Հայաստանում պատասխանատուութեան գօտին «երկկողմանի կարգաւորուած» պետական ​​սահմաններում է. ՀԱՊԿ

Հայաստանում պատասխանատուութեան գօտին «երկկողմանի կարգաւորուած» պետական ​​սահմաններում է. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատուութեան ոլորտն է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգաւորուած պետական սահմաններում։ Այդ մասին РБК կայքին յայտնել են ՀԱՊԿ-ից։

Այդպէս կառոյցն արձագանքել է Հայաստանում պատասխանատուութեան գօտին ճշտելու մասին պաշտօնական Երեւանի պահանջին։

«Պատասխանատուութեան գոտու մասին ձեւակերպումը բաւականին բարդ է, եւ այն աւելի շատ նպատակ ունի հանրապետութիւնում ուշադրութիւն հրաւիրել տիրող իրավիճակի վրայ, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թուականի փոխգործակցութեան սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրուել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատուութեան տարածքն անդամ երկրների ինքնիշխան տարածքն է», — նշել է ՀԱՊԿ-ը:

Յիշատակուած փաստաթուղթը 2010 թուականին Մոսկուայում կնքուած Հաւաքական անվտանգութեան համակարգի ուժերի եւ միջոցների կազմաւորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։

ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատուութեան տարածքն աւարտւում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի հիմունքներով կարգաւորւում է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ»:

Մարտի 12-ին ՀՀ կառավարութիւնում հրաւիրուած ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Երեւանը դուրս կը գայ ՀԱՊԿ-ից, եթէ կազմակերպութիւնը չպատասխանի «այն հարցին, թէ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատուութեան ոլորտը Հայաստանում»։

Ըստ Փաշինեանի, կազմակերպութիւնը եւ Ռուսաստանը յստակ դիրքորոշում են յայտնել, առ այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է Մոսկուայի եւ կազմակերպութեան համար։

«Սակայն, 2021 թուականի մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծը հատուել է, եւ ՀԱՊԿ-ը չի արել այն քայլերը, որոնք նշուած են կանոնադրութեամբ»,- ասել է ՀՀ վարչապետը, նշելով, որ դրանից յետոյ եղել են Ադրբեջանի ներխուժումները 2021 թուականի նոյեմբերին եւ 2022 թուականի սեպտեմբերին:

Ըստ Փաշինեանի, եթէ ՀԱՊԿ-ը պատասխանի այս հարցերին, եւ դա համապատասխանի Երեւանի պատկերացումներին, ապա Հայաստանի եւ կառոյցի միջեւ առկայ խնդիրները կը լուծուէն։

«Հակառակ դէպքում Հայաստանի Հանրապետութիւնը դուրս կը գայ ՀԱՊԿ-ից. Երբ, չեմ կարող ասել»,- նշել է Փաշինեանը:

РБК-ն նշում է, թէ «խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը որոշուած չէ: Դրա սահմանազատումն ու սահմանագծումը խաղաղութեան պայմանագրի մի մասն են, որի վրայ ներկայումս աշխատում են Երեւանը եւ Բաքուն»:

РБК-ի փոխանցմամբ, Փաշինեանը յայտարարել է, որ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը գործնական փուլ է մտնում 2024 թուականի մարտի ամսին:

«Ըստ ՀՀ վարչապետի, յատուկ յանձնաժողովները պէտք է որոշեն, թէ որտեղից է սկսւում Հայաստանի Հանրապետութիւնը, եւ դա պէտք է դառնայ պետական սահման»,- ասւում է РБК-ի հաղորդագրութիւնում։

azatutyun.am

Share