Ես ամենեւին չեմ զղջում իմ ընտրած ճանապարհի համար․ Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ուղերձ է փոխանցել «Աւրորա»-ի մասնակիցներին

Ես ամենեւին չեմ զղջում իմ ընտրած ճանապարհի համար․ Ռուբէն Վարդանեանը Բաքուի բանտից ուղերձ է փոխանցել «Աւրորա»-ի մասնակիցներին

2024 թ․ «Աւրորա» մրցանակի շնորհման արարողութեանը «Աւրորա» նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկայ Զոնաբենդն ընթերցել է Ռուբէն Վարդանեանի ուղերձը Բաքուի բանտից:

Վերոնիկայ Զոնաբենդի խօսքը.

«Աւրորա» 8-րդ մրցանակաբաշխութեան յարգարժան հիւրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երեւանից:

Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթէ 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Աւրորան» ծնուել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը եւ Ռուբենը:

Մինչեւ Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին եւ անկեղծ երախտագիտութիւնը յայտնել բոլորիդ, «Աւրորա»-ի համայնքին՝ աջակցութեան եւ զօրակցութեան համար։ Աւելի քան 200 օր Բաքւում բանտարկուած լինելով՝ Ռուբենն ու միւս հայ բանտարկեալները ձեր աջակցութիւնն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխութիւնն եք յայտնել՝ ձեր համարձակ գործողութիւններով պահանջելով նրանց անյապաղ եւ անուէրապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրեայ հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մէկ անգամ շնորհակալութիւն։

Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի ուղերձը․ Բաքուի բանտ, 2024 թ.

«2015 թուականին՝ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թէ ինչպէս կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպէտք է միայն յարգանքի տուրք մատուցենք ողբերգութեան զոհերի յիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտութիւնը յայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատէրին, փրկել էին կեանքեր:

Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիւը՝ զոհի կերպարից ու անցեալի յիշողութիւնից դէպի նոր՝ ապագային յոյսով նայելու հեռանկարի:

Մենք սկսեցինք այս նախաձեռնութիւնը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտութիւն յայտնելու համար մերօրեայ հերոսներին, մեծարելու նրանց  եւ օգնելու, որպէսզի շարունակէն իրենց դժուարին առաքելութիւնն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երեւանը դառնայ աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, եւ որ մենք միաւորուեինք՝ ցեղասպանութեան հետեւանքով աշխարհով մէկ սփռուած հայկական սփիւռքի հետ դառնալով միասնական ազգ։

«Աւրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրութիւնը հրաւիրում ենք մերօրեայ իրական հերոսների վրայ, ովքեր վտանգում են իրենց բարեկեցութիւնն ու կեանքը,  ովքեր հաւատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:

«Աւրորա»-ի շնորհիւ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարեւոր դասը՝ հաւատարիմ մնալ մարդկային արժէքներին եւ սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, եւ անցնել քո ճանապարհը:

Իմ՝ Արցախ տեղափոխուելու որոշումը ես կայացրեցի «Աւրորա»-ի հերոսների շնորհիւ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնութեան կարիք ունէին ու փորձում էի հնարաւոր ամէն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթէ ութ ամիս ամբողջովին մեկուսացուած, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

Ես ամենեւին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապէս երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ աւելի լաւ եմ հասկանում, թէ  ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային եւ «Աւրորա»-ի  միւս դափնեկիրներին, եւ ինչու են նրանք այդպէս հաւատում մէկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դէպի լաւը: Մենք պարզապէս չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

Ցաւօք, աշխարհն աւելի բարի չի դարձել ձեր լաւ գործերի արդիւնքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա աւելի կարեւոր է, քան երբեւէ:

Ուրիշներին օգնելու ձեր յանձնառութիւնն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, աւելի քան երբեւէ, համոզուած եմ, որ արժէքներն ու սկզբունքներն աւելի կարեւոր են, քան նոյնիսկ կեանքը:

Ես մաղթում եմ ձեզ յաջողութիւններ ձեր առաքելութեան մէջ եւ իմ ջերմ շնորհաւորանքներն եմ յղում այս տարուայ դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար աւելի լաւ եւ աւելի բարի վայր դարձնելու համար: Ինչպէս Մարգարիտն է յաճախ ասում․ «Սերը միշտ յաղթում է»։ Եւ թող սէրն ու արժէքները յաղթէն։ Եւ թող մենք բոլորս տանք աւելին, քան երբեւէ կարող ենք յուսալ, որ կը ստանանք: Մեզնից իւրաքանչիւրն իրականում կարող է շատ բան փոխել»:

Share