Հնդկաստանը դէպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակութեան արտահանումների համար

Հնդկաստանը դէպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակութեան արտահանումների համար

Հնդկաստանը դէպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակութեան արտահանումների համար: Այս մասին գրել է պաշտպանական ոլորտը լուսաբանող հնդկական հարթակներից մէկը՝ IADN-ը, ու յաւելել՝ երկու խոշոր ընկերութիւն համատեղ աշխատանքային խումբ են հիմնել, ինչը կամրապնդի երկրների միջեւ լոգիստիկան։

Ընկերութիւններից մէկը՝ Container Corporation of India-ն, խոշոր բեռնափոխադրող է. միւսը՝ HAL-ը, աւիացիայի ու պաշտպանութեան ոլորտում է մասնագիտացած, երկուսի բաժնեմասէրն էլ պետութեանն են պատկանում։

CONCOR-ը նախօրեին X-ի պաշտօնական էջում շնորհաւորել է համատեղ խմբին դէպի Հայաստան իրականացուած առաջին թռիչքի կապակցութեամբ՝ այն Հնդկաստանի համար նշանակալի քայլ որակելով։ Ռազմավարական նշանակութեան բեռ են տեղափոխել Հայաստան, թէ կոնկրէտ ինչ, մանրամասներ չէն յայտնում։ Երեւանը եւս նման փոխադրումները չի բացայայտում։

Իսկ ի՞նչ է օդային միջանցքը եւ որտեղով է այն անցնում. բառարաններն այսպէս են բացատրում՝ այն երկու վայր միմեանց կապող օդային ուղի է՝ առանձնացուած սահմանափակ գօտի, որը հնարաւորութիւն է տալիս մարդկանց կամ ռազմական բեռները մի տեղից միւսը հասցնել։ Տերմինը յաճախ մարդասիրական օգնութիւններ ուղարկելիս են օգտագործում։

Հրապարակուած լուսանկարում երեւում է՝ թռիչքը ռուսական աւիաընկերութիւններից մէկի բեռնափոխադրող ինքնաթիռով է իրականացուել։ «Հետք»-ը չուերթների առցանց ռադարով գտել է՝ ինքնաթիռը Իրանի օդային տարածքով է հասել Երեւան, վերջին 7 օրերին երկու թռիչք է իրականացուել։

Անցած շաբաթ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը Թեհրանում էր, հանդիպեց եւ՛ իր իրանցի գործընկերոջը, եւ՛ զինուած ուժերի շտաբի պետին, եւ՛ նախագահին: Երեւանն ընդհանրական ձեւակերպումներով հաղորդեց, որ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերել, բայց փակագծեր չբացեց։ Պարզ չէ նաեւ՝ արդեօք Իրանի հետ քննարկուել է ցամաքային փոխադրումների հարցը, ու ինչպէս են Թեհրանում արձագանքել։

«Այստեղ ոչ մի զարմանալու բան չկայ, օրինակ՝ Ադրբեջանի ու Իսրայելի ռազմատեխնիկական գործակցութիւնն ամբողջը հէնց օդային ձեւով է գնում, ես չեմ տեսնում այստեղ ոչ մի նորութիւն, ու լաւ կը լինէր, որ, օրինակ, Հայաստանն էլ ունենար աւիաընկերութիւն, որ ունի մեծ, ասենք, տրանսպորտային ինքնաթիռներ, որ կարող են նաեւ հայկական կոմպանիաները էդ ամէն ինչը անել», — «Ազատութեան» հետ զրոյցում ասաց «Ապրի Արմենիայ» անկախ վերլուծական կենտրոնի ռազմական փորձագէտ Լեոնիդ Ներսիսեանը:

Հնդկաստանը Հայաստանին զէնք վաճառող հիմնական երկրներից է դարձել. վերջին տարիներին հաղորդուել է շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի եւ այլ զէնքերի վաճառքի մասին: Լեոնիդ Ներսիսեանն ընդգծում է՝ այս համագործակցութիւնը կարող է երկար տեւել:

«Հնդկաստանը այսօր արտադրում է արդէն համարեայ ամէն ինչ, էդ իմաստով, դուք կարող եք ընտրել՝ ինչ եք ուզում գնել: Եթէ մենք վերցնենք, օրինակ, հրետանին, որ էլի հնդկական մեդիայում նշւում է, մոդելները՝ MArG 155 ու ATAGS, MArG 155-ը լրիւ, ինձ թւում է, շատ սազական է Հայաստանի բանակին յատկապէս, որովհետեւ ինքը սարերի համար է նախատեսուած՝ հէնց Հիմալայներում գործելու համար, ու դա շատ աւելի ծանր միջավայր է, քան՝ մեր սարերը», — նշեց ռազմական փորձագէտը:

Հայաստանը ռազմավարական ուղղութիւն է,- գրում են հնդկական աղբիւրներն ու շեշտում ՝ այսպիսով ոչ միայն երկու երկրների առեւտրային կապերն են ամպապնդւում, այլեւ տարածաշրջանում Հնդկաստանի ազդեցութիւնն է մեծանում։

Ռուսաստանի հետ յարաբերութիւնների լարուածութեանը զուգահեռ՝ Երեւանը զէնքի ձեռքբերումը դիւերսֆիկացնելու մասին է յայտարարել, հայ պաշտօնեաներն ասում են՝ Հնդկաստանն ու Ֆրանսիան արդէն հիմնական գործընկերներ են դարձել։

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, Ռուսաստանի Դաշնութեան հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, եւ սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիւերսիֆիկացիայ եւ Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ այլ տեղէր՝ Ասիայում, Հնդկաստանում, եւ տարբեր ուղութիւններով», — յայտարարել է Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Աթենքի հետ ռազմական ոլորտում գործակցութիւնը եւս խորացւում է։ Հունաստանի պաշտպանութեան նախարարը Երեւանում չբացառեց Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան հնարաւոր համագործակցութիւնը։

Share