Լեմկինի Ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտն արդէն երրորդ անգամ է կարմիր դրօշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը) յայտարարում՝ հաշւի առնելով Ադրբեջանի սրացող յռետորաբանութիւնն ու պահանջները՝ ուղղւած պաշտօնական Երեւանին, ինչպէս նաեւ վերջին յարձակումները Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի վրայ։
«Նախկինում մենք բազմաթիւ կարմիր դրօշի եւ SOS ահազանգեր ենք տարածել 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացւած եւ հայաթափւած Արցախի Հանրապետութեան համար: Այժմ, ինչպէս եւ ենթադրւում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանութեան վտանգը տարածւել է նաեւ բուն Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի վրայ։ Ադրբեջանը կարծես վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարութիւն»,- նշում են ինստիտուտի փորձագէտները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողութիւն հաստատել ութ գիւղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնւում են «հայկական օկուպացիայի» տակ։
Հայաստանին սպառնացող վտանգը միջազգային հանրութեան անյապաղ եւ համակարգւած ուշադրութեանն է արժանի։ Հրատապ գործողութիւնները հրամայական են՝ թոյլ չտալու համար տարածքային օկուպացիայի եւ ցեղասպանութեան հերթական դէպքը, որը նման է ընդամէնը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին»,- նշւած է ինստիտուտի տարածած հրապարակման մէջ:
168.am–ի հետ զրոյցում ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի նախկին տնօրէն, ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի նախազգուշական յայտարարութեանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրութեան անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղւում է ցեղասպանութիւնների ուսումնասիրութեամբ, եւ նրանց տարածած յայտարարութեանը պէտք է շատ ուշադիր մոտենալ։
«Այս պահին չեմ կարող ասել, թէ կոնկրետ ինչ մեթոդներով են եկել նման եզրակացութեան, բայց այն պէտք է հաշւի առնւի։ Քանի որ Հայաստանը գտնւում է այնպիսի տարածաշրջանում ու ունի երկու այնպիսի հարեւաններ, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են, որ ամէն րոպէ կարող են լինել անսպասելի զարգացումներ, որոնք բխում են այդ երկու երկրների էութիւնից»,- նշեց Ռուբէն Սաֆրաստեանը։
Թուրքագէտ ակադեմիկոսի կարծիքով՝ մասնագէտները Լեմկինի ինստիտուտի յայտարարութիւնը պէտք է հաշւի առնեն, գնահատեն եւ աչալուրջ լինեն։
«Հիմա տպաւորութիւն է, որ կարծես թէ վտանգ չկայ, բայց այդ վտանգն ամէն րոպէ կարող է շատ արագ հասունանալ, ու պէտք է պատրաստ լինել։ Ակնյայտ է, որ Ադրբեջանն այնպիսի քաղաքականութիւն է վարում, որի նպատակն է՝ Հայաստանի վրայ գործադրել ճնշում։ Եւ նման ճնշում գործադրելով՝ նրանք ամէն րոպէ կարող են կիրառել նաեւ զինւած պրովոկացիաների քաղաքականութիւն։ Այն, որ Ադրբեջանը կարող է նաեւ լայնածաւալ պատերազմ սանձազերծել, սա էլ պէտք է հաշւի առնել։ Ներկայ պահին Ադրբեջանն այդ ծրագիրը չունի, բայց ամէն դէպքում կարող է եւ ունենալ ու իրականացնել։ Այստեղ պէտք է Թուրքիայի դերը մենք չմոռանանք, որովհետեւ Ադրբեջանի քաղաքականութիւնը մեծապէս կախւած է Թուրքիայից։ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայից պէտք է «դաբրօ» ստանայ լայնածաւալ գործողութիւններ իրականացնելու համար, այլեւ համոզւած է, որ դա կը լինի թուրքական ծրագրի հիման վրայ Այնպէս որ, մեր տարածաշրջանում իրականութիւնը սա է»,- շեշտեց ակադեմիկոս Ռ. Սաֆրաստեանը։
Ռուբէն Սաֆրաստեանը նաեւ անդրադարձաւ նախօրէին Բրիւսէլում Հայաստան-ԵՄ-Միացեալ Նահանգներ եռակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ, ինչպէս նախապէս յայտարարւել էր, հանդիպումը Հայաստանին տնտեսական աջակցութիւն տրամադրելու շուրջ է լինելու։
«Հայաստանն իսկապէս գտնւում է այնպիսի վիճակում, որ տնտեսական օգնութիւնը կարեւոր է։ Մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանի վիճակը, նման օգնութիւն սպասել իմաստ չունի, դրա համար Արեւմուտքը եթէ դա տայ՝ միայն օգուտ կը լինի։ Իսկ ինչ է ասում Ալիեւը՝ արդէն երկրորդական է, քանի որ նա ամէն ինչ էլ կարող է ասել»,- եզրափակեց Ռուբէն Սաֆրաստեանը։