Արցախահայերի համար Հայաստան եկած գումարներով Փաշինեանն այլ խնդիրներ է լուծում. «Ժողովուրդ»

Արցախահայերի համար Հայաստան եկած գումարներով Փաշինեանն այլ խնդիրներ է լուծում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յստակ որոշում ունի՝ բռնի տեղահանուած արցախցիներին փոխանցուած միջազգային գումարների հետ կապուած։

Յիշեցնենք, որ 2023 թուականին նախատեսուած էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բիւջէի քննարկման ժամանակ յայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրեանը։ Եթէ այս թւին՝ 144 մլդ դրամին, գումարէնք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրուած 2 միլոն դոլարը, որը համարժէք է 820 մլն դրամի, աւելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրուած 11 մլն դոլարը, որը համարժէք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եւրայանձնաժողովի կողմից փոխանցուած 10.4 մլն եւրոյին համարժէք 4 մլդ 506 մլն դրամը, Լատուիայի կողմից յատկացուած 350 հազար եւրոյին համարժէք 151 մլն դրամը, Շուեյցարիայի կողմից տրամադրուած 1,5 մլն ֆրանկին համարժէք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրուած 2,5 մլն դոլարին համարժէք 1 մլդ 25 մլն դրամը, կստացուի 155 մլդ 893 մլն դրամ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինեանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չէն առանձնացուելու արցախցիները, իսկ գումարները ծախսուելու են ոչ թէ հէնց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։

Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինեանը փորձում է արտասահմանից՝ տեղահանուած արցախահայերի կարիքների համար եկած գումարներով բարելաւել Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակը եւ վերագրել իրեն այդ գործողութիւնները։ Այս քայլը յետագայում կօգնի նրան գլուխ գովել նախընտրական քարոզարշաւներում՝ այդ ամէնը վերագրելով իրեն։

Յիշեցնենք, որ նախագիծ է շրջանառւում, ըստ որի՝ իւրաքանչիւր տեղահանուածի պլանաւորում են փոխանցել 3 մլն ՀՀ դրամ, որպէսզի բնակարան գնէն: Պարզ է, որ նրանք այդ գումարներով միայն հեռաւոր սահմանամերձ բնակավայրերում կը կարողանան տուն գնել, քանի որ պահանջարկ չկայ այդ հատուածներում»:

Share