«Իմփիչմենթը կեանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է». Գեղամ Մանուկեան

«Իմփիչմենթը կեանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է». Գեղամ Մանուկեան

Վարչապետ Փաշինեանին խորհրդարանում անվստահութիւն յայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է առնուազն 36 պատգամաւորի ստորագրութիւն, սակայն ընդդիմադիր երկու խմբակցութիւնները այդքան ձայն չունեն։

Սահմանադրութեան 115 -րդ յօդուածի համաձայն, վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն մէկ երրորդը։ Այսինքն՝ անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամաւորներից առնուազն 36-ի ստորագրութիւնը։

Ընդդիմադիր «Հայաստան» (29) եւ «Պատիւ ունեմ» ( 6) խմբակցութիւնները միասին ունեն 35 պատգամաւոր: Այսինքն` նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է եւս մէկ պատգամաւորի ստորագրութիւն։ Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կայ՛մ համոզել «Պատիւ ունեմ» խմբակցութիւնից դեռեւս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարեանին միանալ իրենց, կայ՛մ իշխող ՔՊ — ից որեւէ պատգամաւորի ստորագրութիւնը ստանալ։

Դեռեւս պարզ չէ, ինչպէս են այս հարցը ընդդիմադիրները եւ շարժումը լուծելու։ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը «Ազատութեանը» փոխանցեց, որ «իմփիչմենթը կեանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է»՝ յստակեցնելով, որ խօսքը եւ՛ 36 պատգամաւորի ստորագրութիւն ապահովելու, եւ՛ նոր վարչապետի թեկնածուի մասին է։

Սահմանադրութեան համաձայն՝ 36 պատգամաւորի ստորագրութեամբ վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծում պէտք է նաեւ նոր վարչապետի թեկնածու առաջարկուի։

«Իրաւական եւ տեխնիկական հարցերին յետագայում պարզաբանում կտրուի», — ասաց Գեղամ Մանուկեանը։


Հովիկ Աղազարեանն, ի դէպ, պնդել է, թէ իրաւապահներին հաղորդում է ներկայացրել, ըստ նրա՝ ընդդիմութիւնը մարդկանց մի մասին գումարով է բերում հրապարակ. — «[Փաստէր] ունեմ եւ այդ մասին ասել եմ համապատասխան մարմիններին երէկ»:

«Հայաստան» խմբակցութիւնից Գեղամ Մանուկեանը յիմարութիւն որակեց այդ մեղադրանքը. — «Դէ Հովիկ Աղազարեանը քաղմասներից էն կողմ չի գալիս ու բազմաթիւ անմեղ մարդկանց դէմ անհիմնազուրկ մեղադրանքներ է ներկայացրել»:

Ոստիկանութիւնից եւ Քննչական կոմիտեից «Ազատութեանը» փոխանցեցին, որ Հովիկ Աղազարեանից հաղորդում չէն ստացել։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան քարտուղար Արթուր Հովհաննիսեանը պնդում է՝ Հայաստանում յեղաշրջման մէկ ճանապարհ կայ եւ դա ուժի եւ բռնութեան ճանապարհն է, եւ կասկածներ ունի, որ որոշ խմբեր կարող են գնալ այդ ճանապարհով։

«Օրինակ՝ «Բեւեռը», որը յայտնի է իր ահաբեկչական գործելաոճով: Հետեւաբար որոշ խմբեր, ովքեր յայտնի են իրենց բռնի գործողութիւններով, կարող է նորից գնան նոյն ճանապարհով», — նշեց Հովհաննիսեանը:

Արթուր Հովհաննիսեանը, սակայն, չյստակեցրեց, եթէ հրապարակում տեսել է մարդկանց, որոնք կազմակերպել են, իր բնորոշմամբ, Ազգային ժողովի նախագահի մահափորձը 20 թուականի նոյեմբերին, ապա ինչո՞ւ են այդ դէպքում այդ անձինք մինչ օրս ազատութեան մէջ՝ հազարաւոր մարդկանց կողքին։ Այս հարցին որեւէ բացատրութիւն չհնչեց։

azatutyun.am

Share