Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետութեան Մարտակերտի քաղաքապետ՝ Միշա Գիւրջեանին. ֆեյսբուքեան իր էջում տեղեկացրել է իրաւապաշտպան, փաստաբան Ռուբէն Մելիքեանը։
Յիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանում խուզարկութիւնից յետոյ ձերբակալուել էր նաեւ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրեանը:
Դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ որպէս խափանման միջոց է կիրառուել տնային կալանքը։
Թւում է թէ Մայիս 26ի հանրահաւաքին մասնակցելուց զրկելը բաւարարում է դատարանին:
Ռուբէն Մելիքեանը NEWS.am-ի հետ զրոյցում ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախութեան կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:
«Ասկերանի քաղաքպետի ձերբակալութեան նոյն պատմութիւնն է կրկնւում, Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող աւտօմեքենայ, Հայաստանում հաշուառման կանգնեցնելու հետ կապուած նրանից ոստիկանութիւնը պահանջել է որ աւագանու որոշում լինի, եւ դա որակուել է որպէս խարդախութիւն:
Հիմա հարց է առաջանում, որ խարդախութիւն կամ յափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի յափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում:
Երկու դէպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատուաբեր պատուէրն են ստանձնել եւ միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանութիւնների հետ եւ ինչ աստիճան եղկելի պատուէրի հետ գործ ունենք»,-ասաց նա: