ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ
Մեր սրտէրի մէջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրոյ,
Նուիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրաւետ,
Կեանքի, սիրոյ ու քաղցրութեան վայելքով։
Բայցեւ պատած
Ձեր սրբազան հուր վրէժի փուշերով,
Զինաւորուած ու զինավառ
Ասպետական մեր ուխտով,
Որ տանում ենք
Ու կը տանենք
Նուիրական մեր պայքարը
Ետ խլելու ձեզ մահից,
Ետ խլելու իրաւունքը ձեր կեանքի,
Մեր կեանքի ու ժառանգութեան
Իրաւունքը անժամանց,
Որով դոփում է մեր սիրտը,
Ընթացք տալիս մեր կեանքին,
Ոգի բաշխում
Հայրենիքին մեր ծաղկող,
Որ տարածուի
Ու ընդգրկի
Ձեր սուրբ արեամբ ոռոգուած
Հայ դաշտէրը,
Հայ սարերը,
Հայ ձորերը,
Հայաստանը ամբողջական փառապանծ։
Մեր սրտէրի մէջ են բուրում
Ծաղիկները ձեր շնչի,
Ձեր խօսքի ու պատգամի,
Որով ձեր սէրը խոստացաք
Ձեր սիրածին,
Մեր մայրերին,
Մեր հայրերին,
Հայրենիքին, հայրենիքին սիրասուն։
Ու բուրեցին ծաղիկները վարդացած,
Որ բուրում են ձեր իղձերով,
Որ բուրում են մեր կեանքում,
Իմաստ տալիս մեր սիրոյն,
ժողովրդին, հայրենիքին,
Մեր սիրոյն,
Եւ սերունդին,
Որ եղան մեր ծնողները,
Որ մենք եղանք
Ձեզ հարազատ ժառանգորդ,
Ու սերունդին,
Որ ծաղկում են մեր սիրուց,
Ու տօնում են հայրենիքը
Հայրենական զեղումով,
Նուիրումով ամբողջական, սրբագին։
Մեր սրտէրի լայն դաշտէրը
Ծաղկավառ են
Ձեր երփներանգ գոյներով,
Որ մեր կեանքի հէնքն են լցնում
Աւանդական իմաստով,
Բովանդակութեամբ բանի,
Ծիածանով կամարակապ,
Որ գրկում է հորիզոնը
Հայրենիքի բովանդակ։
Մեր սրտէրի մէջ են բուսել
Ծաղիկները ձեր սիրոյ,
Զոհողութեան ու կտակի
Ծաղիկները անթառամ։
ԵՐԱԶԱԽԱԲ
Երազումս եկար
Քո նոյն դիւթանքով
Ու կախարդութեամբ…
Կարծէս վերներում ինձ գգւում էիր…
Սեթեւեթ խաղքով համբուրում էիր…
Ու թւում էր թէ հեռանում էիր…
Բայց թւում էր թէ քեզ բռնում էի…
Հետոյ նոյն խաղքը կրկնւում էլի,
Ես քեզ բռնում ու համբուրում էի…
Դու խնդում էիր…
Ես խանդում էի…
Ու յետոյ նորից դու փախչում էիր…
Հագիդ վարդագոյն մի շոր էր ծփում…
Լիքը կօնքերդ սրսփում էին…
Իբրեւ ձեռքերս կօնքերդ գրկած
Մեկ այրւում էին…
Մեկ շոյում էի…
Ականջիս մօտիկ շրշիւնն էր շունչիդ…
Ու ջերմութիւնդ ես զգում էի…
Ապա թւում էր, որ գնում էինք…
Հետոյ մի դուռ էր, իբրեւ թէ մտանք…
Դռան այն կողմը սենեակ, բան չկար…
Ու մենք ցատկեցինք…
Ու թռչում էինք…
Դու նայում էիր ուղիղ աչքերիս…
Աչքերդ խոշոր ու փայլուն էին…
Մեղրագոյն էին…
Հետոյ դու դիտմամբ քսւում էիր ինձ…
Ու ես քեզ խստիւ ցանկանում էի…
Դու քսւում էիր…
Դու քսւում էիր…
Ու փափկութիւնդ ողջ զգում էի…
…Ա՜… երազախաբ… ու քրտնած էի…