Նախագահից բացի զոհւել են նաեւ ԱԳ նախարարը, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետը եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետը
alikonline.ir
Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ այաթ. Սէյէդ Մուհամմադ Ալի
Ալ Հաշեմը եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին զոհւել են նախօրէին տեղի ունեցած ուղղաթիռի վթարի պատճառով:
Յիշեցենք, որ երէկ՝ միջօրէին, Հանրապետութեան նախագահին եւ նրան ուղեկցողներին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկւել Արեւելեան Ատրպատականի Վարզաղան շրջանում։
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը Թաւրիզ էր վերադառնում Խոդա Աֆարին շրջանից՝
Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ջրամբարտակի բացումից յետոյ:
Նախնական տւեալներով` վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Վթարից անմիջապէս յետոյ ամենաբարձր մակարդակով կազմակեպւել են որոնողա-փրկարական աշխատանքները: Դրանք համադրելու նպատակով, փոխնախագահը եւ կառավարութեան
որոշ անդամներ մեկնել էին Թաւրիզ, իսկ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալլէյտենանտ Մոհամմադ Հոսէյն Բաղերին հրամայել էր ԶՈՒ-ին մոբիլիզացնել բոլոր ստորաբաժանումները աշախատանքներն արագցնելու համար: Կարմիր մահիկն էլ դէպքի վայր էր ուղարկել 40 փրկարարական եւ արագ արձագանգման խմբեր։
Որոնողա-փրկարարական աշխատանքները չափազան դանդաղ են ընթացել՝ ԽԻՍՏ անբարենպաստ եղանակային պայմանների եւ թանձր մառախուղի պատճառով:
Այսօր՝ վաղ առաւօտեան փրկարարներին յաջողւել է պարզել ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը եւ հասնել այնտեղ:
Ինքնաթիռն ամբողջութեամբ այրւած է եղել: Դէպքի վայրում, դժբախտաբար ողջ մնացածներ չեն յայտնաբերւել:
Ուղաթիռում, Հանրապետութեան նախագահից, ԱԳ նախարարից, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղոթապետից եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետից բացի եղել են նաեւ ուղղաթիռի անձնակազմը եւ անվտանգութեան աշխատակիցներ, որոնք նոյնպէս զոհւել են:
Հանրապետութեան նախագահի մահւան դէպքում, ինչ է ենթադրում Սահմանադրութիւնը
ՅՕԴՒԱԾ 131
Նախագահի մահւան դէպքում՝ «Առաջին փոխնախագահը, Առաջնորդի համաձայնութեամբ ստանձնում է նրա
(նախագահ) լիազօրութիւններն ու պատասխանատւութիւնները, իսկ խորհրդարանի նախագահի, Դատական
ուժի ղեկավարի եւ նախագահի առաջին տեղակալի մասնակցութեամբ ձեւաւորւած խորհուրդը պարտաւոր է
առաւելագոյնը 50 օրւայ ընթացքում նախապատրաստել նոր նախագահի ընտրութիւնը»:
Սոյն դէպքի կապակցութեամբ ցաւակցական պատգամներ է յղուել իրանի հայոց թեմակալ առաջնորների, խորհրդարանական պատգամաւորների և ազգային մարմինների կողմից: