Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, յայտարարել է, որ իր «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը չի կարողացել հասնել ցանկալի արդիւնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը 20 տարուայ մէջ առաջին անգամ յաղթել է իշխող կուսակցութեանը։
«Ցաւօք, մենք չկարողացանք հասնել այն արդիւնքին, որը ցանկանում էինք եւ որի յոյսն ունէինք քաղաքային ընտրութիւններում», — ասել է Էրդողանն Անկարայում իր կողմնակիցներին:
Թուրքիայի նախագահը կարծիք է յայտնել, որ ժողովուրդը ընտրութեան միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը քաղաքական գործիչներին, եւ անկախ քուէարկութեան արդիւնքներից՝ յաղթող է դարձել թուրքական ժողովրդավարութիւնը։ Նա նշել է, որ ընտրութիւններն աւարտուել են առանց լուրջ միջադէպերի։ Էրդողանի խօսքով՝ դրանք «ոչ թէ վերջն էին, այլ շրջադարձի սկիզբը»։
Երկրի ղեկավարը խոստացել է, որ առաջիկայ 4-5 տարիներին իր կուսակցութիւնը կենտրոնանալու է երկրի հրատապ խնդիրների վրայ։
Քուեաթերթիկների 93%-ի հաշուարկից յետոյ Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը քաղաքային ընտրութիւններում ստացել է ձայների 37,4%-ը, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը՝ 35,7%: Ընտրութիւնների արդիւնքներից յետոյ երեք խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի եւ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը կը պահպանեն իրենց պաշտօնները։