Հայաստանի անվտանգային համակարգի ամենապաշտպանված և ամուր հատվածը՝ Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը, հայ-ադրբեջանական սահմանից հեռացրած և Հայաստանի անվտանգության գոտի Տավուշի մարզի տարածքներն Ալիևին հանձնած Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլը համարում է մեծ ձեռքբերում։
Այս մասին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ասել է Կառավարության մայիսի 19-ի նիստում՝ շեշտելով.
«Ես ուզում եմ ասել, որ տեղի ունեցածն ուզում եմ համարել մեծ հաջողություն: Երկու պատճառով եմ համարում մեծ հաջողություն, առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը՝ ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասել է նա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գառնիկ Դանիելյանը ևս կատարվածը հաջողություն համարեց, սակայն՝ Ադրբեջանի ղեկավար Ալիևի համար։
«Մենք ունենում ենք Կիրանց գյուղի ոչնչացում։ Սահմանազատման և սահմանագծման անվան տակ, իսկ իրականում՝ միակողմանի այս զիջումների հետևանքով Կիրանց գյուղը բաժանվում է երկու մասի, որի երկրորդ մասն այլևս կենսունակ չի լինելու։ Մարդիկ զանգել, ինձ ասում են՝ մեր տներում չենք ապրելու, մեր տներն այրելու ենք։ Փաշինյանին մարդիկ ավելի վաղ հարցրել են՝ ապահովո՞ւմ ես արդյոք մեր անվտանգությունը, ասել է՝ ոչ, հետևաբար, հարց՝ ի՞նչն է Փաշինյանը համարում հաջողություն, չէ՞ որ Տավուշի առաջնագիծը՝ հայկական պետության հյուսիս-արևելյան սահմանները պաշտպանող բոլոր անվտանգային բարձիկները, նա նվիրում է Ալիևին»,- ասաց Դանիելյանը։
Վերջինս Փաշինյանին հարցրեց՝ Ալիևի հերթական պահանջի դեպքում ի՞նչ է անելու, չէ՞ որ ադրբեջանական կողմից բացահայտ ասում են՝ սա ընդամենն իրենց պահանջների բավարարման առաջին փուլն է, և կան այլ փուլեր ևս։
«Արցախի կեսը տվեց, հետո ամբողջ Արցախը տվեց, հետո՝ Գորիս-Կապան ճանապարհը, հետո՝ Տավուշի տարածքները, այսինքն՝ ինչ ուզում են, տալիս է»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով ՝Ալիևը վաղը պահանջելու է Բաղանիսում ապրողների և 90-ականներին կռված հայերի անունները՝ ցուցակներով, և վստահ է, Փաշինյանը նաև այդ մարդկանց է հանձնելու։
«Այս մարդը չորս պատերազմ է բերել։ Նրա մնալը Հայաստանի չգոյությունն է։ Ալիևի պահանջները չեն ավարտվում։ Կիրանցի մերձակա գյուղերը ժամանակի ընթացքում ևս դառնալու են անկենսունակ։ Ադրբեջանն այդ տարածքներում տեղակայելու է ռազմական ստորաբաժանումներ, և սկսվելու է 90-ականների պատմությունը՝ սադրանքներ, գողություններ, հիմա սակայն ադրբեջանցիներին զսպող չի՛ լինելու. քայլելով են առաջանալու»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։