Ադրբեջանն իրաւունք չունի հարցազրոյց անել Բաքւում պատանդի կարգավիճակում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ. Արտակ Բեգլարեան

Ադրբեջանն իրաւունք չունի հարցազրոյց անել Բաքւում պատանդի կարգավիճակում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ. Արտակ Բեգլարեան

Պետք է բարձրացնել Ադրբեջանի ապօրինի գործողութիւնների գինը, հարցազրոյցի նպատակը քարոզչական բնոյթի յայտարարութիւններ կորզելն է. Արտակ Բեգլարեան

Ադրբեջանն իրաւունք չունի հարցազրոյց անել Բաքւում պատանդի կարգավիճակում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը՝ մեկնաբանելով պատանդառութեան մէջ գտնուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրոյցն ադրբեջանական լրատուամիջոցին եւ դրա վերաբերեալ հայկական կողմի անելիքները։

Նրա բնորոշմամբ, Ադրբեջանի ցեղասպան ու բռնապետական ռեժիմից այլ բան չէին էլ սպասում, քանի որ այդ երկիրը երբեք իրաւունքով չի շարժուել։

«Իհարկէ, սպասելի էր, որ վաղ թէ ուշ Ադրբեջանը ստիպելու է մեր պատանդներին հարցազրոյց տալ, որի նպատակը որոշ քարոզչական բնոյթի յայտարարութիւնների կորզումն է, որպէսզի այդ յայտարարութիւններն օգտագործեն եւ՛ ադրբեջանական հասարակութեան մէջ, եւ՛ ճնշում գործադրէն հոգեբանօրէն մէզ վրայ, նաեւ միջազգային հանրութեանը հերթական մոլորեցնող ու մանիպուլացնող գործողութիւններ կատարեն»,- նշեց Արտակ Բեգլարեանը։

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի մարդու իրաւունքները ոտնահարող այս գործողութիւնները կանխող գործիքակազմեր կան, սակայն դրանք քաղաքական են, դրանք ճնշման գործիքակազմերն են։ Նախ, ոչ գործընկեր պետութիւնների միջոցով պէտք է Ադրբեջանի վրայ ճնշում գործադրուի, որպէսզի նման բան չանէն։ Դիւանագիտական խողովակներով պէտք է հասնել նրան, որ գործընկեր պետութիւնների ներկայացուցիչները դատապարտէն Ադրբեջանի քայլերը։

«Այսինքն՝ խոշոր առումով պէտք է բարձրացնել Ադրբեջանի ապօրինի գործողութիւնների գինը եւ ընկալման տեսանկիւնից, այսինքն՝ ռեպուտացիոն եւ գործնական տեսանկիւնից։

Միւս անելիքներն իրաւական մեխանիզմներն են, որ Հայաստանի Հանրապետութիւնը միանշանակօրէն կարող է դիմել Եւրոպական դատարան, ՄԱԿ-ի արդարադատութեան միջազգային դատարան, եւ քննուող հայցերի շրջանակներում, որպէս միջանկեալ միջոց, նշի, որ՝ տեսեք, Ադրբեջանը չի կատարում իրաւական ակտէրը։

Միւս միջոցն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցութիւններում Հայաստանը կոշտ պայմաններ դնի՝ յայտարարելով, որ եթէ Բաքուն այդպէս է վարւում պատանդի ու գերու կարգավիճակում գտնուող հայերի հետ, ապա մենք այլեւս չենք պատրաստւում քննարկել այս-այս հարցերը։ Այսինքն՝ սա շատ պարզ դիւանագիտութիւն է, եւ պէտք է կիրառել բոլոր հնարաւոր գործիքակազմերը՝ ճնշում գործադրելու համար»,- յաւելեց Արտակ Բեգլարեանը։

Յիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դէմ սկսած պատերազմից յետոյ խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեւարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեւարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին եւ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դաւիթ Մանուկեանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դաւիթ Բաբայանը յայտարարութիւն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննութեան համար։

Share