Թերեզա Միրզոյեան

Թերեզա Միրզոյեան

Եւս մէկ յիշարժան օր գրանցուեց Հայաստանի գեղարուեստի պետական ակադեմիայի պատմութեան էջերում․ անցած ուրբաթ, անձրեւային կէսօրին ակադեմիայի բակում կատարուեց իւշատախտակի բացման արարողութիւն։ Քանդակագործութեան ամբիոնի պատին տեղադրուեց ՀԳՊԱ-ի վաստակաշատ մանկավարժ, քանդակագործ Թերեզա Միրզոյեանի իւշատախտակը, ամբիոնը անուանուեց արուեստագիտուհու պատուին, որի քանդակները տեղադրուած են Երեւանում եւ Հայաստանի տարբեր վայրերում։ Դրանք հիմնականում կանացի կերպարների մէջ մարմնաւորած նուրբ, խորը զգացմունքային արտայայտութիւններ կրող գործեր են՝ սիրոյ, մայրութեան, սպասման, կարօտի, ցաւի, ազատութեան, ինչպէս՝ «Կժով աղջիկը», «Թռիչք», «Սպասում», «Ողբ»։

Թերեզա Միրզոյեանը սովորել է Թբիլիսիի գեղարուեստի ակադեմիայում, դասաւանդել է Երեւանի գեղարուեստի ուսաումնարանում, ապա 1947-ից Գեղարուեստի ինստիտուտում (ներկայիս Հայաստանի գեղարուեստի պետական ակադեմիայում), 20 տարի ղեկավարել քանդակագործութեան ամբիոնը։ Այդ տարիների նրա աշխատանքային, ստեղծագործական գործունէութեան, որպէս մանկավարժի, նրա մարդկային կերպարի մասին խօսեց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկեանը։ Յիշողութիւնը մի քանի րոպէով ժամանակը ետ տարաւ․ աշխատանքային յարաբերութիւններից բացի Արամ Իսաբեկեանը պատմեց իրենց ընտանեկան մտէրիմ կապերի մասին։ Թբիլիսիի գեղարուեստի ակադեմիայում Թերեզա Միրզոյեանը Էդուարդ Իսաբեկեանի, Արփենիկ Նալբանդեանի, եւս մի քանի հայ ուսանողների հետ է սովորել, նրանց ընկերութիւնը յետագայում շարունակուել է թէ՛ աշխատանքային, թէ՛ ընտանեկան-անձնական մակարդակներում։ «Կարեւոր օր է այսօր, նման միջոցառումները ակադեմիայի պատմութեան մի մասն են։ Յուշատախտակի տեղադմամբ, մեծարման այսպիսի ձեւով ուզում ենք յաւէրժացնել մեր ակադեմիայի նուիրեալներից մէկի՝ Թերեզա Միրզոյեանի անունը, որ հիանալի արուեստագէտ էր, հիանալի մանկավարժ, մեր ակադեմիայի համար կարեւոր անձ՝ իր կերպարով, իր ինտելիգենտ կեցուածքով, ուսանողներին, ուսումնական հաստատութեանը իր նուիրուածութեամբ»։

Թերեզա Միրզոյեանն էլ այն անձանցից է եղել, ում համար աշխատանքային, ստեղծագործական եւ անձնական-ընտանեկան կեանքը ընթացել է հաւասար հարթութեան վրայ։ Արամ Իսաբեկեանը եւս, որն իր կեանքի աւելի քան երեք տասնամեակն անց է կացրել ակադեմիայի հարկի տակ, նախ որպէս ուսանող, ապա 90-ականներին պրոռեկտոր, մի քանի տարի անց՝ ռեկտոր, բուհի համար ամենադժուարին տարիներին, երբ այն փակման վտանգի տակ էր անգամ յայտնուել, կարողացաւ համախոհ կոլեգաների հետ ոչ միայն փրկել փլուզումից, այլեւ վերակառուցել, ընդլայնել, զարգացնել եւ արդիականացնել՝ հասցնելով ներկայիս առաջատար մակարդակի, մի բան, որ հնարաւոր է սրտացաւութեան եւ նուիրուածութեան շնորհիւ միայն։

Յուշատախտակի տեղադրման առաջարկը եղել է Թերեզա Միրզոյեանի դստէր՝ ՀԳՊԱ-ի նախկին սան, նկարչուհի Անուշ Միրզոյեանի կողմից, որի կարճ խօսքը կեանքի իմաստային ամփոփում էր․«Ես քանդակագործներին աւելի եմ սիրում, փոքր հասակից կաւի հօտ եմ շնչել։ Ակադէմիան մայրիկիս երկրորդ տունն է եղել, հիմա արդէն նրա հոգին միշտ այստեղ կը լինի, միշտ ձեզ հետ»։

Մելանեա Բադալեան

Թերեզա Միրզոյեանի գործերի օրանիկները տեսնել այստեղ՝

Share