Խնդիրներով լեցուն ներկայ ու անորոշ ապագայ. Արցախցիները բռնի տեղահանութիւնից յետոյ

Խնդիրներով լեցուն ներկայ ու անորոշ ապագայ. Արցախցիները բռնի տեղահանութիւնից յետոյ

Տաթեւիկ Աղաջանեան
Լրագրող, Արցախ

2023 թ. սեպտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետութեան վրայ Ադրբեջանի յարձակումից մի քանի օր անց սկսուել է արցախահայերի զանգուածային բռնի տեղահանութիւնն իրենց դարաւոր բնօրրանից: Վեց օրուայ ընթացքում 100 000-ից աւելի արցախցիներ, օրերով ճանապարհին հերթի մէջ սպասելով, հատել են Հակարիի կամուրջը: Բնաջնջման վտանգից փրկուած արցախցիները կամրջի այս կողմում բախուել են սոցիալական, ֆինանսական, հոգեբանական ու այլ խնդիրներին: Դրանց մէջ առաջնահերթը կեցութեան ու առաջին անհրաժեշտութեան ապրանքների հարցն էր, քանի որ շատերն իրենց տները լքել էին հապճեպ՝ առանց գոնէ փաստաթղթերը վերցնելու:

2023 թուականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարութիւնը որոշում էր ընդունել Արցախից բռնի տեղահանուած անձանց ժամանակաւոր պաշտպանութեան տակ վերցնելու մասին, ինչը հաւասարազօր է փախստականի կարգավիճակին:

Նոր կարգավիճակի հետ կապուած՝ արցախցիները պէտք է հաշուառում անցնեն, որպէսզի կարողանան օգտուել նպաստներ ու թոշակներ ստանալու իրաւունքից: ՀՀ կառավարութեան որոշմամբ՝ 2023 թ. դեկտեմբերի 1-ից արցախցիները կարող էին դիմել իրենց նպաստների ու թոշակների նշանակման համար: Այդ ժամանակից ի վեր արցախցիները օրերով ու ժամէրով հերթ են կանգնում անձնագրային բաժանմունքների դիմաց՝ հաշուառում անցնելու, նոր անձնագիր ստանալու կամ այլ հարցերով:

Շատէրը գիշերը ժամը 3:00-4:00-ից են հասնում անձնագրային բաժիններ, որպէսզի կարողանան այդ օրը սպասարկուող մի քանի տասնեակ անձանց շարք ընդգրկուել: Սկզբնական շրջանում մարդկանց թիւն անհամեմատ մեծ էր, ու հերթերն էլ՝ անկառավարելի: Դրանք յաջողուել է կարգաւորել ստուգուած մեթոդով, որը կիրառուել է շրջափակման օրերին կտրօնով հացի համար հերթ կանգնելու ընթացքում․ տետրի մէջ գրում են իրենց անունը, հերթական համարը ու սպասում հերթին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը տեղեկացնում է, որ Արցախից բռնի տեղահանուած անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակւում եւ վճարւում են գործող օրէնսդրութեանը համապատասխան։ Ըստ այդմ՝ տեղահանուած անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թւում՝ կենսաթոշակային տարիքը, աշխատանքային ստաժի չափը) նոյնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով նշանակուած եւ հաշուարկուած կենսաթոշակի չափը կարող է տարբերուել Լեռնային Ղարաբաղում նշանակուած եւ վճարուած կենսաթոշակի չափից։
Մեկ այլ հարց է մշտական աշխատանք գտնելու խնդիրը, ինչի շնորհիւ հնարաւոր կը լինի բնակովարձերը եւ միւս ծախսէրը հոգալ:

Արցախցիների մի ստուար զանգուած պետական համակարգում էր աշխատում: Հաշուի առնելով սեպտեմբերի 20-ից յետոյ Արցախի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակը՝ նախագահ Սամուել Շահրամանեանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ 2023 թուականի հոկտեմբերի 1-ից պետական եւ համայնքային հիմնարկների, պետութեան եւ համայնքների կողմից հիմնադրուած, ինչպէս նաեւ նրանց մասնակցութեամբ կազմակերպութիւնների, պետութեան եւ համայնքների կողմից ստեղծուած հիմնադրամների աշխատողներն ազատուել են զբաղեցրած պաշտօններից՝ բացառութեամբ Արցախի Հանրապետութեան նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգութեան խորհրդի քարտուղարի, Արցախի Հանրապետութեան պատգամաւորների, հանրապետութեան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետութեան դատաւորների, մարդու իրաւունքների պաշտպանի, կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահի, գլխաւոր դատախազի, պետական նախարարի, նախարարների, Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի, կառավարութեան գործերի կառավարչութեան պետի, Արցախի Հանրապետութեան պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետութեան բնակարանային հարցերի կոմիտէի նախագահի, ՆԳՆ ոստիկանութեան պետի եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան տնօրենի, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետութեան շրջանների վարչակազմերի ղեկավարների, համայնքների ղեկավարների, Արցախի Հանրապետութեան կողմից հիմնադրուած ընկերութիւնների (բացառութեամբ պետական ոչ առեւտրային կազմակերպութիւնների) եւ հիմնադրամների ղեկավարների, որոնք շարունակում են պաշտօնաւարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրութեան):

Արցախից բռնի տեղահանուածների համար կառավարութիւնը մի շարք աջակցութեան ծրագրեր է իրականացրել՝
-առաջնային սպառողական ծախսէրի նպատակով՝ միանուագ 100 հազար դրամ աջակցութեան ծրագիր,
-կոմունալ ծախսէրի եւ ժամանակաւոր կացարանների վարձավճարների համար վեցամսեայ 40+10 հազար դրամ աջակցութեան ծրագիր,
-սպառողական ծախսէրի նպատակով՝ երկամսեայ 50 հազար դրամ աջակցութեան ծրագիր,
-մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի եւ զբաղուածութեան ապահովման պետական աջակցութեան ծրագիր։

Սակայն այս ծրագրերը չէին կարող լիարժէք լուծել տուն-տեղ, ամէն ինչ կորցրած մարդկանց խնդիրները․ յատկապէս ծանր է բնակարանների հարցը, որոնց գները բռնի տեղահանութեան հէնց առաջին օրերից կրկնապատկուել էին:

Փետրուարի 27-ին փոխուարչապետ Տիգրան Խաչատրեանը յայտնել է, որ ապրիլ ամսից 40+10 աջակցութիւնից կօգտուէն միայն անչափահաս երեխաները, իսկ կենսաթոշակառուները, հաշմանդամութիւն ունեցողները լրավճար կը ստանան 20.000 դրամի չափով:

Նա նաեւ մանրամասներ է յայտնել ԼՂ-ից բռնի տեղահանուած անձանց համար ՀՀ կառավարութեան կողմից մշակուող բնակարանային ապահովման աջակցութեան ծրագրի մասին: Ըստ այդմ՝ միջոցառումը նախատեսւում է իրականացնել փուլերով՝ իւրաքանչիւր չափահաս անձի համար նախատեսելով շուրջ 3 մլն դրամ։ Անչափահասների մասով տրուող աջակցութեան չափը կը լինի անուէրադարձ, չափահասներինը՝ վերադարձելի, բայց ոչ աջակցութեան առաջին օրից սկսած։ Կառուցուող կամ ձեռք բերուող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու եւ ֆինանսական որոշակի պարտաւորութիւններ կատարելու դէպքում այն կը դառնայ տուեալ ընտանիքի սեփականութիւնը։

Կառաւարութեան հաշուարկներով՝ ծրագիրը թոյլ կը տայ բոլորին բնակարանով ապահովել 5 տարուայ ընթացքում: Խաչատրեանը նշել է, որ առաջնահերթութիւնը տալու են 3 եւ աւելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Ծրագիրը մեծ դժգոհութիւն է առաջացրել արցախցիների շրջանում, քանի որ նրանք համոզուած են, որ դրանով բնակարանային հարցը չի լուծուի, եւ շատերը կարտագաղթէն։

ՀՀ կառավարութեան կողմից մշակուող Արցախից բռնի տեղահանուած հայրենակիցների աջակցութեան ծրագրերի կապակցութեամբ յայտարարութիւն են տարածել ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնները՝ նշելով, որ փոխուարչապետի միջոցով արցախեան հանրութեանը համար ՀՀ կառավարութեան կողմից նախատեսուող ծրագրերը համարժէք չէն առկայ իրավիճակին:

Արցախի խորհրդարանը նաեւ տեղեկացրել է, որ մինչ այժմ իրականացուած որեւէ ծրագիր չի քննարկուել Արցախի Հանրապետութեան ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որեւէ կառոյցի, այդ թւում՝ ժողովրդի ուղղակի քուեով ընտրուած Ազգային ժողովի հետ, իսկ զանազան միջոցներով իրենց կողմից ներկայացուած առաջարկներն անտեսուել են։

«Յատկապէս անընդունելի է Արցախից տեղահանուած ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցութեամբ դեռեւս քննարկուող ծրագիրը, որը հարցի քաղաքական եւ սոցիալական համակողմանի քննարկման արդիւնքում ակնյայտօրէն չի բաւարարելու բռնի տեղահանուած մեր հայրենակիցների նուազագոյն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը յանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափութեանն ու դժգոհութեանը, որի արդիւնքում կխթանուի արտագաղթը եւ բողոքների ալիքը, կխաթարուի մէզ համար օրախնդիր հաւաքական վերադարձի ակնկալիքը»,—նշել են պատգամաւորները՝ կոչ անելով զերծ մնալ չկշռադատուած ոչ համարժէք քայլերից։

Կառաւարութեան կողմից քննարկուող ծրագրից օգտուելու համար պարտադիր պայման կը լինի ՀՀ քաղաքացիութիւն ունենալը։ Բռնի տեղահանուած արցախցիները չէն կարողանում ընդունել, որ պէտք է ՀՀ քաղաքացիութեան իրենց անձնագրերը փոխարինէն նորերով: Մինչ այժմ ՀՀ քաղաքացիութիւն ընդունած արցախցիների թիւը չի անցնում 1000-ից: Մասնագէտները նշում են, որ կառավարութիւնն իր որոշմամբ Արցախից բռնի տեղահանուածներին զրկել է ՀՀ քաղաքացիութիւնից, եւ այժմ նրանք չգիտէն, թէ մինչեւ հիմա ո՛ր երկրի քաղաքացին էին ու ո՛ր երկրի անձնագրի կրողը:

Բացի վերոնշեալից՝ հարցերի հարցը մնում է արցախցիների անորոշ ապագան ու Արցախի հարցի ներկայ հանգրուանը: Պետական մակարդակով ամէն ինչ արւում է Արցախի հարցը «թաղելու», նոյնիսկ անունը մոռացութեան տալու համար:

2024 թ. յունուարի 18-ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը յայտարարել է Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցութեամբ Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ հիմնարար այլ իրաւունքների պաշտպանութեան նպատակով յանձնախմբի ձեւաւորման մասին:

Նա համակարգելու է այդ աշխատանքները։ Օսկանեանը նշել է, որ յանձնախմբի գլխաւոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիւ ապրելու իրաւունքի պաշտպանութիւնը եւ հետապնդումը։

«Այսօր, առաւել, քան երբեւէ, պատեհ առիթը կայ, որ հայկական կողմը Ադրբեջանի յարատեւ եւ անհաւանական պահանջների դիմաց բանակցութիւնների սեղանին դնի միջազգային երաշխիքներով արցախահայութեան հաւաքական հայրենադարձութեան հարցը։

Այս պահանջի միջազգային-իրաւական բոլոր հիմքերը կան։ Աւելին, երբ հայ ժողովրդի մի հատուածը տեղահանուած է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջեւ իրական խաղաղութեան հաստատմանը»,- համոզմունք է յայտնել Օսկանեանը։

«Դրօշակ» թիւ 3, 2024թ.

Share