Պատգամաւոր Աշոտ Սիմոնեանի նկատմամբ բռնութիւն կիրառած ոստիկանութեան ծառայողի լիազօրութիւնները դադարեցուել են։ Այս մասին յայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարութիւնից։
Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետութեան փողոցում ԱԺ պատգամաւորի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադէպի առնչութեամբ ՆԳՆ ներքին անվտանգութեան եւ հակակոռուպցիոն վարչութիւնում նշանակուել էր ծառայողական քննութիւն, ինչի արդիւնքում դադարեցուել են ոստիկանութեան ծառայողի լիազօրութիւնները։
«Հրապարակի» տեղեկութիւններով աշխատանքից ազատուել է Աշոտ Սիմոնեանին հարուածող կարմիր բերետաւորներից մէկը։ Վերջինս Գեւորգ Մկրտչեանն է: Նա Կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է:
Յիշեցնենք՝ աւելի վաղ հաղորդուել էր, որ ոստիկաններն, ուժ կիրառելով, ՀՅԴ ԳՄ շէնքի մօտից բերման են ենթարկել պատգամաւոր Աշոտ Սիմոնեանին։