Հայաստանի Եպիսկոպոսների եւ Թեմակալ Առաջնորդների յայտարարութիւնը՝ Տաւուշի մարզից տարածքներ յանձնելու վերաբերեալ

Հայաստանի Եպիսկոպոսների եւ Թեմակալ Առաջնորդների յայտարարութիւնը՝ Տաւուշի մարզից տարածքներ յանձնելու վերաբերեալ

Հայաստանի Եպիսկոպոսների եւ Թեմակալ Առաջնորդների յայտարարութիւնը՝ Տաւուշի մարզից տարածքներ յանձնելու վերաբերեալ։

«Վերջին շրջանի զարգացումները այլեւս կասկած չէն թողնում, որ Հայաստանի իշխանութիւնները Արցախի լիակատար հայաթափման եւ ՀՀ տարածքների բռնազաւթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին,  պատրաստւում են վերջինիս յանձնել Տաւուշի մարզից  տարածքներ նախքան ենթադրուող սահմանազատումն ու սահմանագծումը։ 

Պարտուողական այս մօտեցմամբ, տարածքային ցաւալի հերթական զիջումներով, ըստ էութեան, հաչս միջազգային հանրութեան լեգիտիմացւում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրութիւնը եւ դատապարտելի յաւակնութիւնները: 

Եկեղեցին միարժէքօրէն ողջունում է խաղաղութեան հասնելուն ուղղուած բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղութեան դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը ոչ միայն անիրատեսական է, այլեւ աղէտաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները եւ չարդարացուած շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չէն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

Տեւական ու ամուր խաղաղութիւն հնարաւոր է կերտել ազգային արժանապատուութեան եւ իրաւունքների հանդէպ լիարժէք յարգանքի դրսեւորման եւ փոխադարձութեան սկզբունքի պահպանման պայմաններում: 

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանութիւններին` հրաժարուել պարտուողական գործելաոճից եւ ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցութիւններում ընթացք չտալ պարտադրուող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կը կանգնեցնեն անվտանգային նոր մարտահրաւէրների առջեւ։

Կոչ ենք ուղղում նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպութիւններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զաւակներին` այդ թւում եւ պետական պաշտօնատար անձանց` համախմբուել եւ համազգային միասնականութեամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականութեան ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։ 

Հաւատում ենք, որ մեր ժողովրդի մէջ զօրեղ է հայրենանուիրումի եւ անձնականն ի սէր ազգի զոհաբերելու յանձնառութեան ոգին, ամուր` ազգային ինքնութիւնը պահպանելու նախանձախնդրութիւնը, եւ մենք Հարուցեալ Փրկչի օգնականութեամբ ու համընդհանուր ջանքերով ի զօրու ենք հեռացնել արհաւիրքն ու չարիքը հայրենական մեր կեանքից։ 

Սրտաբուխ աղօթքով հայցում ենք Երկնաւոր Տիրոջից, որ խաղաղութեան ու համերաշխութեան շնորհները հեղի մեր երկրի եւ ժողովրդի կեանքում եւ անվտանգ ու անսասան պահի Հաեօց անկախ պետականութիւնը»։

Share