Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնօրէն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրայ, որպէսզի վերջինս անյապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու եւ արցախահայութեան անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքն ուժով պաշտպանելու ուղղութեամբ։
Մարտի 21-ին Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեանը, զոյգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայութիւնների եւ յատկացումների յանձնաժողովների նախագահներին հասցէագրուած նամակով՝ Համբարեանը խիստ յանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանութիւնը կանխելու եւ բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատուութեան ենթարկելու գործում։ Համբարեանը նկատել է՝ վարչակազմը շարունակապէս հրաժարւում է ականջալուր լինել տասնեակ օրէնսդիրների կոչերին, բարձրաձայնուած մի շարք նամակներում եւ բանաձեւերում, որտեղ կոչ է արւում անյապաղ արձագանքել անցեալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետեւանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկուեցին սննդի, վառելիքի, դեղորայքի եւ մարդասիրական ապրանքների հասանելիութիւնից: Համբարեանը յայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացաւ կաշկանդել Ադրբեջանին, այլեւ բազմիցս խթանել եւ քաջալերել է Բաքուի ագրեսիան»։
Նամակում, մասնաւորապէս, ընդգծւում են Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկուած այն քայլերը, որոնց արդիւնքում Ադրբեջանը պատասխանատուութեան չի ենթարկուել․
• Ադրբեջանին ռազմական օգնութեան վերահաստատումը՝ չնայած «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածը կիրառելու նախընտրական խոստմանը, նոյնիսկ 2021թ․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից եւ 2023թ․ Արցախի շրջափակումից յետոյ:
• Ադրբեջանի կողմից Արցախի 10-ամսեայ պաշարումը հումանիտար ճգնաժամ չյայտարարելը, Բաքուի կողմից սովի, որպէս բանակցային գործիք օգտագործումը, լեգիտիմացնելը:
• Կովկասի բանակցութիւնների գծով յատուկ խորհրդական Լուի Բոնոյի հրապարակային յայտարարութեան մէջ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար պատժամիջոցների կիրառման բացառումը, ինչը թուլացնում է Բաքուի նկատմամբ ամերիկեան լծակները:
• Արցախի վրայ ռազմական յարձակումից յետոյ Ադրբեջանին որոշակի հետեւանքներ պարտադրելուց հրաժարումը՝ չնայած Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի լսումների ժամանակ նշուել է, որ ԱՄՆ-ը «չի ընդունի էթնիկ զտումների որեւէ փորձի»:
• Ընդամէնը 15 միլիոն դոլարի մարդասիրական օգնութեան յատկացումն Ադրբեջանի գործողութիւնների արդիւնքում իրենց տներից հեռացուած 120․000 փախստականներին, ինչը չի համապատասխանում տեղահանուածների ծանր կարիքներին:
• Ադրբեջանի հետ բարձր մակարդակի յարաբերութիւնների վերսկսումը՝ հաշուետուողականութեան բացակայութեան պայմաններում եւ չնայած պէտքարտուղարի՝ Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի յայտարարութեանը, որ Ադրբեջանի հետ «սովորական գործողութիւններ չէն լինի» Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակումից յետոյ:
• Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնովին անհաւասար եւ անարդար «խաղաղ գործընթացի» լեգիտիմացումը՝ միաժամանակ չպահանջելով ադրբեջանական ուժերի անյապաղ դուրսբերումը հայկական տարածքից կամ արցախահայութեան համար միջազգայնօրէն երաշխաւորուած վերադարձի իրաւունքի իրացումը։
• Թուրքիայի Հանրապետութեանը F-16-ների եւ պաշտպանական այլ տեխնոլոգիաների վաճառքի թոյլտուութիւնը՝ չնայած Թուրքիայի կողմից տարածաշրջանային ապակայունացման փորձերին` սկսած Կիպրոսի օկուպացիայից, Սիրիայում եւ Իրաքում քրդական բնակչութեան վրայ յարձակումներից եւ Արցախի էթնիկ զտումներից մինչեւ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի գործում Ադրբեջանին օժանդակութիւն։
Համբարեանը նաեւ ուշադրութիւն է հրաւիրել նախագահ Բայդենի կողմից արցախահայութեանը լքելու հանգամանքի ազդեցութեանը ընտրական գործընթացի վրայ, ինչը նոյեմբերին կայանալիք դաշնային ընտրութիւններում կը լինի ամերիկահայ միլիոնանոց ընտրական համայնքի աչքի առջեւ եւ ազդեցիկ դեր կխաղայ ընտրութիւններում։ Ամերիկահայերն արդէն արտայայտել են իրենց դժգոհութիւնը Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ցեղասպան վարչակարգին հանդարտեցնելու առնչութեամբ՝ քուէարկելով «չէզոք» առանցքային տատանուող նահանգներում։ Դա են վկայել նաեւ New York Times-ը, Washington Post-ը, Politico-ն եւ USA Today-ը:
Նամակում վերահաստատուել է 7288 բանաձեւի անյապաղ ընդունումն ապահովելու, «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի կասեցման նախագահական լիազօրութիւնները չեղարկելու եւ Ադրբեջանին ռազմական օգնութիւն ցուցաբերելու կանոնադրական արգելքները մշտապէս կիրառելու անհրաժեշտութիւնը եւ այլն։
«Այս վարչակազմի կողմից Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ադրբեջանին զգալի պատասխանատուութիւն չպարտադրելը միայն խթանում է յետագայ ագրեսիան։ Քանի որ Ալիեւի վարչակարգը հրապարակայնօրէն մերժում է Վաշինգտօնի միջնորդական ջանքերը եւ դուրս գալիս խաղաղութեան բազմակողմ բանակցութիւններից, ակնյայտ է, որ Բաքուն կարծում է, որ պատերազմով աւելին կարելի է շահել, քան խաղաղութեամբ», – գրել է Համբարեանը։
Կոնգրեսի առաջնորդներին կոչ անելով հրապարակայնօրէն ճնշել վարչակազմին, որպէսզի վերջինս շօշափելի գործողութիւններ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու համար, Համբարեանը միաժամանակ նաեւ ընդգծում է անօրինական կերպով կալանաւորուած հայ ռազմագերիների եւ Արցախի քաղաքական առաջնորդների անյապաղ եւ անուէրապահ ազատ արձակումն ապահովելու անհրաժեշտութիւնը, ապահովելու Արցախի բնիկ հայերի վերադարձը՝ ներառեալ նրանց անյատական եւ հաւաքական սեփականութեան իրաւունքների պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ կրօնական ու մշակութային ժառանգութեան օբյեկտների լիակատար պաշտպանութիւնը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
22.03.2024