Սրբազան պայքարի առաւօտն սկսուեց ս․ Աննա եկեղեցու բակից։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը նախորդ օրը յայտարարել էր, որ եկեղեցու բակից երթով գնալու են պետական հաստատութիւններից մէկի շէնքի մօտ՝ առանց յստակեցնելու, թէ որ հաստատութեան մասին է խօսքը։ Մանրամասն՝ տեսանիւթում։
«2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանութիւնից հաղորդում է ստացուել այն մասին, որ նոյն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատուածում, «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից իրականացուող անհնազանդութեան գործողութիւնների ժամանակ պահպանութեան ենթակայ՝ Երեւան քաղաքի Վազգէն Սարգսեան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցէում գտնուող ՀՀ արտաքին գործերի նախարարութեան շէնք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնէշը յաղթահարելու համար, բռնութիւն են գործադրել ոստիկանների նկատմամբ։
Ակցիայի մասնակիցների շրջանակից նշուած վայրում իրենց ծառայողական պարտականութիւնները կատարող ոստիկանների ուղղութեամբ նետուել են քարեր, ջրով լցուած տարաներ, ծխարձակող ճայթուկներ եւ այլ առարկաներ։
Զանգուածային անկարգութիւնների մասնակիցներից ոմանք այդ գործողութիւնների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարութեան շէնքը գրաւելու կոչեր:
Ելնելով ստեղծուած իրավիճակից՝ տեղում ծառայութիւն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկուել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխուել է Ոստիկանութեան բաժին:
Հաղորդման հիման վրայ ՀՀ քննչական կոմիտէի յատկապէս կարեւոր գործերի քննութեան գլխաւոր վարչութիւնում, ՀՀ քրէական օրէնսգրքի 327-րդ յօդուածի 1-ին մասով, նախաձեռնուել է քրէական վարոյթ:
Պարզուել է, որ Ոստիկանութեան 7 աշխատակից դիմել է բուժօգնութեան, բուժհաստատութիւններ են դիմել նաեւ մասնակիցներից։
Որոշումներ են կայացուել, յանցաւոր արարքներ կատարելու մէջ անմիջականօրէն ծագած հիմնաւոր կասկածի հիմքով, նշուած 28 անձանց ձերբակալելու վերաբերեալ։
Ձեռնարկւում են անյետաձգելի միջոցառումներ՝ առերեւոյթ անկարգութիւնների կազմակերպիչ եւ մասնակից անձանց ամբողջական շրջանակը, իւրաքանչիւրի ինքնութիւնը պարզելու, նրանց արարքներն անյատականացնելու, նշուած անձանց վարոյթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղութեամբ: Այդ նպատակով ուսումնասիրւում են նաեւ առերեւոյթ զանգուածային անկարգութիւնների ընթացքի նկարագրութեանը վերաբերող, համացանցում առկայ տեսանիւթերը։
Կատարւում է նախաքննութիւն:
Ոստիկանութեանը տրուել են օպերատիւ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու յանձնարարութիւններ»,- ասուած է Քննչական կոմիտէ կողմից տարածած հաղորդագրութեան մէջ։
ԱԳՆ-ի մօտ տեղի ունեցածը սադրանք էր, առիթ՝ շարժման ակտիւ մասնակիցներին մեկուսացնելու համար. Աւետիք Չալաբեան
Ոստիկանութեան գործողութիւնների սկզբում սադրանք տեղի ունեցաւ, ինչը հիմք տուեց ջարդ իրականացնելու, թիրախային գործողութիւն էր, առիթ՝ շարժման առաւել ակտիւ մասնակիցներին պարզապէս մեկուսացնելու համար. ABC media-ի հետ զրոյցում, անդրադառնալով ԱԳՆ շէնքի մօտ տեղի ունեցած բախումներին, ասել է «Հայաքուէ» նախաձեռնութեան համակարգող Աւետիք Չալաբեանը:
«Բիրտ ուժն այլ բան է, ջարդը՝ ուրիշ, 29 հոգի ձերբակալուած է, փորձելու են զանգուածային անկարգութիւնների յօդուած կարել»,-ասել է Չալաբեանը:
Նա նշել է, որ տեղի ունեցածը սադրանք է, շշեր են նետել ոստիկանների ուղղութեամբ, իսկ Բագրատ Սրբազանն այդ ամէնի հետ կապ չուներ, նա պարզապէս փորձում էր մարդկանց հանգստացնել:
«Դա տեղի է ունեցել ինչ-որ մարդու կողմից, որի ինքնութիւնը դեռ յայտնի չէ, ենթադրում եմ՝ նա կամ անհաւասարակշիռ անձ է, կամ յատուկ է սարքել, կը պարզուի բնականաբար»,-ասել է Աւետիք Չալաբեանը:
Նրա խօսքով՝ ԱԳՆ-ի մօտ տեղի ունեցած ծեծուջարդի մասշտաբն ու դաժանութիւնը դժուար է նկարագրել:
ԱԳՆ-ի մօտ տեղի ունեցածը սադրանք էր՝ շարժումն ու Սրբազանին վարկաբեկելու նպատակով. Արմէն Մանուելեան
Տեսանիւթերում էլ պարզ երեւում է, որ եղել է սադրանք, բայց եղել է շարքի վերջից, շշեր են նետել, բայց նրանք, ովքեր շարքի վերջից պրոֆոկացիայ էին անում, չէն ձերբակալուել. ABC media-ի հետ զրոյցում ասել է «Հայաքուէ» նախաձեռնութեան անդամ Արմէն Մանուելեանը:
«Ձերբակալուածներն առաջին շարքում կանգնածներն են, ուղղակի շփւում էին ոստիկանների հետ եւ տեսնում էին, որ նրանք ոչինչ չէն արել: Կեղծ մեղադրանք են առաջադրել: Մի մարդու տարան, որը պարզապէս փորձում էր հանգստացնել, քանի որ ոստիկաններն իրենց վայրագ էին պահում եւ յարձակուել էին կանանց վրայ: Այժմ, կարծես, քրէական գործ են յարուցում նաեւ նրա դէմ»,-պատմել է դէպքի ականատես Մանուելեանը:
Նրա համոզմամբ՝ տեղի ունեցածը կազմակերպուած սադրանք էր՝ շարժումն ու Սրբազանին վարկաբեկելու համար:
«Տեսանիւթերում պարզ երեւում է, որ եթէ մէկը չարաշահել է իշխանութիւնը, ոստիկաններն էին, որոնք հարուածում էին, անգամ այն դէպքում, երբ մարդն առանց դիմադրելու գնում էր»,-ասել է նա:
Անդրադառնալով ՆԳ եւ ԱԳ նախարարների՝ Սրբազանի հետ հանդիպումից հրաժարուելուն՝ Մանուելեանն ասել է. «Մենք գործ ունենք մի քաղաքական ռեժիմի հետ, որի նախարարներին անգամ նախարար կոչել չի կարելի, այս մարդիկ գործող քաղաքական ռեժիմի պարագլխի հարճերն են: Այդ կարգավիճակն ունեցող մարդը չի կարող գնալ հանդիպման՝ մինչեւ շեֆը թոյլ չտայ: Այս մարդիկ ինքնուրոյն գործելու հնարաւորութիւն չունեն»: