«Լազարեան ակումբը» միացել է Լեմկինի ինստիտուտի նախաձեռնութեանը` պահանջելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս հայ գերիներին

«Լազարեան ակումբը» միացել է Լեմկինի ինստիտուտի նախաձեռնութեանը` պահանջելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս հայ գերիներին

Ռուս-հայկական «Լազարեան ակումբը», որը միաւորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագէտներին եւ դիւանագէտներին, միացել է Լեմկինի ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտի նախաձեռնութեանը, որը ստորագրահաւաք է անցկացնում Բաքւում ապօրինաբար կալանքի տակ պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս հայ գերիների ազատ արձակման պահանջով: «Սպուտնիկ Արմենիայ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասւում է ակումբի յայտարարութեան մէջ, որը հրապարակուել է Մոսկուայում կայացած վերջին նիստի արդիւնքներով։
Հեղինակները նշում են Արցախի տարածքում հայկական կրօնական եւ մշակութային յուշարձանների, եկեղեցիների եւ վանքերի գոյութեանն ու մշակութային-պատմական ինքնութեանը սպառնացող վտանգը։ Հաշուի առնելով այս հանգամանքը ՝ կազմակերպութեան մասնակիցները յայտարարում են նաեւ «Լազարեան ակումբի» յատուկ փորձագիտական խմբի ստեղծման եւ գործունէութեան կազմակերպման մտադրութեան մասին՝ յուշարձանների պահպանման նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:

Նրանք ցաւակցում են Արցախի հայ բնակչութեանը կատարուած ողբերգութեան համար, նշելով, որ այն յիշեցնում է 20-րդ դարասկզբին միջազգային հանրութեան կողմից դատապարտուած հայ ժողովրդի ցեղասպանութեան փաստերը։

«Լեռնային Ղարաբաղից հայերի համատարած արտագաղթը ծանր յանդիմանանք է բոլոր նրանց, ովքեր ներգրաւուած են այս ամէնին եւ նոյնիսկ նրանց, որոնք մասնակից չէն։ Մարդու լեզուն չի պտտւում այս ամենն անուանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորում», որը տասնեակ տարիներ բազմակողմ բանակցութիւնների առարկայ է եղել: Մենք ցանկանում ենք խաղաղութիւն, այլ ոչ թէ պատերազմ Կովկասում եւ հէնց այդ պատճառով էլ պնդում ենք` «Ղարաբաղեան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակուած համարուել»,–նշուած է հաղորդագրութեան մէջ։

Ընդգծւում է, որ փախստականների վերադարձն իրենց տներ, հայկական մշակութային, կրօնական եւ յուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պէտք է միասին մտահոգուել: «Լազարեան ակումբի» անդամներին մտահոգում են նաեւ ՀՀ-ում փախստականներին քաղաքացիութիւնից եւ քաղաքացիական իրաւունքներից զրկելու արձանագրուած փորձերը։

Ակումբի անդամները նաեւ վստահ են, որ այսօր ռուս-հայկական ամուր յարաբերութիւններին այլընտրանք չկայ: Նրանց կարծիքով` Հայաստանի ներկայիս իշխանութեան ձախողուած ներքին եւ արտաքին քաղաքականութեան արդիւնքում պետութեան շարունակական գոյութիւնը վտանգի տակ է։

Եւ հետեւաբար, երկու պետութիւնների իշխանութիւնների ներկայացուցիչների վրայ բացառիկ պատասխանատուութիւն է դրուած պահպանել եւ զարգացնել երկու ժողովուրդների յարաբերութիւնները, որոնք ընդհանուր քրիստոնեական ծագում ու հերոսական անցեալ ունեն, որոնք միասին են եղել եւ՛ ուրախութեան, եւ՛ վշտի մէջ։

Շեշտւում է, որ ժամանակը, անշուշտ, ամէն ինչ իր տեղը կգցի եւ ցոյց կը տայ՝ «ով է մեղաւոր» փոխադարձ վստահութեան կորստի, դաշնակցային պարտաւորութիւններից հրաժարուելու, կորուստների եւ զոհաբերութիւնների համար։

Յայտարարութեան հեղինակները հաւատում են, որ ժողովրդի եւ քաղաքացիական հասարակութեան լաւագոյն ներկայացուցիչների հնարաւորինս լայն շրջանակների ներգրաւմամբ պատասխան կտրուի նաեւ «ինչ անել» հարցին։

Share