Անահիտ Ոսկանեան
Կարմիր-սեւ բերետաւորները Կիրանցի մօտ ծեծում են ՀՀ քաղաքացիներին։ Ոտքի տակ գցած, որ ազատէն մարդկանցից Հայաստանի այդ մասն էլ, տան ադրբեջանցիներին։
Չգիտեմ ինչ ասել։ Այս նկարագիրը հերիք է պատկերացնելու այն անբարոյականութեան սահմանը, որտեղ ապրում են Փաշինեանի հրամանները կատարողները։ Էլ իշխանութիւնների մասին չեմ ասում՝ այդտեղ լրիւ խաւար է։
Թւում է ամէն ինչ պարզ է՝ անհաւանական պիտի համարուեր, որ Հայաստան, տուն, իրար պաշտպանող մարդկանց ծեծում են որպէս յանցագործների։ Մարդը պիտի ապշեր, բարկանար, բայց կմտնեք այդ հրապարակումների տակ, կը կարդաք, թէ ինչպէս են թոռ-երեխաների նկարներով կանայք, ծիտիկ-հաւիկ աղջիկներ, բիձիկ ու քածիկ տղամարդիկ ուրախանում, հրճւում, հիստէրիկ գրում՝ տեղն է դրանց, ծեծեք, սատկացրեք…
Չե՞ք հաւատում։ Գրազ գանք։
Հանրութեան ամէն մաս իր առաջնորդի լեզուով է խօսում։
Սրանք՝ Փաշինեանի լեզուով։
«Դուք չեք որոշում, թէ թուրքը որտեղ ա գալու նստի»։
Սա 21 թւին ասաց։ Ու նիկոլի բերանով սնուողների համար օրէնք դարձաւ՝ իրենք չէն որոշում, թէ թուրքը որտեղ գայ ու նստի։
Այդպէս էլ ապրում են, անբարոյականութեան իրենց հանդէսով ուրախ, արբած ու գոհ։
Որովհետեւ կամք չունեն։ Թուրքի որոշածները։
Ու նախանձում են։ Ովքեր խելք ունեն՝ նախանձում են այն կամքին, որ ուրիշներին թոյլ չի տալիս թուրքի ու նիկոլի նոյն որոշմամբ ապրել։ Ու չարանում են։
Մարդկանց միւս մասը, որ քաղաքական ընդդիմութեան կիսափորձերից, երեւի՝ կառավարութիւն կամ իշխանութիւն փոխելու, արդէն հիասթափուել էր, գտաւ Բագրատ Սրբազանին։ Հանգիստ, խաղաղ, խիստ, ազդու խօսքը նրա։ Խոսք, որի մէջ կայ եւ այդքան սպասուած ճշմարտութիւն, եւ ուժ, եւ սկզբունք, եւ իմաստութիւն։ Հասարակ բառերով ասած, յստակ ասած, առանց աւելացնելու սպասելիքներ գրաւելու համար։
Դժուար է Սրբազանից յետոյ իրավիճակի վերլուծականներ գրել։ Նկատած կը լինեք՝ դրանք քչացել են սոցցանցերում։ Հիմնականում համաձայնութեան մասին են գրառումները։ Անելանելիութեան չարութիւնից մարդիկ դուրս գալու վարժանքներ են անում։ Առանց վախի ապրելու։ Ոչ թէ կոյր ձեւանալով, այլ տեսնելով։
Դժուար է։
Մի շաբաթ Սրբազանը քայլելով եկաւ, մենք քնում-ելնում, ուտում, կարդում, յետոյ հետեւում էինք այդ երթին։ Ոտքերը արիւնոտելով, առանց դժգոհելու, մարդկանց բարեւելով, օրհնելով։ ՈՒզում էինք Փոքր Մհեր դարձած տեղ հասնի, չարի դէմ մեր փոխարէն կռիւը տա ու վերջ՝ ամէն ինչ դառնայ մէզ հոգեհարազատ՝ Հայրենիքն ազատ, մենք չպարտուած, նիկոլը թախտից ընկած, դատարաններն արդար, մարդիկ խելացի, կանանց քնքուշ ու սիրասուն, սահմաններն ամուր, զինուորը քաջ, ոստիկանը մարդ,..։ Իսկ պարզուեց՝ չէ, դեռ բարոյականութեան վարժանքներ ունենք անելու։
Աղբիւր` Panorama.am