Ռուբէն Վարդանեանը մի փոքրիկ, քարտէզից դուրս գտնուող տարածաշրջանի աշխարհահռչակ խօսնակն էր. Rain TV

Ռուբէն Վարդանեանը մի փոքրիկ, քարտէզից դուրս գտնուող տարածաշրջանի աշխարհահռչակ խօսնակն էր. Rain TV

Rain հեռուստաընկերութեան լրագրող Ալեքսանդր Աթասունցեւը Telegram-ի «Reporter» ալիքում անդրադարձել է ադրբեջանական հեռուստաընկերութեան յայտարարած Բաքւում ապօրինաբար կալանաւորուած Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ «հարցազրոյցին»։

Լրագրողը գրում է. «Բոլոր բերման ենթարկուածներից ամենաշատն աչքի է ընկնում Ռուբէն Վարդանեանը, եւ ոչ այն պատճառով, որ նա աշխարհահռչակ միլիարդատէր է եւ բարերար, այլ քանի որ Վարդանեանը «պարտուած անջատողական» չէր, նա Լեռնային Ղարաբաղ տեղափոխուեց 2022 թուականին, երբ Հայաստանն արդէն պարտուել էր պատերազմում, իսկ տարածաշրջանն ըստ էութեան դատապարտուած էր։

Նա չի կռուել Ադրբեջանի դէմ, չի կայացրել «անջատողական» որոշումներ։ Մի կողմից կանխատեսելի էր նրա ձերբակալութիւնը, քանի որ Բաքւում մի քանի անգամ նրա նկատմամբ դրսեւորել են անձնական թշնամանքը, միւս կողմից՝ հարց էր ծագում, թէ ինչու։

Ադրբեջանը, օրինակ, կալանաւորել է Վարդանեանին, սակայն թոյլ է տուել ԼՂՀ-ից հեռանալ  պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուել Բաբայանին, որը Բաքուի հետ զինադադար է կնքել չճանաչուած հանրապետութեան անունից։ Այսինքն, ըստ էութեան, նա ստորագրել է ղարաբաղեան առաջին պատերազմում Ադրբեջանի կապիտուլեացիան։ Թւում է, թէ սա ամենատրամաբանական բանն է հէնց նրա հետ հաշիւներ մաքրել, բայց ոչ:

Պետական նախարար լինելու կարճ ժամանակահատուածում Վարդանեանը գործնականում ոչինչ չհասցրեց անել։ Իր բոլոր հարցազրոյցներում ու յայտարարութիւններում նա նրբանկատ էր, ռազմատենչ, ռեւանշիզմի գաղափարներ չէր քարոզում, Ղարաբաղի մասին աւելի շատ խօսում էր նրա հայ բնակչութեանն ու ժառանգութիւնը պաշտպանելու անհրաժեշտութեան տեսանկիւնից։

Ես վերջին անգամ Ստեփանակերտ եմ այցելել, երբ Վարդանեանը նոր էր նշանակուել այդ պաշտօնին։

Դա Լաչինի միջանցքի փակումից ու շրջափակումից ընդամէնը մի քանի շաբաթ առաջ էր. այդ ժամանակից ի վեր դրսից լրագրողներ չէն կարողացել Ղարաբաղ մուտք գործել: Ղարաբաղցիները միշտ էլ, ընդհանուր առմամբ, անվստահութիւն են ունեցել եկուորների նկատմամբ, իսկ պատերազմում պարտուելուց յետոյ՝ նրանք աւելի էին ներպարփակուել եւ յայտնուել էին մռայլ կանխազգացման մէջ։

Վերջին 40 տարիները նրանց սովորեցրել էին, որ դրսից եկած մարդիկ լաւագոյն դէպքում ժամանակաւոր են լինելու, իսկ վատագոյն դէպքում՝ իրենց կլքէն ամենաանպատեհ պահին, ինչպէս խորհրդային ներքին զօրքերը, ինչպէս ռուս խաղաղապահները։ Վարդանեանի գալուն Ղարաբաղում փիլիսոփաեօրէն են նայել. «Աւելի վատ արդէն չի կարող լինել, բայց յանկարծ նա կարող է յաջողութեան հասնել»։ Եւ նման պայմաններում, որպէս պետնախարար, նրանից ոչինչ չէին ակնկալում, սակայն Վարդանեանն այլ տեղում բեկում մտցրեց։ Հաւանաբար, ԼՂՀ գոյութեան ամբողջ ընթացքում երբեք չի եղել որեւէ ղարաբաղցի քաղաքական գործիչ՝ լինի նախագահ կամ հրամանատար, որին համաշխարհային մամուլն այդքան յաճախ մէջբերած լինի, որքան Վարդանեանին։ Նա մի փոքրիկ, քարտէզից դուրս յայտնուած տարածաշրջանի աշխարհահռչակ խօսնակն էր: Ըստ երեւոյթին, հէնց սա էլ կանխորոշեց նրա տեղը Բաքուի «սեւ ցուցակում»»։

Share