ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լաւրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկուա: Ըստ РИА Новости-ի՝ նախարարը յայտարարել է, որ դեսպանները պարբերաբար խորհրդակցութիւնների են գալիս։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտօնական կայքում տեղադրուած փաստաթղթի՝ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչուել է Մոսկուա՝ խորհրդակցութիւնների»։
Վերջին ամիսներին հայ-ռուսական հեռակայ բանաւէճը ՀԱՊԿ-ի շուրջ էր։
«Ես ՀԱՊԿ առնուազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դէմ պատերազմի նախապատրաստութեան», — ասել էր Փաշինեանը։
Նա այս մասին խօսել էր, երբ ՀԱԿՊ անդամ Բելառուսի նախագահը օրերս մեկնել էր Բաքու եւ հրապարակաւ ակնարկել, թէ տեղեակ է եղել Ղարաբաղի վրայ յարձակուելու Ալիեւի ծրագրերից եւ անգամ համաձայն եղել, որ այդ խնդիրը հնարաւոր է պատերազմով լուծել:
«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետութիւն անկախ պետութեան չգոյութիւնը», — Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած այս յայտարարութեանն ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ խօսնակը յորդորեց այդ երկու երկրի անունը յստակ հնչեցնել։ Երեւանից առայժմ պատասխան չի հնչել։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչուել է Մոսկուայ խորհրդակցութիւնների համար։ Ռուսաստանի արտաքին գերատեսչութեան պաշտօնական կայքում ԱԳՆ ներկայացուցիչ Մարիայ Զախարովայի անունից միայն այսքանն է ասուած։ Չկան մանրամասներ, թէ ինչի պատճառով կամ ինչից յետոյ է նման անհրաժեշտութիւն առաջացել, եւ ինչքան են տեւելու այդ խորհրդակցութիւնները։
Հայաստանի արտգործնախարարութեան խօսնակ Անի Բադալեանը «Ազատութեան» հետ զրոյցում միայն ասաց՝ ռուսական կողմի որոշումն է, «մեկնաբանութիւն չունենք»։
Մինչեւ այս պահը չի յայտարարուել՝ արդյօք Հայաստանն էլ իր դեսպանին խորհրդակցութիւնների համար Ռուսաստանից հետ կանչելու որոշում կը կայացնի։