Ոստիկանապետը փողոց փակողներին «լակոտ» անուանեց․ ձերբակալութիւններն ուղեկցուեցին բռնութիւններով

Ոստիկանապետը փողոց փակողներին «լակոտ» անուանեց․ ձերբակալութիւններն ուղեկցուեցին բռնութիւններով

azatutyun.am

Դատախազութիւնն ստացել է ընդդիմադիր պատգամաւորի առնչութեամբ բողոքը

Մի քանի տասնեակ կարմիր բերետաւորներն այսօր Դաշնակցութեան գրասենեակի մօտ քաշքշում, հարուածում էին դաշնակցական պատգամաւոր Աշոտ Սիմոնեանին։ Պատգամաւոր Գեղամ Մանուկեանի խօսքով, երբ Սիմոնեանը դուրս է եկել գրասենեակից, կարմիր բերետաւորները առանց որեւէ առիթի ու պատճառի յարձակուել են նրա վրայ։

Ներքին գործերի նախարարութիւնից չէն յստակեցնում, թէ միջադէպն ինչից է ծագել, փոխանցեցին միայն, որ ծառայողական քննութիւնը կը տայ բոլոր հարցերի պատասխանները։

«Փորձել են մեքենաներ տարհանել, Աշոտ Սիմոնեանը երբ դուրս է եկել, քաջ ճանաչելով Աշոտ Սիմոնեանին՝ ուղղակի վայրենի, ամենաայլանդակ փողոցային հայհոյանքներով յարձակուել են վրան եւ բռնութիւն գործադրել», — ասաց Գեղամ Մանուկեանը։

Ներքին գործերի լրատուական ծառայութիւնից «Ազատութեանը» փոխանցեցին, որ քննութիւնից յետոյ կը կարողանան յստակեցնել, թէ քանի ծառայողի լիազօրութիւն կը կասեցուի։ Իսկ Դատախազութիւնը ստացել է ընդդիմադիր պատգամաւոր առնչութեամբ բողոքը։ Այժմ ուսումնասիրում են՝ պարզելու այսօր Դաշնակցութեան գերագոյն մարմնի շէնք առջեւ տեղի ունեցածի մանրամասներն ու մեղաւորների շրջանակը։

Դաշնակցութիւնն իրաւապահներից պահանջում է քրէական վարոյթ նախաձեռնել ինչպէս պատգամաւոր Սիմոնեանի, այնպէս էլ՝ վնասուածք ստացած միւս քաղաքացիների դէպքերով։ Այս պահին ոստիկանութիւնը տուժած չորս քաղաքացու մասին ահազանգ ունի։

Բերման է ենթարկուել գրեթէ 300 քաղաքացի

Վարչապետ Փաշինեանի հրաժարականը պահանջող «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդութեան ակցիաների ընթացքում այսօր բերման է ենթարկուել առնուազն 284 մարդ, որոնց մեծ մասն, ըստ Ներքին գործերի նախարարութեան, արդէն ազատ է արձակուել։ Մեկ հոգի ձերբակալուել է ոստիկանի նկատմամբ բռնութիւն գործադրելու համար։ Նա, ըստ Քննչականի, արցունքաբեր գազ է փչել պարեկների վրայ։

«Մի քանի բերետաւոր քաշել են գէտնին, սկսել են հարուածել». պատգամաւոր

Ընդդիմութիւնն, իր հերթին, ահազանգում է ձերբակալութիւնների ժամանակ ոստիկանական բռնութիւնների մասին։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկեանը «Ազատութեան» հետ զրոյցի պահին հիւանդանոցում էր։ Տեսակցում էր բերման ենթարկուելու ժամանակ վնասուածք ստացած մի երիտասարդի։ Ասաց՝ անունը չի ուզում հրապարակել, որ նրա ծնողները չանհանգստանան։

«Բողոքի ակցիայից յետոյ քաղաքացիներից մէկը նստել էր մեքենան, բերետաւորները յարձակուել են վրան, սկսել են հարուածել մեքենային, մի քանի բերետաւոր քաշել են գէտնին, սկսել են հարուածել։ Վնասել են գլուխը եւ տարել են ոստիկանութիւն», — ասաց նա։

Մանուկեանը նաեւ պատմեց, որ բերման ենթարկուելիս վնասուել է եւս մէկ տղամարդ։ Համացանցում տարածուել է մի տեսանիւթ, որտեղ ոստիկանին հէնուած, վիրակապուած թեւով տղամարդ է դուրս գալիս բաժնից։

«Վերջին պատերազմի մասնակից, որ նաեւ վիրաւորում էր ստացել, տեսանիւթ էլ կայ, որ էլի բռնութիւն են գործել եւ տեղափոխում են հիւանդանոց», — նշեց նա։

Վաղ առաւօտից փակուած մայրաքաղաքի եւ մարզերի փողոցները բացելու համար ոստիկանութիւնը մի քանի րոպէ ժամանակ էր տալիս, յետոյ անցնում նրանց ուժով ճանապարհից հեռացնելու գործողութիւններին։

Ինչո՞ւ են ոստիկանները ընդամէնը մի քանի րոպէ տալիս ցուցարարներին փողոցը բացելու համար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսեանը լրագրողների հետ զրոյցում ասաց. — «Ձեր ասածը քիչ յետոյ ես կստուգեմ՝ իրականում այդպէս է, թէ չէ»։

Հայաստանի ոստիկանապետը ծառայողների գործողութիւններին հետեւում էր հէնց փողոցից։

«Ոստիկանութիւնը գործում է օրէնքի սահմաններում, ուրեմն մի բան արել է, որ տանում են, անտեղի ոչ մէկին չէն տանում», — յայտարարեց նա լրագրողներին։

Ուժային կառոյցի ղեկավարն աւելի հեռուն գնաց՝ «լակոտ» անուանեց փողոցը փակողներին. — «Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու չէն տարել անտեղի, տեսախցիկները փակում են, յետոյ վազում, կանգնում են լակոտի պէս այնտեղ, բա ի՞նչ պիտի անէն։ <> Չի կարելի ժողովուրդ, իսկ ո՞ր մնացածի իրաւունքները սահմանափակում են, չէն թողնում, մարդ կայ՝ գործի է գնում, հիւանդանոց»։

Իրաւապաշտպանը քննադատում է ոստիկանապետին այս բառապաշարի համար

Իրաւապաշտպան Արթուր Սաքունցը քննադատում է ոստիկանապետին այս բառապաշարի համար ու նորից պնդում՝ երկու կողմն էլ պէտք է յարգալից լինի, իսկ իշխանութեան ներկայացուցիչները նման վարքագիծ չպէտք է դրսեւօրէն։

«Ոստիկանութեան կողմից ցանկացած բռնութիւն կամ ցանկացած ոչ իրաւաչափ գործողութիւն դատապարտելի է, եւ ամէն մի կոնկրէտ դէպքով պէտք է իրականացուի քննութիւն, միւս կողմից էլ, եթէ ոստիկանութիւնն ունի գործողութիւններ կատարելու անհրաժեշտութիւն, ապա նրա գործողութիւնները պէտք է հիմնաւոր լինէն, ասենք՝ տուեալ դէպքում նաեւ ԱԺ պատգամաւորի նկատմամբ ինչ պահանջներ են ներկայացրել կամ որպէս ինչ, եւ այս առումով էլ ԱԺ պատգամաւորն էլ որպէս իշխանութեան ներկայացուցիչ ունի պարտաւորութիւն՝ օրինականութեան շրջանակներում գտնուելու, երբ յարաբերւում է իրաւապահ մարմնի ներկայացուցչի հետ», — «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Սաքունցը։

Վաղ առաւօտից փակուել են նաեւ մարզային ճանապարհներ Սիւնիքում, Շիրակում։ Օրուայ երկրորդ կէսից յետոյ արդէն փակ ճանապարհներ չկային։

Share