կ’իրականացուէն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխօսութեանը, Ռուբէն Ռուբինեանն ասաց. «Այնպէս չէ, որ հանդիպումներ չկան. եթէ կը յիշեք վերջին հանդիպումը՝ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների, տեղի է ունեցել այս տարուայ փետրուարի վերջին Անթալիայում: Նոյն քաղաքում եւ նոյն ժամանակ ես եմ հանդիպել Թուրքիայի ներկայացուցչի հետ: Պաշտօնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանաւորուածութիւն, որ նոր հանդիպում տեղի կ’ունենայ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ժամկէտի եւ վայրի վերաբերեալ դեռ պայմանաւորուածութիւն չունենք»:

Share