Ermenihaber.am-ը Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսուած հայ-թուրքական երկխօսութեան գործընթացը բազմակողմանիօրէն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրոյցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչների հետ։ Հայ եւ թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակէտներ հայ-թուրքական կարգաւորման վերաբերեալ։ Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող եւ վերլուծաբան Այքան Սեւերն է։ Նրա յօդուածները հրապարակւում են թուրքական ընդդիմադիր մի շարք պարբերականներում, մասնաւորապէս՝ Bianet.org լրատուակայքում։
– 44-օրեայ պատերազմից գրեթէ 2 տարի անց Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգաւորման գործընթաց սկսուեց: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ներկայ փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթէ՝ աեօ, ինչո՞ւ, եթէ՝ ոչ, ինչո՞ւ։
– Թուրքիայ-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորումն իրատեսական չեմ համարում, քանի որ Թուրքիայում թէ՛ իշխող դասակարգային դաշինքը, եւ թէ՛ պետական բիւրոկրատիան վերջին 15 տարիների ընթացքում նեոօսմանեան իմպերիալիստական էքսպանսիոնիզմը որպէս ռազմավարութիւն է դիտարկում։ Այս համատեքստում, Թուրքիայի համար հարեւան ժողովուրդներն ու երկրներն առաւելագոյնը հպատակի կարգավիճակի արժէք ունեն։ Թուրքիայի Հանրապետութեան համար կարգաւորումը համարւում է որպէս իրեն տրուած հաւատարմութեան երդում։
Թուրքիայի համար Հայաստանի կարեւորութիւնն այն է, որ այն դիտւում է որպէս Կենտրոնական Ասիայի նկատմամբ իմպերիալիստական քաղաքականութեան իրականացման ռազմավարական անցումային կէտ։ «Զանգեզուրի միջանցք» անունով օրակարգ բերուած հարկադրանքը հէնց դրա պատկերն է։
Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների ապագան աւելի շատ կախուած է Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքից եւ տարածաշրջանի վրայ դրա անդրադարձներից, քան այս երկու երկրների փոխադարձ քայլերից։
– Կողմերը մի քանի համաձայնութեան եկան, սակայն մինչ օրս պայմանաւորուածութիւնները կեանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի իրականացուել։ Անկարան Երեւանի հետ յարաբերութիւնները դիտաւորեա՞լ չի ցանկանում կարգաւորել, թե՞ այլ պատճառներ կան։
Յիշեցնենք, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիւանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․ «Թուրքիան ցանկանում է ամբողջութեամբ կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ»։
– Ինչպէս արդէն ասացի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականութիւնը ձեւաւորւում է ոչ թէ կարգաւորման, այլ հէգեմոնիայի ձգտումով: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, յատկապէս, որ տարածաշրջանում յաւակնութիւններ ունեն այլ պետութիւններ։ Այնուամենանիւ, Թուրքիայի Հանրապետութիւնը որպէս լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները Հայաստանի դէմ եւ կը շարունակի դա անել։ Ցաւօք, երկրի ներսում բաւականաչափ ժողովրդավարական ընդդիմութիւն չկայ, որ կարողանայ այդ գիծը փոխել։
Մեկ այլ բան, որ պէտք է նշեմ, այն է, որ յատկապէս քաղաքական գործիչներին չի կարելի վստահել Թուրքիայում։ Օգտակար է յիշել Թուրքիայի յայտնի քաղաքական գործիչներից Դեմիրելի (Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահ Սուլեյման Դեմիրել- խմբ․) ասոյթով խորհրդանշուած պրագմատիկ ասացուածքը․ «Երեկ երէկ է, այսօր՝ այսօր»։ Բառերի եւ գրաւոր փաստաթղթերի կարեւորութիւնը Թուրքիայի քաղաքական կեանքում միշտ էլ երկրորդական է եղել:
– Հայաստանը դրական արձագանքեց նաեւ Քըլըչի՝ Երեւանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որեւիցէ քաղաքում անցկացուելիք հանդիպման իմաստը, եւ ինչո՞վ կարող է այն տարբերուել երրորդ երկրում անցկացուող հանդիպումներից:
– Իհարկէ, երկու երկրներում բաց բանակցութիւնները առնուազն օգուտ կը տան ժողովուրդներին միմեանց աւելի մտերմացնելու համար։ Երանի Թուրքիայում կառավարման այնպիսի մօտեցում լինի, որը մարդկանց հաւասար կ’ընդունի, եւ մարդիկ որքան հնարաւոր է շուտ սկսէն միասին ապրել, էսկալացիաներն ու պատերազմները վերջանան, խաղաղութիւն լինի․․․