Սարուշէն. դիմադրութիւն եւ կորուստ

Սարուշէն. դիմադրութիւն եւ կորուստ

2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախը շրջափակման մէջ պահելուց ինն ամիս յետոյ, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ յարձակում սկսեց շփման գծի ողջ երկայնքով։ Չնայած ծանր պայմաններին եւ անհաւասար ռազմական կարողութիւններին` արցախցիները կարողացան ուժեղ դիմադրութիւն ցոյց տալ հակառակորդին։ «Հետքը» սկսում է ներկայացնել Արցախի շփման գծի տարբեր հատուածներում տեղի ունեցած վերջին մարտական գործողութիւնները։

2020 թ.-ի 44-օրեայ պատերազմից յետոյ Ասկերանի շրջանի Սարուշէն գիւղը դարձել էր սահմանամերձ։ Գիւղի շրջակայքում 4 դիրք կար՝ 309, 310, 311, 312։ Այս դիրքերում հերթապահում էր Սասուն Սահակեանի աշխարհազօրային վաշտը։ 

Սասուն Սահակեան

Վաշտը 2021-ին էր կազմաւորուել, մօտ 90 հոգի էին։ Դասակներից մէկը, որը հերթապաում էր 310 եւ 311 դիրքերում, կազմուած էր Սարուշենի բնակիչներից։ Այս դասակի հրամանատարը Արարատ Իսրայելեանն էր։ 

Արարատ Իսրայելեան

«Որ վաշտը նոր էր կազմաւորւում, եկայ գիւղապետի՝ Կարենի մօտ, ասեցի՝ ո՞ւմ ես առաջարկում նշանակէնք դասակի հրամանատար, ասեց՝ Արարատը կարայ լինի։ Արարատը չէր ուզում սկզբում, բայց յետոյ համաձայնեց»,- պատմում է Սասուն Սահակեանը։ Մի քանի ամիս անց Սասունը որոշում է դասակի հրամանատար նշանակել Արմէն Առստամեանին։ 

Արմէն Առստամեան

Արմենը մինչեւ 2022 թուականը ապրում էր Ռուսաստանում։ Նա գիւղ էր եկել մօրը տեսակցելու եւ, տեսնելով ստեղծուած բարդ իրավիճակը, որոշել էր մնալ։ «Արոյին ասեցի, որ որոշել եմ Արմենին նշանակել դասակի հրամանատար։ Ինքն էլ շատ ուրախացաւ։ Ըտենց Արմենը դարձաւ դասակի հրամանատար»,- պատմում է Սասուն Սահակեանը։

Այս դասակի երկրորդ ջոկի հրամանատարը եւ 310 դիրքի աւագը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վալերի Իսրայելեանն էր։ 

Վալերի Իսրայելեան

«Լինում էր, որ մի շաբաթով բարձրանում էինք դիրքեր, այդ ժամանակ մեր փոխարէն միւս ուսուցիչները կազմակերպում էին դասէրը։ Նոր էր սկսուել սեպտեմբերը, չէինք գնում դիրքեր, որ դասէրով զբաղուեինք։ Սեպտեմբերի 19-ին մեր պատմութեան դասատուն՝ Արտակը, որը նոյնպէս աշխարհազօրում էր գրանցուած, 11-ի կողմերը եկաւ, ասեց՝ քեզ չի՞ զանգել գիւղապետը, համար մէկ ա»,- պատմում է Վալերին։

Սեպտեմբերի 19-ին Արմէն Առստամեանն իր դասակի մի ջոկի հետ 311 դիրքում էր։ Առաւոտեան նկատելով հակառակորդի շարժը՝ նա միանգամից զեկուցել է վաշտի հրամանատարին։

«Առաւոտը` ժամը 8։30-ին, զանգեց, ասում է՝ Սասուն, ձեր գիւղի (Սարգսաշենի) կողմից ադրբեջանցիք մի 70 հոգով շարժւում են դէպի «կէտէն/գէտի/ձեօրը», մենք տենց էինք ասում էդ տեղամասին։ Ասեցի` Արմէն, սրանից լաւ հօտ չի գալիս, կռիւ ա սկսուելու, զօրքին տագնապ տուր, հաւաքի։ Շրջափակման հետեւանքով կար տրանսպորտի խնդիր դիրքեր հասնելու համար, մի կերպ կարողացանք կազմակերպել, հասնել դիրքեր, էնտեղ արդէն ամէն մէկը գիտէր` ինչ պէտք է անի։ Խաղաղ ժամանակ շատ էինք քննարկել մեր գործողութիւնները հակառակորդի յարձակման դէպքում»,- պատմում է Սասունը։

Արմենը հակառակորդի շարժի մասին տեղեկացրել է նաեւ գիւղապետին՝ Կարէն Գասպարեանին։ 

Կարէն Գասպարեան

«Ժամը 11-ի կողմերը դպրոցում էինք, պատմութեան ուսուցիչը էկաւ, ասեց, որ զանգել է  գիւղապետը` Կարէնը, ասել է` համար մէկ է (հեղ. ռազմական դրութիւն)։ Քիչ յետոյ գիւղապետը ինձ էլ զանգեց, ասեց՝ իրավիճակը լուրջ ա, ադրբեջանցիք ձորով գալիս են դէպի գիւղ»,- պատմում է Վալերին։ Գիւղի բնակչութիւնն արագ ինքնակազմակերպուել է։ Զենք են ստացել եւ գնացել այն ուղղութեամբ, որտեղ Արմենը շարժ էր նկատել։

«Հասանք էդ ձորի բերան, ես էի, Անդրեյը, մէկ էլ՝ Արտակը։ Ընթացքում գիւղից էլ աւելացան։ Ես մի քանի հոգու հետ ձորում էի, որտեղ առաջ շարժուող հակառակորդին դիմաւորեցինք։ Փամփուշտները աւարտւում էին, սկսեցինք մարտ վարելով բարձրանալ»,- ասում է աշխարհազօրային ուսուցիչը։

311 եւ 312 դիրքերի միջեւ գտնուող ձորով, որտեղ չպահուող դիրք կար, ադրբեջանցիները փորձել են մտնել գիւղ։ Սակայն սարուշէնցիները հասկացել են հակառակորդի մտադրութիւնները եւ մարտի մէջ են մտել։ Հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջել է եւ սկսել ինտենսիւօրէն հրետակոծել տեղանքը։ Այդ ձորում զոհուել են Գեղամ Ղազարեանը, Վարդան Իսրայելեանը, Վրեժ Գասպարեանը, Արմէն Գասպարեանը, Վալերի Գասպարեանը եւ Ռոբերտ Աւէտիսեանը։

Մինչ սարուշէնցիները դիմադրում էին հակառակորդին ձորում, ադրբեջանցիների մի մասը գրաւել էր 311 դիրքը։ «Պետք էր անցնել հակայարձակման։ Այլեւս ուշացնել չէր կարելի: 4 հոգով էինք։ Ես էի, Դաւիթը, Արտեօմը, Արմենն էլ յետոյ գիւղից եկաւ»,- պատմում է  Սարուշենի դպրոցի զինղեկը` Վարդան Աւանեսեանը։

Երբ մօտեցել են խրամատին, խմբի անդամներին Աւանեսեանը հրայեանգել է մնալ իր թիկունքում, իսկ ինքը մօտեցել է խրամուղուն։

Վարդան Աւանեսեան

«Տեսայ երկու հոգի խրամուղում կռացած գնում են։ Իրանց տեսայ, կրակեցի։ Հետոյ ինձ թւում էր՝ ես մենակ եմ, բայց Արմենը հետեւիցս էր գալիս։ Որ դրանց վրայ կրակեցինք, իրանց թիկունքից էլ սկսեցին մեր վրայ կրակել»,- պատմում է Վարդան Աւանեսեանը։ Սկսուել է մերձամարտ։

Դիրքային պայքարի ընթացքում զոհուել է Արմէն Գասպարեանը, Վարդան Աւանեսեանը ծանր վիրաւորուել է։ Աւանեսեանին եւ միւս վիրաւորներին դիրքից դուրս է բերել վաշտի հրամանատար Սասուն Սահակեանը։

Երբ Սասունը հասնում է 311 դիրք, ադրբեջանցիների մի մասը դեռեւս դիրքերում էին։ Նա սկսում է կազմակերպել հակայարձակումը։ Իր վաշտից մէկին` Վալերիին, որը կարողանում էր կրակել ականանետից, հրահանգում է գնալ ականանետային դասակի դիրքը։ Ականանետէրը տեղադրուած էին 310 դիրքի հետեւում։

«8 հատ կրակել ենք էդ օրը։ Դժուար ա ասել՝ կոնկրէտ ինչքան վնաս ենք տուել, բայց գիտենք, որ հակառակորդը մեծ կորուստներ է կրել»,- պատմում է վաշտի հրամանատարը։

Մինչ դիրքերում ռազմական գործողութիւնները շարունակւում էին, գիւղի քաղաքացիական բնակչութիւնը թաքնուել էր մօտակայ անտառում։ Մարտէրի սկզբում դիրքերում գտնուող գիւղապետը վիրաւորուելուց յետոյ վերադարձել էր գիւղ։ Հասնելուն պէս սկսել է կազմակերպել բնակչութեան տարհանումը դէպի մօտակայ գիւղ՝ Մսմնայ։ Համոզուելով, որ գիւղի բնակչութեանը վտանգ չի սպառնում՝ Կարէնը սկսում է կազմակերպել վիրաւորների տեղափոխումը Ստեփանակերտ։ Վիրաւորներին տեղափոխելու ընթացքում Խաչմաչ գիւղի մօտ նրա մեքենան յայտնւում է կրակահերթի տակ։ Բայց, ճիշտ կողմնորոշուելով, նրանք կարողանում են անվնաս դուրս գալ այդտեղից։ Վիրաւորներին Ստեփանակերտ հասցնելուց յետոյ Կարէնը աւելի մեծ մեքենայ է գտնում, վերադառնում Մսմնայ եւ կազմակերպում բնակչութեան տարհանումը Ստեփանակերտ։

Սեպտեմբերի 19-ի երեկոյեան, երբ մարտական գործողութիւնները դադարում են, աշխարհազօրայինները դիրքերից իջնում են գիւղ։ Գիշերը մնում են Սարուշէնում, առաւօտեան գնում Ննգի։ Ննգիում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ գալիս են, նրանց առաջարկում յանձնել զէնքերը եւ գնալ Ստեփանակերտ։ Այլ ելք չունենալով՝ Սարուշենի աշխարհազօրայինները յանձնում են զէնքերը։

2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրայ յարձակման ընթացքում Սարուշէն գիւղից մարտական գործողութիւնների ընթացքում զոհուել է 12 մարդ։ Նրանցից 10-ը՝ Իսրայելեան Անդրեյ, Իսրայելեան Արտակ, Գասպարեան Վրեժ, Գասպարեան Վալերի, Առստամեան Արմէն, Ղազարեան Գեղամ, Աւշարեան Արսէն, Աւէտիսեան Ռոբերտ, Գրիգորեան Շաբոյ, Գասպարեան Արմէն, զոհուել են Սարուշենի պաշտպանական մարտէրում, իսկ ժամկէտային զինծառայող Վարդան Իսրայելեանն ու յատուկջոկատային Ռաֆիկ Յարութիւնեանը զոհուել են Մարտակերտի շրջանում։

2023 թուականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի ՊԲ-ի եւ աշխարհազօրայինների ցոյց տուած դիմադրութեան շնորհիւ բազմաթիւ բնակավայրերում խաղաղ բնակչութիւնը կարողացաւ ապահով տարհանուել։

«Հետքը» առաջիկայում կանդրադառնայ նաեւ Արցախի միւս բնակավայրերում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտէրին։

Գլխաւոր նկարը՝ Տիրայր Մուրադեանի

hetq.am

Share