Տարածք յանձնենք, թէ ոչ, մէկ է, Ադրբեջանը յարձակուելու է. աւելի լաւ է`յանձնենք ու պատերազմ լինի, քան չյանձնենք ու պատերազմ լինի: Եթէ հարցը 50/50 եք դնում, մի՛ յանձնուէք, հեռացէ՛ք։ Գուցէ իսկապե՞ս Ադրբեջանը յարձակուի, ու մենք դիմադրենք. Փաշինեանի՝ անգամ Տաւուշի գիւղերը յանձնելուց յետոյ երաշխիքների բացակայութեան մասին յայտարարութեանն ի պատասխան ասել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարեանը՝ «Փոխի՛ր Ալիքը Աբրահամ Գասպարեանի հետ» հեղիանակային հաղորդման շրջանակներում։
«Դիմադրենք առանց քեզ ու քո ոհմակի, որովհետեւ ձեզ հետ պատերազմ գնալն իրապէս ցեղասպանութիւն է: Պարզ հաշուարկ. եկեք հասկանանք միասին, եթէ Ադրբեջանի նախագահը յայտարարում է, որ չի ճանաչում 1991 թ. քարտէզները, եթէ այդպէս է, ուրեմն ինչո՞ւ է պահանջում Տաւուշի 4 գիւղերը։ Իսկ եթէ ճանաչում է, ապա ինչու՞ 1991 թուականի քարտէզներով Ադրբեջանը ներխուժել է Սիւնիքի մարզի տարածք եւ բարձունքներ գրաւել։ Այսինքն՝ Ադրբեջանը մտնում, գրաւում է ինչ ուզում է՝ առանց սպասելու միջազգային թոյլտուութեան կամ հարցնելու աշխարհի»,- ասել է Գասպարեանը։
Նա յիշեցրել է Տաւուշի այդ հատուածներում հայկական պաշտպանական հզօր դիրքերն ու նշել, որ Բաքուն էլ շատ լաւ գիտի այդ դիրքերը յաղթահարելու դժուարութեան, պաշտպանական գիծը չէզոքացնելու կորստաբեր լինելու մասին, դրա համար էլ նախընտրում է խաղաղ յանձնումը։
«Դու չես կարողանալու ո՛չ Եւրոպայից, ո՛չ Ռուսաստանից երաշխիք բերել, որ, դիցուք, Տաւուշի գիւղերը յանձնելուց յետոյ ադրբեջանական բանակը դուրս կը գայ Սիւնիքի գրաւեալ դիրքերից»:
Գասպարեանը խօսել է նաեւ Փաշինեանի՝ պատմական ու իրական Հայաստանի միջեւ առաջացրած արհեստական հակասութեան մասին։
«Պատմական Հայաստանի ժամանակ Ադրբեջան գոյութիւն չուներ, ոչ էլ Թուրքիայ. սա, կարծում եմ, 5 տարեկան երեխան էլ գիտի, բայց դու մի՛ փորձիր մէզ 4 տարեկանի տեղ դնել: Այդ քո ասած պատմական Հայաստանի փոխարէն, Ադրբեջանն է իր յօրինած պատմական քարտէզն իրականութիւն է դարձնում, եւ հէնց քո՛ չարաբաստիկ կառավարման տարիներին՝ կամաց-կամաց, սողացող պատերազմով ու վախի մթնոլորտում»,- ասել է Աբրահամ Գասպարեանը։