Գիշերային Մհերը

Գիշերային Մհերը

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ստեղծուած աւանդոյթի համաձայն՝ ուշ երեկոյեան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման յանձնաժողովները յայտարարում են ստորագրուած արձանագրութիւնների մասին, որոնք իրականում չբանակցութիւնների հետեւանքով Ալիեւի միակամ պահանջների արձանագրութիւնն են։

Առաջին թուղթը հրապարակուեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրուայ պրոցեսներին:

Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային եւ խորհրդատուական խողովակներով հարցադրումներ անել փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի հանդէպ։ Նրա ստորագրութիւնն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունէութեան մէջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական եւ ինստիտուցիոնալ պատասխանատուութիւն եւ հաշուետուողականութիւն։

Փոխուարչապետ Մհեր Գրիգորեանի վրայ հրապարակային քաղաքական եւ հանրային ճնշումը կարող էր կասեցնել յետագայ զարգացումները: Չգիտես ինչու՝ չարուեց:

Դիւանագէտների համահայկական խորհրդի կազմած բաւականին ծանրակշիռ փաստաթղթում կար յիշատակում, որ ադրբեջանայ-վրացական սահմանազատման յանձնաժողովի վրացի պատասխանատուները յետագայում ենթարկուել են քրէական պատասխանատուութեան՝ թոյլ տուած անօրինականութեան, թաքցուած քարտէզների եւ ինքնագլխութեան համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։

Շատ կարեւոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, եւ պայմանական ասած, նա ամէն ոլորտում ունի իր «կարմիրբերետաւորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզուած լինելով, որ ոչ մէկին պարտաւոր չէն լինելու հաշուետուութիւն տալ։

Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորեանը պարտաւոյ´ր է քաղաքական հաշուետուութիւն տալ քաղաքական ուժերին եւ հասարակութեանը։ Հայաստանը գիշերային կեանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առաւօտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։

Պետք էր դա անել աւելի վաղ, բայց հիմա ամենեւին ուշ չէ։ Քաղաքական գրագէտ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որեւէ մասնաւոր անձի մասին չէ (նոյն՝ Մ. Գրիգորեանի)։ Բայց Մենք այսպէս ստանում ենք նոր վտանգաւոր որակի իշխանութիւն՝ ոստիկանական զօրքերով փակուած ու գիշերուայ քօղի տակ գործող, առանց անձնական պատասխանատուութեան։ Սա մի կառավարման ձեւ է, որը որպէս կանոն բերում է նոր ներքին եւ արտաքին ցնցումների։

Share