ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը սահմանազատման եւ սահմանագծման հարցով.
Սահմանազատումը եւ սահմանագծումը իրար յաջորդող միջազգային գործընթացներ են եւ պէտք է համապատասխանեն միջազգային լաւագոյն պրակտիկային:
Այն է.
– Հիմնարար սկզբունք է, ըստ որի, առոչինչ է ուժի կամ սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերուած որեւէ համաձայնութիւն:
Առաջնային պայման է սահմանակից պետութիւնների միջեւ երկկողմ բնականոն, այդ թւում՝ դիւանագիտական յարաբերութիւնների առկայութիւնը:
Այս գործընթացներն իրականացնելու համար ձեւաւորւում է երկկողմ միջկառավարական յանձնաժողով, կայացւում է համաձայնութիւն սահմանազատման իրաւական հիմքերի եւ համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ:
– Կնքւում է երկու պետութիւնների միջեւ սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծուած լինելու հանգամանքը:
Հետեւաբար, սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել աւարտուած որեւէ հատուածական սահմանազատման եւ սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնութիւն:
Ուստի, հատուածական սահմանազատումն ու սահմանագծումը Ատրպէյճանի յօրինածն է եւ հակասում է թէ մեր շահերին, թէ միջազգային լաւագոյն պրակտիկային:
Այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է, ուղղակիօրէն ուժի սպառնալիքի տակ անվերապահօրէն կատարել Ատրպէյճանի կամքը:
Այս եզրայանգումը ամրապնդւում է Ատրպէյճանի այն պահանջով, որ սահմանների յստակեցումն սկսուի հենց Տաւուշի հատուածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է:
Այսպիսի գործընթացի մէջ մտնելով հայկական կողմը փաստացի պատրաստակամութիւն է յայտնում սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել Ատրպէյճանի կողմից ուժի սպառնալիքների կիրառման պայմաններում: Իսկ նման դէպքում, եթէ այդ սպառնալիքները վերածուեն գործի, մեզ այլեւս ոչ ոք եթէ ուզենայ էլ՝ չի կարող օգնել:
Ժամանակն է, որ մեր ժողովուրդը պարզ գիտակցի նման ձեւով հակառակորդին տարածքներ յանձնելու այս իշխանութիւնների վարած քաղաքականութեան ծանր հետեւանքները:
Տաւուշեան այս գործընթացում առաւել ակնյայտ է դրսեւորւում մեզ զիջումներ պարտադրելու այս իշխանութիւնների ձեռագիրը:
Նախ հիմնաւորւում է, որ Ատրպէյճանի տարածքային պահանջները ճիշդ են, դրանով լեգիմիտացւում է Ատրպէյճանի կողմից ցանկացած միջոցներով դրանք վերադարձնելու իրաւունքը՝ ասել է, թէ ապահովւում է Ատրպէյճանի կողմից պատերազմ սկսելու հիմքերը:
Այնուհետեւ, միտումնաւոր անտեսելով տարածքներ չյանձնելու եւ մեր շահերը պաշտպանելու իրաւաքաղաքական հնարաւորութիւնները, արձանագրւում է մեր անկարողութիւնը, ներշնչւում պարտութեան անխուսափելիութեան զգացում եւ պատերազմի անմիջական սպառնալիքի տակ պարտադրւում է որպէս չարեաց փոքրագոյն համակերպուել հերթական միակողմանի զիջումների հետ:
Ինքնակործանման այս շղթան եթէ չկտրուի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումը Արեւմտեան Ատրպէյճանի:
Կործանարար այս շղթան կտրելու պահը հիմա է, տեղը՝ Տաւուշը: